Երեկ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության կարեւորագույն օբյեկտների պահպանության բաժնի նախկին պետ Հայկ Մովսիսյանի դեմ: Քրեական գործը հարուցվել է պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնական կեղծիք կատարելու դեպքի առթիվ: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ այս բացահայտումը կատարվել է նախարարությունում, որից անմիջապես հետո ԱԻ նախարար Արմեն Երիցյանը Հ. Մովսիսյանին աշխատանքից ազատել է, իսկ գործերն էլ ուղարկել ՀՔԾ:
ՀՔԾ-ի տարածած հաղորդագրությունում նշված է, որ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 314-րդ հոդվածով: «Նախաքննությամբ պարզվել է, որ Հայկ Մովսիսյանը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորությունները, իր անմիջական ենթակա, հրշեջ հրահանգիչ Է. Ա.-ի խնդրանքը չմերժելու եւ այդ կերպ նրա հետ ունեցած մտերիմ փոխհարաբերությունները չվատթարացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Վերջինս թույլատրել է, որ Է. Ա.-ն 2012թ. մայիսի 25-ից սեպտեմբերի 28-ը, այնուհետեւ` 2013թ. մայիսի 23-ից հուլիսի 31-ը չներկայանա աշխատանքի: Այնուհետեւ ՓԾ փրկարարական ուժերի վարչության կարեւորագույն օբյեկտների պահպանության բաժնի նախկին պետը պաշտոնական փաստաթուղթ համարվող` աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ տեղեկագրում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել` իբր Է. Ա.-ն հիշյալ ժամանակահատվածում ներկայացել է ծառայության, եւ այն իր ստորագրությամբ հաստատելով` հանձնել է ՀՀ ԱԻՆ ՓԾ ֆինանսատնտեսագիտական վարչություն, որի հիման վրա ստացել է վարձատրություն` պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս: Նախաքննությունը շարունակվում է»,-ներկայացված է հաղորդագրությունում:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԻ նախարար Արմեն Երիցյանից ճշտել մեր ունեցած տեղեկությունն այն մասին, որ կատարված օրինախախտումը բացահայտվել է նախարարությունում: «Պարզել ենք, որ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության կարեւորագույն օբյեկտների պահպանության բաժնի պետը թույլ է տվել, որ աշխատանքի չգան, բայց գրել է ու այդ գումարները ստացել է: Ինֆորմացիան ստացել եմ, նյութերը վերցրել ենք եւ ուղարկել ՀՔԾ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ԱԻ նախարարը:
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է, ՈՒՂԱՐԿԵԼ ՀՔԾ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ