ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ ՁԵՌԱԳՐՈՎ
Ամեն օր ստացվող տեղեկություններն ու դրանց հիման վրա իրականացվող վերլուծությունները ցույց են տալիս, որ հոկտեմբերի 2-ին ԵԽԽՎ նստաշրջանում Սերժ Սարգսյանին ուղղած Զարուհի Փոստանջյանի հայտնի հարցադրումը եղել է ՀՀԿ-ի ձեռագիրը, որն իրագործվել է Դավիթ Հարությունյանի միջոցով:  Թե ինչ պատճառով, դժվար է միանշանակ ասել, բայց որ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարի ցուցումով հայկական պատվիրակության ընդդիմադիր մեկ այլ անդամի` Լեւոն Զուրաբյանի հարցը տապալվել է, դա փաստ է:
Բանն այն է, որ ԵԽԽՎ-ում հարց տալու հաջորդականությունը որոշվում է երեք գործոնով` տվյալ պատգամավորի խմբակցության մեծությամբ, հերթագրման հաջորդականությամբ եւ աշխարհագրական գործոնով: Եվ ահա Դ. Հարությունյանի հանձնարարությամբ Արփինե Հովհաննիսյանն իր ձայնի իրավունքը զիջել է Զ. Փոստանջյանին, որը, լինելով ԵԽԽՎ ամենամեծ խմբակցության` ԵԺԿ անդամ, առաջինն է հնչեցրել իր հարցը: Իսկ քանի որ ե՛ւ Զ. Փոստանջյանը, ե՛ւ Լ. Զուրաբյանը ներկայացնում են Հայաստանի պատվիրակությունը, ինքնաբերաբար Զուրաբյանի հարցի իրավունքը «ետ է ընկել», ու նա հայտնվել է 17-րդ տեղում (Ս. Սարգսյանին հարց են հղել հերթագրվածներից 15-ը): Միայն թե, Ս. Սարգսյանի խոսքով ասած, «խիարը թարս է բուսնել», ու իշխանություններն ընկել են իրենց իսկ փորած փոսը. ըստ ԵԽԽՎ պատվիրակների՝ Փոստանջյանը ոգեւորվել է ԵԽԽՎ շենքի մոտ Ս. Սարգսյանի դեմ բողոքի ակցիա անողների գործողություններից, նույնիսկ մի պահ կորցրել է ինքնավերահսկումն ու Ս. Սարգսյանին հարցրել է ոչ թե Մաքսային միությանը ՀՀ անդամակցության մասին, ինչպես նախապես պայմանավորված է եղել Դ. Հարությունյանի հետ, այլ խաղատանը 70 մլն եվրո տանուլ տալու թեմայով: Ավելին, «Ժողովուրդ»-ի աղբյուրները պնդում են, որ Փոստանջյանը հարցը հնչեցնելուց հետո շրջվել է հայկական պատվիրակության անդամների կողմը ու հարցրել. «Մաքսայինի մասին ասացի, չէ՞»: Պատվիրակները տարակուսել են:

ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ՊԱՀԵԼԸ ԿԱՐԵՎՈՐ Է
Սերժ Սարգսյանն այս տարվա օգոստոսին՝ ՀՀ ԿԳՆ-ում հանդիպման ժամանակ, հայտարարել էր հունվարի 1-ից աշխատավարձերի բարձրացման մասին, այնինչ վարչապետ Տիգրան Սարգսյանը հաջորդ տարվա բյուջեի նախագծի հաստատման ժամանակ ասաց, որ ՀՀ-ում աշխատավարձերի բարձրացում կլինի հուլիսի 1-ից: «Ժողովուրդ»-ն ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին խնդրեց մեկնաբանել այդ հակասությունը: «Ես նման թեմաների մեջ չեմ ցանկանում մտնել: Բայց կարող եմ ասել հետեւյալը` ով ինչ խոսք է տալիս, թող անի»,-ասաց նա: Իսկ մեր հարցին, թե արդյոք այս ամենը ՀՀԿ-ում եւ իշխանության մեջ տարբեր թեւերի պայքարի մասին չի խոսում, նա նշեց. «Ես այդ ամենը համարում եմ խոսակցություններ: Եթե քո մեջ նման մտածողության ձեւ ունես, ինչ ուզես, կգտնես: Իմ մեջ նման մտածողություն չկա»:




Լրահոս