ՎԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը երեկ հանկարծակի որոշել է արձակուրդ գնալ: Իհարկե, շատերը կմտածեն, թե սա սովորական արձակուրդների շարքից է, սակայն իրականում այն միանգամայն այլ պատճառներ ունի: Պարզվում է, որ դատական կարգադրիչների ծառայությունում խոշոր յուրացումների շղթան հասել է մինչեւ ՎԴ նախագահ, որն էլ միգուցե իր բաժին մեղքը բացառելու համար փորձել է «ազատել գլուխը» ու գնալ կիսատ մնացած արձակուրդի «հետքերով»:
Հիշեցնենք, որ օգոստոսին բացահայտվել էր, որ մի քանի տասնյակ անձինք գրանցված են եղել դատական կարգադրիչների ծառայությունում, սակայն չեն ներկայացել աշխատանքի, փոխարենը նրանց աշխատավարձերը ստացել ու յուրացրել են գործող կարգադրիչները: Ընդ որում, չարաշահումներն ընդգրկել են ընդհանուր իրավասության տարբեր դատարանների դատական կարգադրիչների կառույցներ, իսկ կծիկը գլորվում ու հասնում է մինչեւ դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական համակարգ:
Այսպես, «ֆիկտիվ» աշխատողներ գրանցելու եւ նրանց փոխարեն գումար գրպանելու գործի շրջանակում հետախուզում է հայտարարվել դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Գեղամ Գրիգորյանի նկատմամբ, իսկ ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արմեն Ավագյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն) եւ 314-րդ հոդվածով (պաշտոնական կեղծիքը): Արդեն իսկ երեկվա դրությամբ որպես մեղադրյալ ներգրավվել է 19 անձ, եւս 2 հոգի գտնվում է կասկածյալի կարգավիճակում: Գործի շրջանակներում հարցաքննվել է նաեւ դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանը, որը ոստիկանությունից դուրս գալուց հետո, սեփական դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից: Ըստ ամենայնի, նա դա արել է չկալանավորվելու խոստում ստանալու դիմաց:
Ու այս իրավիճակում ՎԴ նախագահ Արման Մկրտումյանը կրկին արձակուրդ է գնացել: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանից հետաքրքրվել, թե ինչով է պայմանավորված ՎԴ նախագահի հրատապ արձակուրդի որոշումը` հաշվի առնելով այն փաստը, որ նա արդեն հասցրել էր ամառային արձակուրդներին վայելել իր հանգիստը. «Սովորաբար ինչի՞ համար են մարդիկ արձակուրդ գնում: Այո՛, ամռանը նա գնացել էր արձակուրդ, սակայն արձակուրդի կեսն էր օգտագործել, հիմա հաջորդ կեսն է օգտագործում»:
Իսկ թե ինչով էր պայմանավորված կիսատ մնացած արձակուրդն այս փուլում ավարտին հասցնելու քայլը, եւ, առհասարակ, ինչո՞ւ է ՎԴ նախագահը որոշել, այսպես ասած, կիսատ-պռատ օգտագործել իրեն հասանելիք արձակուրդը, Բաբայանը դժվարացավ ասել. «Անձն իր արձակուրդը կարող է ընտրել տարվա մեջ երբ ցանկանա եւ պարտավոր չէ որեւէ մեկին, այդ թվում մեզ, ներկայացնել, թե ինչի համար է հիմա որոշել արձակուրդ գնալ»:
Մեր այն հարցին, թե Ա. Մկրտումյանը հեռանալիս ինչ է ասել՝ արդյոք այլեւս չի վերադառնալու արձակուրդից, Ա. Բաբայանն այսպես պատասխանեց. «Չվերադառնալ հասկացողություն գոյություն չունի: Նա չի կարող միշտ մնալ արձակուրդի մեջ»: Ըստ նրա՝ համենայնդեպս, արձակուրդ մեկնելուց առաջ ՎԴ նախագահը ոչ ոքի վերջնական ցտեսություն չի ասել:
Հետաքրքիր էր իմանալ, թե այս խայտառակ բացահայտումից հետո ինչ տրամադրություն է տիրում դատական դեպարտամենտում: Բաբայանի խոսքով՝ որոշակի զարմանք իսկապես կա. «Ցանկացած համակարգում, եթե կա նման խնդիր կամ իրավապահների կողմից համապատասխան մեղադրանք, ապա որոշակի զարմանք է լինում: Բնականաբար, նման խոսակցությունները կամ գործընկերների նկատմամբ առաջադրված մեղադրանքները դուր չեն գալիս որեւէ անձի: Դա շատ վատ բան է»:
Իսկ ի՞նչ մասնակցություն ունի չարաշահումների գործին Մկրտումյանը: Չէ՞ որ արդեն լուրեր են պտտվում, որ դատական կարգադրիչների ծառայությունում խոշոր յուրացումների շղթան հասել է նրան: Այս հարցին Բաբայանը բավականին զգույշ պատասխանեց. «Քրեական գործի հետ կապված ցանկացած հարցի առնչությանը պատասխանում է ոստիկանությունը»:
«Ժողովուրդ»-ը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից փորձեց պարզել, թե ինչ փուլում է գտնվում դատական կարգադրիչների ծառայությունում յուրացումների գործով հարուցված քրեական գործը: Պարզվեց՝ նորություն չկա, «նախաքննությունը շարունակվում է»:
Թե որքան ժամանակ կտեւի այս աղմկահարույց գործի քննությունը, դժվար է ասել, բայց, հաշվի առնելով նմանատիպ մեղադրանքների նախադեպերը, կարելի է կանխատեսել, որ ավելի քան 300 միլիոն դրամի խոշոր յուրացման դեպքի առիթով կպատժվեն ընդամենը մի քանի «մանր ձկներ»: Իսկ Սերժ Սարգսյանի հիշատակած «խոշոր ձկները» դարձյալ կմնան անպատիժ կամ, լավագույն դեպքում, կկորցնեն իրենց պաշտոնը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս