ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ
Ավելի քան մեկ ամիս է, ինչ Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան եւ Երվանդաշատ համայնքները կրկին չունեն համապատասխան տրանսպորտի միջոց, որով կկարողանան գնալ Արմավիր քաղաք եւ վերադառնալ: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը դեռեւս ապրիլին գրել էր, որ նշված համայնքների գծատերը հրաժարվել է գիծը սպասարկելուց, քանի որ այն շահութաբեր չի եղել: Այնուհետեւ Արմավիրի մարզպետարանը մրցույթ էր հայտարարել: Եվ սեպտեմբերի 1-ին երկու գյուղերի ղեկավարները համատեղ որոշել էին, որ վարորդին պետք է ամեն համայնքի բյուջեից վարձատրեն 30 հազար դրամով: Սակայն երեկ «Ժողովուրդ»-ը բնակիչներից տեղեկացավ, որ մոտ մեկ ամսից ավելի է, ինչ վարորդը հրաժարվել է գիծը սպասարկելուց, քանի որ համայնքապետերը չեն վճարել խոստացած գումարը: «Մենք՝ երկու համայնքի ղեկավարներով, նախատեսել էինք, որ պետք է վճարենք 60 հազար դրամ, իսկ գազի վարձը գծատերը պետք է հոգար: Ես չեմ տվել այդ գումարը, որովհետեւ դա կարող եմ տալ միայն բյուջեում համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո, դա այդքան էլ հեշտ չէ»,-«Ժողովուրդ»-ին տեղեկացրեց Բագարանի գյուղապետ Գեւորգ Մարգարյանը: Եվ ահա համայնքապետերի նման անպատասխանատու քայլից տուժում է բնակչությունը:

Ս. Հ.

ՍԻԲԻՐՅԱՆ ԽՈՑԻ ԴԵՊՔԵՐ
Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի 11 բնակիչներ սիբիրյան խոցի վարակակիրներ են: Հիվանդները ենթարկվել են լաբորատոր հետազոտության, 7 հիվանդի մոտ հաստատվել է սիբիրյան խոցի մաշկային ձեւը, մյուսների հետազոտություններն ընթացքի մեջ են: Հիվանդները հոսպիտալացվել են, գտնվում են Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում, որտեղ եւ ստանում են անհրաժեշտ բուժումը: Հարթագյուղում հայտնի մորթ անող Արթուր Խաչատրյանը եւս սիբիրյան խոցի ախտանիշներով տեղափոխվել է հիվանդանոց: Թե ինչպես է վարակվել, չգիտի, ասում է՝ վերջին շրջանում 1 կով է մորթել, բայց եւս 3 կովի մսից կերել է, ու հայտնի չէ՝ որ կովից է տարածվել հիվանդությունը: Ըստ նրա՝ վարակվել է նաեւ իր կինը: Ներկայումս սիբիրյան խոց ախտորոշմամբ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում ստացիոնար բուժվում են 9 հարթագյուղցի, եւս 2-ը համապատասխան բուժում են ստանում տնային պայմաններում: Հիվանդների առողջական վիճակը մոտ է բավարարի: Լոռու մարզպետարանի առողջապահության վարչությունում խուճապի մատնվելու պատճառ չեն տեսնում` նշելով, որ ամեն ինչ արվում է հիվանդության տարածումից խուսափելու համար:
Ինչպես տեղեկացրեց Լոռու մարզպետարանի առողջապահության վարչության պետ Սամվել Լամբարյանը, ԱՆ-ի եւ մարզի առողջապահական կառույցների մասնագետների կողմից հիվանդության տեղայնացման եւ հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով գյուղում կազմակերպվել են բակային համայցեր, իրականացվել է տնային տնտեսությունների կենցաղային պարագաների ախտահանում: Լամբարյանը վստահեցրեց նաեւ, որ բուժսպասարկման հետ կապված խնդիրներ չկան:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի




Լրահոս