Հոկտեմբերի 10-18-ը Մոսկվայում տեղի է ունենալու «Երեք հարյուր վաթսուն աստիճան» արդի գիտական ֆիլմերի երրորդ միջազգային փառատոնը, որի ժյուրիի նախագահը Հայաստանի ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանն է:
«Ժողովուրդ»-ի խնդրանքով փառատոնի մասին որոշ մանրամասներ ներկայացրեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի համակարգող, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը. «Աշխարհում ամեն տարի հազարավոր փառատոներ են անցկացվում, այդ շուկայում տարբերվելու խնդիր կա, եւ արդեն երրորդ տարին Մոսկվայում անցկացվող փառատոնի առաջնային նպատակը գիտության եւ գիտական աշխատանքի վերաբերյալ հեղինակային վավերագրական ֆիլմերի հավաքագրումն ու ներկայացումն է: Փառատոնի չորս մրցութային ծրագրերում ընդգրկված ֆիլմերը վավերագրական կինոլեզվով ներկայացվող իրական պատմություններ են։ Դրանք կարող են լինել գիտության մեջ բացահայտման, նվաճման, իրականության մեջ տեղի ունեցող գիտական փոփոխությունների, մարդու եւ նրան շրջապատող իրականության փոխհարաբերությունների վերաբերյալ ֆիլմեր, որոնց ընտրությամբ էլ կազմվում է փառատոնի ամենամյա ծրագիրը։ Դրանք միջազգային համատեղ արտադրությամբ նկարահանված, ինչպես նաեւ ռուսական ֆիլմեր են»։
Մեր զրուցակիցը ցավով նշեց, որ Հայաստանը փառատոնին չի մասնակցում, քանի որ մենք չունենք, չենք արտադրում այդպիսի վավերագրական կինո. «Համենայնդեպս, գոնե ես տեղյակ չեմ, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում նման ֆիլմ է արտադրվել։ Հուսով եմ, որ պարոն Խաչատրյանի՝ ժյուրիի նախագահ լինելը կնպաստի, որպեսզի հնարավորություն ունենանք Հայաստանում եւս դիտել այդ ծրագրում ընդգրկված լավագույն ֆիլմերը։ Ի դեպ, պարոն Խաչատրյանը վերջին տարիներին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի աշխատանքներով պայմանավորված զբաղվածության պատճառով չէր ցանկանում ընդգրկվել որեւէ փառատոնի ժյուրիի կազմում։ Բայց նա հիմա համաձայնություն տվեց, քանի որ սա նաեւ հրաշալի առիթ է «Ոսկե ծիրան» եւ «Երեք հարյուր վաթսուն աստիճան» միջազգային կինոփառատոների փոխհարաբերությունների ամրապնդման եւ մոտ ապագայում համատեղ ծրագրերով ներկայանալու համար»:
ԳԻՏԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռ. ԹԱԹՈՅԱՆ