Ապրիլյան քառօրյա պատերազմի թեժ մարտերի ընթացքում ծանր վիրավորում ստացած զինծառայող Արման Լազգիյանը, ով տեղափոխվել է Գերմանիա՝ բուժում ստանալու, կրկին անեանելի վիճակում է հայտնվել:
Բանն այն է, որ զինածառայողն իր հարազատների եւ «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանի երկարատեւ պայքարից հետո, ի հեճուկս պաշտպանության նախարարության եւ բուժանձնակազմի, կարողացավ Գերմանիայում բուժվելու հնարավորություն ստանալ: Պարզվում է՝ այստեղ եւս Արմանը լուրջ խնդրի առաջ է կանգնել՝ չկարողանալով տեղավորվել համապատասխան կլինիկայում:
Զինվորի հարազատներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գերմանիայում գտնվող վիրավոր զինվորի մոտ առողջական խնդիրներ են առաջացել:
Որքանո՞վ էր նպատակահարմար զինվորին արտերկիր տեղափոխելու որոշումը: Այս հարցի պատասխանը ստանալու համար դիմեցինք առողջապահության նախարարություն՝ հընթացս հետաքրքրվելով, թե ինչ տեղեկություն ունեն զիվորի առողջական վիճակի մասին:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը տեղեկացրեց. «Այն պահից սկսած, երբ զինծառայողները ցանկություն հայտնեցին բուժվել արտերկրում եւ հրաժարվեցին Հայաստանում բուժվելու հնարավորությունից, չնայած հանձնաժողովի գնահատականին, որ նրանք կարող են բուժվել այստեղ, իրենք նախընտրեցին մեկնել արտերկիր: Մենք մշտապես նրանց կողքին ենք թե՛ լոգիստիկ, թե՛ ֆինանսական միջոցների հայթայթման հարցերում: Առաջին իսկ օրից պարբերաբար կապի մեջ ենք գերմանացի մասնագետների հետ: Ծանր վիրավորում ստացած եւ բուժումը շարունակելու նպատակով Գերմանիա տեղափոխված զինծառայող Արման Լազգիյանի առողջական վիճակը մշտապես գտնվում է մեր ուշադրության կենտրոնում»:
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը եւս զինվոր Արման Լազգիյանի բուժման նպատակով Գերմանիա մեկնելու հարցի շուրջ մայիսի 12-ին կայացած քննարկման ժամանակ ասել էր. «Ծնողները հայտնեցին իրենց տեսակետները: Իհարկե, մենք այս հարցում չենք կարող զերծ մնալ հուզական կոմպոնենտից, որը պարբերաբար լսում ենք ե՛ւ ծնողներից, ե՛ւ հարազատներից, բայց շատ սթափ կարողացանք քննարկում ծավալել:
Իրենք էլ համոզվեցին, որ Հայաստանում հնարավոր են բուժման այն եղանակները, որոնք նրանք տեսնում են արտերկրում, սակայն ծնողները պնդում են արտերկիր տանելու տարբերակը: Մենք պարտավորվածություն ենք զգում ծնողների առջեւ եւ այդ աշխատանքները կազմակերպելու ենք իրենց հետ համատեղ»:
Քանի որ զինվորի առողջական խնդրին թեժ արձագանքել էր Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, ուստի «Ժողովուրդը»-ը զրուցեց նրա հետ՝ հասկանալու համար, թե ինչ տեղեկություն ունի նա, ի՞նչ վիճակում է գտնվում զինվորը:
«Արմանի հետ ես անընդհատ խոսում եմ: Վերջին անգամ այսօր եմ ֆեյսբուքով խոսել: Ֆեյսբուքով գրել եմ, նա պատասխանել է, որ դեռեւս այն կլինիկայում է, որտեղ ֆիզիոթերապեւտիկ բուժում չեն անում: Մի քանի օր առաջ պառկելախոցը նորից վիրահատեցին: Անհամբեր սպասում եմ, որ տեղափոխեն վերականգնողական կենտրոն»,- տեղեկացրեց Բախշյանը:
Իսկ այն հարցին, թե արդյո՞ք կարիք կար տեղափոխել Արմանին Գեմանիա, չէ՞ որ շատ վիրավոր զինվորներ կան, որ այստեղ են շարունակել իրենց բուժումը եւ որոշակի դրական արդյունքի են հասել: Մեր այս հարցին ի պատասխան՝ Երեւանի ավագանու անդամն ասաց. «Որոշ վիրավորների մոտ փոփոխություն կա, բայց նրանք չունեն այն լուրջ խնդիրը, որն ուներ Արման Լազգյանը: Նրա ողնուղեղը վնասված է, դա շատ լուրջ խնդիր է: Ի վերջո, ծնողները հավատում են, որ Գերմանիայում իրենց որդու բուժումն ավելի արդյունավետ կլինի: Ոչ մեկ չի կարող ծնողին համոզել հակառակը»:
Նշենք, որ Արման Լազգյանն այս պահին իր ծնողների հետ գտնվում է Գերմանիայում: Սակայն դեռեւս ֆիզիոթերապեւտիկ բուժում չի ստացել: Նա սպասում է, որ իրեն հրավիրեն վերականգնողական կլինիկա՝ բուժումը շարունակելու համար:
Այս ողջ պատմությունից «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Բախշյանը մի դաս է քաղել. «Ոչ մի գումար բավարար չի, որպեսզի այդպիսի վնասվածք ունեցող վիրավորի բուժեն: Այնտեղ երկարատեւ տարիների բուժում է պահանջվում: Հայաստանը՝ որպես պետություն, լավ կլինի այդ սարքավորումները մեր հիվանդանոցներում տեղադրի, որպեսզի ստիպված չլինենք արտերկրում բուժում փնտրել»:
Այնուամենայնիվ, նկատենք, որ ինչքան էլ գովաբանում են, որ մեր առողջապահական ոլորտը որոշակի առաջընթացներ է գրանցում, այնուամենայնիվ, նշված պատմությունը փաստում է, որ չունենք համապատասխան սարքավորումներ, եւ մարդիկ չեն վստահում հայրենի առողջապահական կենտրոններին՝ գերադասելով հասնել արտերկրի հիվանդանոցներ: Ցավոք, այնտեղ էլ ամեն ինչ իդեալական չէ, ինչպես մենք ենք պատկերացնում: Օրինակը մեր զինվորն է, որը դեռ սպասում է առողջանալու իր հերթին:
Լիդա Եղիազարյան