ՄԻԵՎՆՈՒՅՆ Է` ԿԱԶԱՏՎԻ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ՀԱԿ ակտիվիստների գործով երեկվա դատական նիստից հետո Տիգրան Առաքելյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանն ասել է, որ համաներումից պաշտոնապես հրաժարվելու մասին իր հայտարարությամբ Տ. Առաքելյանը եւս մեկ անգամ ասում է, որ ինքը ցանկանում է լիարժեք օգտվել իր դատավարական իրավունքներից եւ հասնել արդարացման ակտի կայացման: «Եթե երկու օր հետո դատարանը հեռանա որոշում կայացնելու, վստահաբար կարող ենք ասել, որ Տիգրան Առաքելյանն ազատության մեջ կլինի: Համաներման կիրառումը համաներվողի կամքից, ցանկությունից կախված չէ»,-ասել է Շուշանյանը:
ԵՐՐՈՐԴՆ ԷԼ ԿԱ
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ընդունած նոր որոշումը, ըստ որի՝ հոկտեմբերի 1-ից երկու առարկայից լուծարք ունեցողները հեռացվելու են համալսարանից, մտահոգել է ուսանողներին: ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարում բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Անուշիկ Մկրտչյանը «Ա1+»-ին ասել է, թե նախկին կարգն ավելի հարմար էր եւ ուսանողի շահերից էր բխում. «Նոր որոշումը թե՛ աղջիկների, թե՛ տղաների համար շատ վատ որոշում է։ Հատկապես բանակային տարիքի տղաների համար, որոնք հեռացումից հետո միանգամից բանակ կգնան»: ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը, սակայն, լրատվամիջոցին հայտնել է, թե այս նոր որոշումը թույլ է տալիս եւս մեկ լուծարք հանձնել մեկ առարկայից։
ԳՈՒՑԵ ՉԵ՞Ն ՍՐԲՈՒՄ
Երեկ՝ քաղաքապետարանում նախատոնական արտահերթ ավագանու նիստից առաջ, ավագանու «Բարեւ, Երեւա՛ն» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը «Առաջին լրատվական»-ին ասել է, թե դեռ պատգամավոր եղած տարիներից սկսած՝ պայքարել է, որ ԱԺ-ի զուգարաններում զուգարանի թուղթ լինի, արդյունքում հիմա ԱԺ-ում զուգարանի թուղթ միշտ կա: Քաղաքապետարան գալու իր օրվանից բարձրաձայնել է այս խնդիրը նաեւ այստեղ, բայց մինչ օրս Երեւանի քաղաքապետարանում զուգարանի թուղթ չկա:
ՎԻԶԱՅԻ ՀԱՐՑԸ ՀԵՇՏԱՑԱՎ
Այսուհետ կարճ ժամանակով ԵՄ երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիները կբախվեն նվազագույն խոչընդոտների, քանի որ Եվրախորհրդարանը հավանություն է տվել Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ վիզային ռեժիմի պարզեցման եւ հետընդունման մասին համաձայնագրերին: Վիզային ռեժիմի պարզեցումը վերաբերում է 180 օրվա ընթացքում 90 օրվանից ոչ ավելի ժամկետով վիզաների տրամադրմանը: Ինչ վերաբերում է հետընդունման համաձայնագրին, ապա այն կկարգավորի ԵՄ-ի եւ Հայաստանի տարածքում առանց թույլտվության բնակվող անձանց վերադարձնելու եւ հետընդունման ընթացակարգերը: Համաձայնագրերը ուժի մեջ կմտնեն երկրորդ ամսվա առաջին օրը այն բանից հետո, երբ վերջին կողմը վավերացնի դրանք եւ իրազեկի մյուս կողմին: