ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿՎԵԼ
«Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից երեկ ազատ է արձակվել 114 դատապարտյալ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ՝ 7, «Արթիկ» ՔԿՀ՝ 2, «Վանաձոր» ՔԿՀ՝ 2, «Էրեբունի» ՔԿՀ՝ 56, «Կոշ» ՔԿՀ՝ 44, «Վարդաշեն» ՔԿՀ՝ 3: Հոկտեմբերի 8-ին եւ 9-ին համաներման կիրառմամբ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներից ազատ է արձակվել 392 դատապարտյալ:

ԱՆՏԵՂՅԱԿ ԴԱՏԱԽԱԶԸ
Երեկ համաներմամբ ազատ է արձակվել Հարություն Խաչատրյանի` «Քավոր Հարութի»  որդին` Գեւորգ Խաչատրյանը, որը կալանավորվել էր ապօրինի զենք կրելու համար: Նա ապրիլի 23-ին, լսելով, որ կրակոցներ են հնչում իրենց տան դիմաց, ու փորձում են սպանել իր հորն ու իրենց մտերիմներից մեկին` Շեկոյին, վերցնելով իրենց տանը գտնվող AK 74 տեսակի ինքնաձիգը, դուրս էր նետվել տնից, սակայն զենքը չէր օգտագործել: «Առավոտ»-ը  Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանից փորձել է ճշտել, թե  ինչ հիմքով է ազատ արձակվել Գ. Խաչատրյանը՝ նրա խափանման միջոցն են փոխել, թե նրա վրա համաներում է տարածվել: Դատախազը, սակայն, այդ մասին տեղեկացել է լրատվամիջոցից:

ԴԵՂԱԳՈՐԾՆԵՐԻՆ ՆԵՂՈՒՄ ԵՆ
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական եւ դեղագործական քիմիայի կենտրոնի տնօրեն Վիգեն Թոփուզյանը երեկ հայտարարել է, թե դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնն անհիմն պատճառաբանություններով հրաժարվում է հայկական ընկերություններին արտադրության պատշաճ պայմանների սերտիֆիկատներ տրամադրել, ինչի արդյունքում հայկական դեղագործական գործարաններն ու արտադրությունները կփակվեն: Նա նաեւ բողոքել է, որ հստակ չեն  սերտիֆիկատի տրամադրման չափորոշիչները:

ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
«Ճվճվ Արո» մականունով հայտնի Արա Վարդանյանի որդու՝ Սերժ Վարդանյանի եւ նրա ընկերոջ՝ Ռաֆայել Այվազյանի նկատմամբ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 266-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի եւ դրանց համարժեքների ապօրինի շրջանառություն իրականացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեներգործուն միջոցներ պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը: NEWS.am-ի հաղորդմամբ` փորձաքննությունը հաստատել է, որ երիտասարդն ու նրա ընկերը եղել են թմրանյութի ազդեցության տակ:

ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՊՏՈՒՂՆԵՐԸ
Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, անդրադառնալով համաներման արդյունքում բազմաթիվ հանցագործների` ազատության մեջ հայտնվելու մարտահրավերներին, NEWS.am-ին ասել է. «Մենք պատրաստվել ենք, հասարակությանը ձեռնոց նետած բոլոր հանցագործներին դիմակայելու ենք, եւ ես չեմ կարծում, որ  իրավիճակը պայթյունավտանգ է: Սկզբնական շրջանում, իհարկե, հսկողություն լինելու է, մինչեւ ազատ արձակվածները ինտեգրվեն հասարակությանը եւ բնականոն կյանքին»: Ոստիկանապետը նաեւ կարծիք է հայտնել, որ կկրկնվեն հետեւյալ հանցատեսակները. «Սեփականության դեմ, անձի դեմ, որը վիճաբանություններն են, դե, գողություն, հափշտակություն, կողոպուտ… Ես կանխատեսում եմ, որ հիմա ավելի քիչ կլինի, քան անցած անգամ»:




Լրահոս