Իշխանական համակարգի հատկապես ընտրական գործընթացներից քաջատեղյակ շրջանակներում համոզված են, որ ընտրական ցուցակների կազմման համակարգը չի փոխվի, եւ միայն նույնականացման քարտ ստացածներին ընտրական ցուցակներում ընդգրկելու մոտեցումն, ի վերջո, կյանքի չի կոչվի: Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ զբաղվել են իշխանությունների համար «ձայներ» ապահովելով, համոզված են, որ իշխանությունները չնայած խոստանում են ընտրական ցուցակները «մաքրել», այնուամենայնիվ, իրականում նրանք այդ քայլին չեն գնալու: Հենց այդ նպատակով էլ իշխանությունները համակարգի ներդրումը պայմանավորել են դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսավորման անհրաժեշտությամբ: ՀՀ ղեկավարությունը շատ լավ գիտի, որ դոնորները արդեն իսկ խոստացել են 9 մլն եվրո հատկացնել, եւ ավել գումար տրամադրելու հավանականություն գրեթե չկա: Հիշեցնենք, որ ընդհանուր հաշվով անհրաժեշտ է 16 մլն եվրո:
«ժողովուրդ»-ի այն հարցին, թե ՀՀ իշխանություններն իրականում չեն ցանկանում ընտրացուցակների կազմման համակարգը փոխել, դրա համար են նախագիծը դրսի դոնորների հույսով ընդունում, ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց. «Մենք մեր խոստումները կատարել ենք, միանգամից արտահերթ նիստ հրավիրեցինք, քննարկեցինք, եւ այն հայտարարությունը, որ ստորագրել ենք, կետ կա, որ դիմում է միջազգային դոնոր կազմակերպություններին, եւ այն կողմերը, որ բանակցել են, բանակցել են միասին միջազգային կառույցների հետ եւ եղել են բաց, թափանցիկ, բոլորի համար հասանելի: Եւ միջազգային հանրությունն է հավանություն տվել, եւ ասել՝ այս կամ այն հարցի շուրջ եթե կգաք համաձայնության եւ ընդհանուր եզրահանգման, մենք այդ ընդհանուր եզրահանգումը դրամական միջոցներով կներկայացնենք եւ կիրականացնենք: Մենք ամեն ինչ անում ենք, որ այդ հնարավորությունը լինի, բայց այս ձեւի մթնոլորտը, անլուրջ պահվածքը, կարծում եմ, ազդակ կարող է լինել միջազգային դոնոր կազմակերպություններին»: Տեսնենք, թե ինչով կավարտվի դրսի փողերով ներսում ժողովրդավարություն ապահովելու շղարշ ունենալու ձգտումը:
ՀՀ ԱԺ-ն երեկ սկսեց քննարկել 2015-ի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը, որը արդեն իսկ բուռն քննարկումների տեղիք է տվել: Մինչ այս իշխանական շրջանակներում տեղեկություններ կային, որ ՀՀ իշխանությունները փաստաթուղթը ԱԺ կուղարկեն սեպտեմբերին: Սակայն, ինչպես երեւում է, ռուսական կողմը պահանջել է փաստաթղթի վավերացումն արագացնել: Իսկ ինչո՞վ է վտանգավոր այս նախագիծը: Երեկ ԱԺ-ում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պարզ հարց ուղղեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին. եթե հայկական կողմը որոշի խոցել ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական ինքնաթիռը, իսկ ռուսական կողմը դեմ լինի, ի վերջո, հակառակորդի ինքնաթիռը կոչնչացվի՞, թե՞ ոչ: Նազարյանն ուղղակի պատասխան չտվեց: Ստացվում է, որ ՀՕՊ համակարգն իրականում ամբողջությամբ կառավարելու են ՌԴ համապատասխան զինվորականները, եւ նրանք են որոշում կայացնելու:
Անցած տարի, երբ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը խոսեց Հայաստանում կոռուպցիայի դեմ իրական պայքար ծավալելու անհրաժեշտության մասին, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ դեսպանը թող իրենց տանը կարծիքը հայտնի: Սակայն մեկ ամիս առաջ անգամ ՀՀ վարչապետը հայտարարեց կոռուպցիայի դեմ անողոք պայքար ծավալելու մասին: «Ժողովուրդ»-ը ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսից փորձեց պարզել, թե իր կարծիքով արդյոք ՀՀ իշխանությունների քայլերը արդյունավետ են: Ի պատասխան՝ նա ասաց. «Ես հավատացած եմ, որ կոռուպցիան ազգային անվտանգության խնդիր է: Կոռուպցիան նաեւ խոչընդոտում է տնտեսական աճին, վնասում մարդու իրավունքների կայացմանը եւ խարխլում է ժողովրդավարությունը: Առկա են կոռուպցիայի տարբեր տեսակներ, սկսած պետական գնումների համակարգում առկա կոռուպցիայից մինչեւ մանրածախ կոռուպցիա, որին առերեսվում են քաղաքացիները առօրյա կյանքում: Կոռուպցիայի դեմ պայքարը անելիքների ցանկի կետ չի, որի դիմաց կարելի է «կատարված է» նշումը դնել»:
Արդեն մեկ շաբաթ է՝ Վերին Լարսի անցակետը փակ է, եւ դեռ հայտնի չէ, թե այն երբ կբացվի: Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ստեղծված իրավիճակը գնահատեց որպես ֆորս-մաժորային վիճակ: «Բնական աղետի հետեւանքով է փակվել անցակետը: Դա մեծ վնաս է հասցրել ոչ միայն Հայաստանին, այլեւ Վրաստանին»,- վստահեցրեց Պետրոսյանը: ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանն իր հերթին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ հայկական կողմը ոչինչ չի կարող անել եւ ընդամենը հետեւելու է իրադարձությունների զարգացմանը: «Խոսքը այլ երկրի տարածքում գտնվող ավտոմոբիլային ճանապարհի մասին է: Այսինքն՝ ՀՀ ուղղակի միջամտությունը մեր իրավասություններից դուրս է: Հայաստանը ի՞նչ միջոց կարող է ձեռնարկել»,- հարցադրեց Առաքելյանը: Ըստ նրա, տարածքի աշխարհագրական դիրքը թույլ չի տալիս ճանապարհային ենթակառուցվածքային խնդիրներին վերջնական լուծում տալ:
ԿՐԿԵՍԱՅԻՆ
Սերժ Սարգսյանը, ով նաեւ ԵՊՀ շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահն է, երեկ մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում ներկա է գտնվել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» Հ/Կ «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում կառուցված բազմաբնակարան շենքային համալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Նա շրջել է համալիրում, այցելել շահառուների բնակարաններ, ծանոթացել պայմաններին: Ծրագրի շրջանակում բնակարան ձեռք բերելու հնարավորություն է ստացել թվով 490 շահառու, հիմնականում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ոլորտի մասնագետներ, երիտասարդ մանկավարժներ, լրագրողներ, բժիշկներ, դասախոսներ, գիտնականներ:
Ինչ խոսք՝ սա այն եզակի ծրագրերից է, որը, թեեւ որոշակի ուշացումներով, այնուամենայնիվ, իրականացվում է եւ զգալի աջակցություն է երիտասարդ մասնագետներին: Ընդ որում, այս ծրագրի հետ կապված տեւական ժամանակ կար միջոցների սղության խնդիր, եւ դրա իրականացումը, թերեւս, մեծապես պայմանավորված էր այն փաստով, որ Սերժ Սարգսյանը հանդիսանում է ԵՊՀ խորհրդի նախագահը: Հատկապես միջոցների սղության խնդիրը նկատի առնելով՝ առավել տարակուսելի է այն, որ երեկ հատուկ Սերժ Սարգսյանի այցի առիթով Ծարավ Աղբյուրի եւ հարակից փողոցները հապշտապ կերպով՝ ընդամենը 1.5 օրում գծանշվեցին եւ բարեկարգվեցին: Եթե այդ աշխատանքների իրականացման համար միջոցներ չկային, ապա ինչպես դրանք հայտնվեցին Ս. Սարգսյանի այցի նախօրեին, իսկ եթե կային, եւ դա չէր արվում, ապա հարց է առաջանում՝ ինչու:
Ընդհանրապես նման հարցերում շատ բան կախված է հենց երկրի ղեկավարից: Կարծում ենք՝ Ս. Սարգսյանին պետք է որ հետաքրքրեր այդ հարցը, թե ինչու են այս փողոցները հենց իր այցին ընդառաջ բարեկարգվել, եւ դա պետք է նրան ոչ թե շոյվելու, այլ լրջորեն մտահոգվելու առիթ տար: Ի վերջո, նա հո Հռոմի Պապը չէ, որ իր այցին ընդառաջ փողոցները մաքրվեն:
Արդյոք Սերժ Սարգսյանը այս մասին հարցրել է բացմանն իր կողքին կանգնած Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, դժվար թե: Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը դա նորմալ է համարում, եւ նման հարցի բարձրաձայնումը մեր քրեաօլիգարխիկ էլիտայի պայմաններում անգամ կարող է եւ սխալ ընկալվել:
Ի դեպ, առաջիկայում ՀՀ քաղաքացիները Սերժ Սարգսյանին կտեսնեն «Արմքոմեդի» երգիծական հաղորդման շրջանակներում՝ հոբելյանական 500-րդ հաղորդման հյուրի կարգավիճակում: Թերեւս այս դեպքում սխալ ընկալման խնդիր չի լինի: Ըստ ամենայնի, մեր երկիրը «կրկեսի վերածելուն» դեմ հանդես եկող նախագահի համար երգիծական հաղորդումը միանգամայն համահունչ ձեւաչափ է: