Ճիշտ «սերնդփոխություն» ՊՆ-ում. կփոխի՞ պաշտոնի բարձրացումը նորանշանակ զինվորականներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի կողմից երեկ ստորագրված մի շարք հրամանագրեր հույս են ներշնչում, որ իսկապես բանակում սկսված փոփոխությունները կարող են դրական ելք ապահովել:

Երբ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, հիասթափությունը մեծ էր ինչպես բանակի ներսում, այնպես էլ քաղաքացիական կյանքում, քանի որ հանուն արդարության պետք է նշել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական բանակի հրամանատար աշխատած տարիներից Մովսես Հակոբյանը այնքան էլ դրական իմիջ չուներ: Բազում արարքների մեջ մեղադրվեց: Ու Ալիկ Միրզաբեկյանին պաշտոնանկ անելուց հետո նրան Մովսես Հակոբյանով փոխարինելը ամենեւին դրական գնահատականի չարժանացավ: «Ում էր պետք այս նշանակումը, եթե ոչինչ չէր փոխվելու, ինչ տարբերություն Միրզաբեկյանի ու Հակոբյանի միջեւ»- ահա, այսպիսի արձագանք ստացավ այդ նշանակումը:

Սակայն երեկվա նշանակումները նույնիսկ բանակում որակվեցին որպես «ճիշտ սերնդափոխություն», քանի որ բարձրաստիճան զինվորականներ դարձան մի շարք կորպուսների հրամանատարներ, որոնք իրականում բանակի դժվարություններն իրենց ուսերի վրա կրելով՝ կարողացել են չվարկաբեկվել, չանվանարկվել:

Տեղեկացնենք, որ երեկ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը նշանակվեց Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար` ազատվելով ՀՀ ՊՆ չորրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։
ՀՀ ՊՆ երրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատվեց նաեւ գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը՝ նշանակվելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: Այսինքն՝ զբաղեցրեց Մովսես Հակոբյանի նախկին պաշտոնը:

Դրական կարելի է համարել նաեւ գեներալ-մայոր Պողոս Պողոսյանի նշանակումը: Նա, ազատվելով ՀՀ ՊՆ երկրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից, նշանակվեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետ: Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից մայիսի 20-ին ազատված Մելսիկ Չիլինգարյանը նախ կալանավորվեց՝ չարաշահումների մեղադրանքով, ապա առողջական խնդիրների պատճառով նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվեց ստորագրությամբ՝ քաղաքից չբացակայելու մասին:

Հավելենք, որ բանակային կորպուսների հրամանատարներ նշանակվածներն էլ պրոֆեսիոնալ սպաներ են: Գնդապետ Վալերիկ Քոչարյանը նշանակվել է ՀՀ ՊՆ չորրորդ բանակային կորպուսի հրամանատար, Դավիթ Մանուկյանը՝ երկրորդ բանակային կորպուսի հրամանատար։ Իսկ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին՝ գնդապետ Գրիգորի Խաչատուրովը նշանակվել է երրորդ բանակային կորպուսի հրամանատար՝ հինգ տարի ժամկետով:

Հուսանք՝ ժամանակն ու ՊՆ-ում առկա բարքերը պաշտոնի բարձրացում ունեցողներին չեն փոխի:

Քնար Մանուկյան




Լրահոս