Քանի հայ կտանի Թուրքիա Էրդողանի ներողությունը. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Ամառային հանգստի սեզոնին ամեն տարի ակտիվանում են քննարկումները զբոսաշրջության, հանգստյան ուղղությունների վերաբերյալ: Բոլոր այդ քննարկումներում գերակշռում է այն կարծիքը, որ զբոսաշրջային տասնյակ ռազմավարություններ ու ծրագրեր ընդունած, զբոսաշրջությունը՝ որպես գերակայություն, առաջնահերթություն հռչակած Հայաստանը ոչ միայն գրավիչ չի դառնում օտարերկրյա զբոսաշրջիկների, այլ առաջին հերթին՝ Հայաստանի քաղաքացիների համար:

Ընդ որում, եթե օտարերկրացիներին Հայաստանը չի գրավում հիմնականում զբոսաշրջային համապատասխան ենթակառուցվածքների, ցանցային համակարգերի բացակայության պատճառով, ապա Հայաստանի քաղաքացիներին Հայաստանը՝ որպես հանգիստն անցկացնելու վայր, ոչ միայն չի գրավում, այլ ուղղակի վանում է՝ առաջին հերթին՝ բարձր, աննախադեպ ու այլ երկրների համանման ծառայությունների հետ անհամադրելիորեն բարձր գներով:

Ու մինչ Հայաստանի զբոսաշրջային ոլորտի խաղացողները հույսեր էին փայփայում, որ այս տարի հատկապես ռուս զբոսաշրջիկների՝ սովորականից տարբերվող ծավալով հոսք տեղի կունենա, հատկապես՝ ռուս-թուրքական հարաբերությունների սրման ու դրա արդյունքում՝ դեպի Թուրքիա ռուս զբոսաշրջիկների հոսքի նվազման պատճառով, Էրդողանը ներողություն խնդրեց Պուտինից՝ այդ մի բառով հօդս ցնդեցնելով ռուս զբոսաշրջիկների սպասող Հայաստանի տնտեսությանը՝ ընդհանրապես, ու հայաստանյան հյուրանոցների, հանգստյան տների սեփականատերերին՝ մասնավորապես:

Բավական է նշել միայն, որ Էրդողանի՝ Պուտինին ուղղված նամակի հրապարակումից երկու օր անց արդեն Թուրքիան դարձավ ռուս զբոսաշրջիկների ամենանախընտրած ուղղությունը: Բացառված չէ, որ ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումը կանդրադառնա հայ զբոսաշրջիկների նախընտրությունների վրա, սակայն վստահաբար ՀՀ քաղաքացիներից շատերը եւս այս տարի նույնպես մեկնելու են Թուրքիա՝ հանգստի: Նախորդ տարիների վիճակագրությունը վկայում է, որ սկսած 1998 թվականից՝ Թուրքիա մեկնող հայ զբոսաշրջիկների հոսքը գրեթե կայուն կերպով աճել է՝ միայն առանձին տարիների արձանագրելով որոշակի անկում:

Օրինակ, 1998թ. Թուրքիան ընդունել է 15984 հայ զբոսաշրջիկ։ 2001 թվականին հոսքը կտրուկ նվազել է՝ մինչեւ 7064 մարդ, որից հետո շարունակել է աճել։ Պիկը գրանցվել է 2011-2013թթ. ժամանակահատվածում՝ տարեկան ավելի քան 70 000 ՀՀ քաղաքացի է այցելել Թուրքիա։ 2013 թվականին այդ ցուցանիշը եղել է ռեկորդային՝ 73365 մարդ։ 2014 թվականին Հայաստանից Թուրքիա այցելողների թիվը նվազել է 6,1%-ով եւ հասել 67198-ի։ Իսկ 2015-ին գրանցվել է կտրուկ անկում՝ 27.8%-ով կամ 18676 մարդով (հասնելով 48522-ի)։ Բացառված չէ, որ այս նվազումը պայմանավորված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցով։

Իսկ արդեն այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանից Թուրքիա այցելել է 12445 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 14270-ի դիմաց։ Իհարկե, հաստիքային հայրենասերները, ինչպես միշտ, կսկսեն ճոռոմ տեքստեր արտասանել այն մասին, թե ինչպիսի դավաճանություն է թշնամական երկրում հանգստանալը, որ անթույլատրելի է մեր Սեւանը փոխարինել ապազգային Անթալիայով, եւ այլն:

Սակայն միեւնույն է՝ դրանից Թուրքիա մեկնողների թիվը չի նվազելու, ու ամենակարեւորը՝ չի ավելանալու Հայաստանում հանգստանալ ցանկացողների, իսկ ավելի ճիշտ՝ Հայաստանում հանգստանալ կարողացողների թիվը: Այն պարզ պատճառով, որ, անկախ քաղաքական, պատմական, քաղաքակրթական եւ այլ գործոններից, մարդկանց սպառողական վարքագիծը պայմանավորվում է առաջին հերթին՝ տնտեսական նպատակահարմարությամբ ու գին-որակ հարաբերակցության արդյունավետությամբ:

Հայաստանը վերջին տարիներին «կարողացել» է այդ ցուցանիշով դառնալ ոչ միայն տարածաշրջանի, այլեւ աշխարհի ամենաթանկ հանգստավայրերից մեկը: Որովհետեւ Հայաստանում, անգամ տնտեսական ամենավատ պայմաններում, միշտ գտնվում են մի քանի հազար մարդիկ, ովքեր կարող են իրենց թույլ տալ հանգստանալ Սեւանում կամ Ծաղկաձորում՝ եվրոպական ամենաճոխ հյուրանոցների հետ համադրելի գներով. Հանրապետական կուսակցությունը 150 հազարից ավելի անդամ ունի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս