“Հոկտեմբերի 12-ին, Լոռու մարզկենտրոն Վանաձորի Երկաթուղայինների այգու հարակից տարածքում սպանություն էր տեղի ունեցել։ Սպանվողը՝ 15-ամյա Դավիթ Հովակիմյանը, ինչպես հետո պարզվեց, անգամ Վանաձորի բնակիչ էլ չէր, այլ Լոռու մարզ էր ժամանել ձեռքի գնդակի մրցումներին մասնակցելու համար՝ Երևանից, Աջափնյակի մինչև 17 տարեկանների թիմի հետ միասին, սովորում էր Երևանի թիվ 97 դպրոցի 10-րդ դասարանում։
Ըստ նախնական տեղեկությունների, սպանության պատճառը եղել է 2 երիտասարդների փոքրիկ վեճը, որն ավարտվել է ողբերգությամբ։ Չեմպիոնական տիտղոսը նվաճելուց հետո տղաներից մի քանիսը մոտենում են մարզչին, գումար խնդրում, որպեսզի բուֆետում նշեն իրենց հաղթանակը։ Մինչ պատանիները կհասցնեին հյութ պատվիրել, բուֆետում նստած մի քանի հոգի մոտենում են նրանց և բղավում. “Երկար չնայեցի՞ք, արաե։ Տղաներից մեկը փորձում է պարզել, թե ինչի մասին է խոսքը, բայց չի հասցնում. “Քուրդ” մականունով Կարեն Կունգորցևը ինչ-որ սուր, ծակող գործիքով հարվածում է Դավիթ Հովակիմյանին և հեռանում։ Պատանիների հաղորդմամբ՝ այդ ամենն այնքան արագ է կատարվում, որ նրանցից ոչ ոք չի տեսնում հարվածի պահը։
Այդուհանդերձ, մեզ հաջողվեց դեպքի հետ կապված որոշ մանրամասներ պարզել։ Հարվածից հետո Դավիթին տարել են հիվանդանոց, որտեղ, ըստ չճշտված տվյալների, բժիշկներն անմիջապես չեն վիրահատել նրան. հարազատներից մեկի ստորագրությունն են պահանջել։ Վիրահատությունն ի վերջո կատարվել է, բայց Դավիթի կյանքը փրկել չի հաջողվել։ Նրա հորեղբայրը երեկ եղել էր դիահերձարանում և մեզ հետ զրույցում փաստեց, որ եթե բժիշկներն ավելի աչալուրջ լինեին, Դավիթը չէր մահանա։ Հարազատներն ու ընկերների ծնողները բողոքում էին նաև ոստիկաններից, ովքեր երկար ժամանակ հարցաքննել են 15-ամյա պատանիներին՝ առանց հաշվի առնելու նրանց հոգեվիճակը։ Դեպքի պահին Դավիթի մոտ եղած ընկերներից մեկը մեզ պատմեց, թե ինչպես է առերեսման ժամանակ մարդասպանն սպառնացել իրեն։ “Տղաներն այնքան վախեցած էին և շփոթված, որ չգիտեին ինչ անեն, անգամ չէին ասել, որ ճանաչել են էդ անասունին։ Երբ ես տեսա նրան, էլ չդիմացա, հարձակվեցի, որ հարվածեմ, և ոստիկանները հասկացան, որ նա է եղել, իսկ էդ անասունը, փոխանակ գլուխը կախի, ինձ հայհոյելով սպառնաց, թե սա դու չես մարսելուե։
Ի դեպ, մահացածի հարևանները վստահեցնում էին, որ Կունգորցևը նախկինում 3 անգամ դատապարտված է եղել և մի քանի օր առաջ է համաներմամբ ազատ արձակվել։ 22-ամյա Կունգորցևին երկարաժամկետ ազատազրկում է սպասվում, իսկ Դավիթին վաղը կհանձնեն հողին”,–գրում է թերթը։
Մանրամասները՝ Հրապարակ-իայսօրվա համարում։