Նախախորհրդարանը հայտարարություն է տարածել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Զորի Բալայանի ուղղած նամակի կապակցությամբ և կոչ է անում բոլոր հայրենասեր և արժանապատիվ քաղաքական ու քաղաքացիական հոսանքներին և անհատներին միահամուռ կերպով հակադրվել Հայաստանը վերստին գաղութացնելու փորձերին ու միտումներին։
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
Երկրի և ժողովրդի ներքին դիմադրողականությունը ոչնչացնելու շարունակվող քայլերին և փորձերին զուգահեռաբար, Հայաստանում գործող վարչախումբը վերջին ժամանակներում պատռելով իր ,անկախականե դիմակը՝ փորձ է անում Արցախում վերահաստատել կևորկովյան տիպի դասական գաղութային ռեժիմ՝ հետագայում այն Հայաստան տեղափոխելու հաստատ մտադրությամբ: Սա ի վերջո հանգեցնելու է անգամ պետության գերիշխանության ձևական ատրիբուտներից հրաժարվելուն և դրանք բացահայտորեն գաղութային ուժերին հանձնելուն:
Մաքսային Միությանը միանալու և Եվրասիական Միության մաս կազմելու մասին Սերժ Սարգսյանի խոստումներից կարճ ժամանակ անց, վարչախումբը, առայժմ իր կնքահայրերից մեկի՝ Զորի Բալայանի, շուրթերով Ռուսաստանին հրավիրում է Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերի ,հավերժականե տրամաբանությամբ տիրանալու Արցախին և ամբողջ Այսրկովկասին:
Զ. Բալայանի՝ ,նամակ ռուսաց թագավորինե ոճով գրված աղերսագիրը լույս է տեսել ոչ միայն իշխանամետ մամուլի, այլև նույնիսկ ,Հայաստանի Հանրապետությունե պաշտոնաթերթի էջերում: Արդեն իսկ նրան սատար են կանգնել վարչախմբի համարյա բոլոր նախաձեռնությունների մշտական պաշտպան՝ գաղութացված հոգեբանության և մտածելակերպի տեր մանկլավիկները:
Նորագույն այս խայտառակությունը հերթական ապացույցն է այն ճշմարտության, որ 1988 թ. վերածնված ազգային-ազատագրական պայքարը մնացել է կիսատ և անհրաժեշտ է այն անհապաղ հասցնել իր տրամաբանական ավարտին` կառուցելով լիարժեքորեն ազատ և ինքնիշխան հայկական պետություն: Այլապես խնդրո առարկա է դառնում ոչ միայն ազգային-ազատագրական պայքարի առաջին փուլի հիմնական ձեռքբերումը՝ Արցախի ազատագրումը, այլև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը:
Նախախորհրդարանը համոզված է, որ նախ Արցախը, ապա՝ առհասարակ Հայաստանի Հանրապետությունը վերստին ուղղակի գաղութի վերածելու միտում ունեցող նմանօրինակ քաղաքական հայտերն ու հոգեբանական մշակման փորձերը դատապարտված են խայտառակ ձախողման:
Նախախորհրդարանը կոչ է անում բոլոր հայրենասեր, ազատ և արժանապատիվ քաղաքական ու քաղաքացիական հոսանքներին և անհատներին՝ միահամուռ կերպով հակադրվել Հայաստանը վերստին գաղութացնելու փորձերին ու միտումներին և անհապաղ ձեռնամուխ լինել նոր որակի հայկական պետություն կառուցելու գործին՝ այդ նպատակով ստեղծելով քաղաքական նոր հարթակ: