ԲԱՆԿԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ
Տավուշի մարզի Կողբ գյուղի տարածքում գործում է «Միլք լենդ» կաթի արտադրության եւ վերամշակման ձեռնարկությունը, որի արտադրած կաթնամթերքն իրացվում է հիմնականում Նոյեմբերյանի շրջանում: Վերջերս «Ակբա կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն դատի է տվել «Միլք լենդ» ՍՊԸ-ին, ընկերության տնօրեն Սոս Քոչարյանին ու եւս 4 այլ անձանց: Հայցի պատճառը բանկից վերցված ավելի քան 78 հազար դոլարի վարկն է: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանը բավարարել է հայցի ապահով կիրառման մասին հայցվորի միջնորդությունը եւ 2013թ. հունիսի 28-ին որոշում է ընդունել արգելանք կիրառել պատասխանող կողմին պատկանող գույքի՝ Երեւան քաղաքում գտնվող 2 բնակարանների եւ հողամասի, Տավուշի մարզի Կողբ գյուղի 29-րդ փողոցի թիվ 55 հասցեում գտնվող անասնապահական համալիրի 2.854 հա ընդհանուր մակերեսով հողամասի, 186.86 ընդհանուր մակերեսով կերաղացի, 245 քմ մակերեսով կերի պահեստի, սեփականության իրավունքով «Միլք լենդ»-ին պատկանող 17.500 կգ ընդհանուր քաշով 50 գլուխ կովերի, 2 հատ «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի, «ՎԱԶ 21213» մակնիշի ավտոմեքենայի, ինքնագնաց խոտհնձիչի, ինչպես նաեւ հայցվորներին պատկանող գույքի եւ դրամական միջոցների նկատմամբ հայցագնի 78 191,45 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով, բացառությամբ «Ակբա կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում գտնվող վարկառուի 2 հաշվեհամարների՝ վերջինիս կողմից այդ հաշիվներով ֆինանսական մուտքեր կատարելու համար: Սույն քաղաքացիական գործով նախնական դատական նիստերն ընթանում են Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում:
ԳԱՐՇԱՀՈՏԻ ՄԵՋ Է
Ավելի քան մեկ ամիս է, ինչ Նոյեմբերյան քաղաքի մշակույթի տունը ջուր չի ստանում: Պատճառը քաղաքի տարածքում բնակիչներից մեկին պատկանող տնամերձ հողամասում խմելու ջրագծի վթարն է: Մշակույթի տան աշխատողները ստիպված են մշակույթի օջախի կարիքների համար այլ տեղերից դույլերով ջուր կրել: Հոկտեմբերի 7-ին մշակույթի տանը ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում է կայացել, որին մասնակցել է շուրջ 300 մարդ: Դրանց մի մասն օգտվել է մշակույթի տան զուգարանից, ուր այժմ գարշահոտ է: Մշակույթի տանն ամեն օր պարապմունք են անցկացնում պարի խմբակի 30 երեխաներ, որոնք նույնպես զուգարանի կարիք են զգում: Սակայն «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Նոյեմբերյան» ենթատեղամասի աշխատողները կարծես թե չեն նկատում վթարը: Առհասարակ, Նոյեմբերյան քաղաքի ջրագծում շատ են վթարները: Երբ բազմաբնակարան շենքերին ջուր է մատակարարվում, ներքին ցանցում առկա վթարների պատճառով քաղաքի փողոցներում առուներ են հոսում՝ քանդելով ասֆալտի շերտը:
Տավուշ