ՈՎ ՈՆՑ ԿԲՆՈՒԹԱԳՐԻ, ԻՆՉ ԿԱՆԻ՝ ԻՐ ԽՆԴԻՐՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտրական նոր օրենսգրքում կրկին փոփոխություններ անելու, իշխանության եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի միջեւ կոնսենսուս ձեւավորելու հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հետ:

-Պարո՛ն Սահակյան, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նախօրեին հայտարարեց, թե իշխանությունների հետ ԸՕ-ի շուրջ կոնսենսուս չի եղել, եղել է ընդամենը համաձայնություն որոշ հարցերի վերաբերյալ: Հիմա կա՞ կոնսենսուս, թե՞ ոչ եւ եթե չկա, այդ դեպքում միջազգային դոնոր կազմակերպություններից ի՞նչ ակնկալիքներ ունենանք:
-Կոնսենսուս ասածը պետք է հասկանանք որպես փոխադարձ համաձայնություն: Հիմա 102 կողմ ձայները կոնսենսուս չե՞ն: Մենք 4+4+4 ձեւաչափով եկել ենք քննարկման, որ ունենանք ավելի լայն կոնսենսուս, համաձայնություն: 5 հարցը իրենք են առաջ քաշել, առաջին նիստին եկան նշեցին, որ մենք ունենք 5 սկզբունքային հարց. չենք ուզում փոքր հարցերը քննարկել, որպեսզի 5 սկզբունքային հարցերը դրանց տակ չկորեն, եւ առաջ քաշեցին այս խնդիրները, մենք էլ սկսեցինք քննարկել: 5-ից 4-ի շուրջ եկել ենք համաձայնության, ինչի մասին վկայում է մեր հայտարարության տեքստը, որը բոլոր կողմերով ստորագրել ենք: Հիմա ով ոնց կբնութագրի, ինչ կանի, դա իր խնդիրն է:
-Ընտրական նոր օրենսգրքում մեկ կետ կա, ըստ որի՝ նախքան ընտրությունները յուրաքանչյուր ոք պետք է մատնահետքեր հանձնի: Արդյո՞ք այս մոտեցումը ճիշտ է, եւ որքանո՞վ է պարտադիր, որ մատնահետքերը տեղամասում եւս հանձնվեն: Չեք կարծում, որ շատերը կարող են ընդհանրապես մասնակցություն չունենալ մատնահետքի հանձնման գործընթացին, մասնավորապես հետախուզման մեջ գտնվող անձինք:
-Հետախուզման մեջ գտնվող մարդիկ եւ նրանց կարգավիճակը ընտրական գործընթացներին մասնակցելու առումով կարգավորված է: Խոսքը դրա մասին չէ՝ ոչ թե տեղամասում մատնահետք չթողնեն, այլ որպեսզի ես եւ Դուք, եթե նույնականացման քարտ չունենք, փորձենք մեր ընտրական սահմանադրական իրավուքն իրացնել, պետք է նախապես գրանցվենք, մատնահետք թողնենք, ստանանք նույնականացման քարտ եւ մասնակցենք ընտրություններին: Պրակտիկորեն հնարավոր է, չէ՞, որ զբաղված լինեք, մենք զբաղված լինենք եւ այդ գործընթացին չմասնակցենք, նախապես չգրանցվենք, բայց ընտրության օրը փորձենք մեր ընտրական իրավունքը իրացնել: Հնարավոր է, չէ՞, որ մարդիկ արտագնա աշխատանքից վերադառնան եւ փորձեն իրենց ընտրական իրավունքը իրացնել, այս դեպքում լրացուցիչ ցուցակների մեջ պետք է ընդգրկվեն սահմանված կարգով այդ գործընթացն անցնելու համար: Եթե այդ անձանց թիվը շատ լինի, եթե չհասցնենք, ընտրության օրը գան, ասեն՝ ինչու մենք չենք կարողանում մասնակցել, դա լրացուցիչ խնդիրներ կառաջացնի:
-Ներկայիս ԸՕ-ով եթե որեւէ կուսակցություն մեկ տարվա ընթացքում մասնակցի ԱԺ, Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի ավագանիների ընտրություններին, ապա միայն նախընտրական գրավի համար պետք է ծախսի 19 մլն դրամ (10+3+3+3): Հայաստանի տնտեսական պայմաններում նման բարձր գրավը ինչո՞վ է պայմանավորված:
-Յուրաքանչյուր երկրում էլ այդ պաշտպանիչ միջոցները եւ միջոցառումները կիրառվում են, որպեսզի ցանկացած քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ այս կամ այն ընտրություններին չմասնակցի: Տարբեր ցենզեր կան, կա նաեւ կանխավճարը, այսպես ասած, դրամային արտահայտության, որպեսզի խառնաշփոթ չստեղծվի: Եթե քաղաքական ուժը ինքը հավատում է իր ուժերին եւ պետք է գնա, ընտրություններին մասնակցի, կայացած է, այդ միջոցները, կարծում եմ, կճարի, առավել եւս եթե որոշակի տոկոսը հաղթահարում ես, այդ գումարը, գրավը քեզ վերադարձվում է: Սա պաշտպանիչ, զտիչ միջոցառում է, պատկերացրեք, եթե 100-ից ավել քաղաքական ուժեր մասնակցեն ընտրություններին, ինչ կլինի:
-Պարո՛ն Սահակյան, ընդդիմության մոտ կասկածներ կան, որ ֆինանսական միջոցների հայթայթման նախապայմանը դրված է, որպեսզի մինչեւ սեպտեմբեր այդ հարցը չլուծվի, եւ չընդունվի այս փաթեթը: Ի՞նչ կասեք:
-Մենք մեր խոստումները կատարել ենք. միանգամից արտահերթ նիստ հրավիրեցինք, քննարկեցինք, եւ այն հայտարարությունը, որ ստորագրել ենք, կետ կա, որ դիմում է միջազգային դոնոր կազմակերպություններին, եւ այն կողմերը, որ բանակցել են, բանակցել են միասին միջազգային կառույցների հետ եւ եղել են բաց, թափանցիկ, բոլորի համար հասանելի: Եւ միջազգային հանրությունն է հավանություն տվել, եւ ասել այս կամ այն հարցի շուրջ եթե կգաք համաձայնության, մենք այդ ընդհանուր եզրահանգումը դրամական միջոցներով կներկայացնենք եւ կիրականացնենք:
Մենք ամեն ինչ անում ենք, որ այդ հնարավորությունը լինի, բայց այս մթնոլորտը, անլուրջ պահվածքը, կարծում եմ, բացասական ազդակ կարող է լինել միջազգային դոնոր կազմակերպություններին:

 

 

 
ԻՆՉՈՒ ԷՐԴՈՂԱՆԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՑ ՊՈՒՏԻՆԻՑ

Հունիսի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ էր հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որում իր խորին ցավակցությունն էր հայտնել ռուս օդաչուի մահվան կապակցությամբ` ներողություն խնդրելով նաեւ Սու-24-ի խոցման համար:

Թե ինչ նպատակ է հետապնդում Էրդողանի այս նամակը, թերեւս դժվար չէ կռահել: Բայց արդյոք դա պայմանավորված էր վերջին իրադարձություններով, մասնավորապես Հռոմի Ֆրանցիսկոս Պապի Հայաստան կատարած այցով, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանից:
«Անկեղծ որ լինենք, ես սպասում էի, որ սա մի օր պետք է լիներ: Թուրքիան չի կարող պարզապես ռուսական տնտեսական պատժամիջոցների շարունակականության տակից դուրս գալ, որովհետեւ դրանից նաեւ տուրիզմն է էապես տուժում, այսօր արդեն տուրիստական սեզոնն է, եւ թուրքական միջերկրածովյան հանգստավայրերը դատարկ են կամ կիսադատարկ, ինչպես նաեւ թուրքակական արտադրության գյուղմթերքների եւ այլ արտադրանքների մուտքի արգելքն է հարվածում թուրքական տնտեսությանը»,- նշեց Թորոսյանը:
Նրա խոսքով, Էրդողանի անակնկալ նամակը պայմանավորված էր նաեւ Հռոմի Պապի Հայաստան կատարած այցով: «Կարծում եմ, որ Էրդողանի այս հապճեպ նամակը պայմանավորված էր նաեւ Հռոմի Պապի Հայաստան այցելությամբ, քանի որ ամբողջ արեւմուտքը աջակցության մեսիջ էր հղում Հայաստանին: Բնականաբար Թուրքիան ելնելով ստեղծված իրավիճակից քայլեր պետք է ձեռնարկեր Ռուսաստանի հետ հարաբերությունները շտկելու եւ տարածաշրջանում հնարավոր անցանկալի զարգացումներից խուսափելու համար»,-հավելեց պատգամավորը:
Նրա պնդմամբ Թուրքիան ռուս-թուրքական հարաբերությունների հնարավոր ջերմացումը կփորձի օգտագործել իր հակահայկական ծրագրերում:
Իսկ ինչ պետք է անենք մենք այս պարագայում: Այս հարցին ի պատասխան` Թորոսյանը նշեց. «Մենք այս պայմաններում պետք է կարողանանք հստակ ձեւակերպել եւ սպասարկել մեր շահերը ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի հետ կայուն հարաբերությունները կարգավորելով եւ ամրապնդելով: Պետք է կանխենք Թուրքիայի հնարավոր վատ ներգործությունը Հայաստանի քաղաքական շահերում»:
Հիշեցնենք, որ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները սրվել էին անցած նոյեմբերի 24-ին՝ թուրքական կործանիչի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՐԿԵՍԻ ՎԵՐԱԾՈՂՆԵՐԸ
Երեկ ԱԺ-ում ԸՕ-ում փոփոխությունների նախագիծը քննարկելիս ընտրությունների բարելավման համար անհրաժեշտ գումարները հայթայթելու առնչությամբ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանը հայտարարեց. «Դա այնպիսի մեծ գումար չէ, ընդամենը 14-16 մլն դոլար է: Մեր տաղանդավոր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի համար «Մանչեսթր Յունայթեդ» թիմը 26 մլն ֆունտ ստեռլինգ է առաջարկել: Կարծում եմ` կարելի է իր գործակալին դիմել, մի կետ ավելացնել պայմանագրում, որ իր հայրենիքի ժողովրդավարության համար գումար է հատկացնում»: Փաստորեն, երբ Սերժ Սարգսյանն անցած տարի հայտարարում էր, թե կրկեսի վերածելու հայրենիք չունենք, մտավախություն ուներ, որ իր կուսակիցները հետեւողական փորձում են մեր հայրենիքը կրկեսի վերածել: Իսկ ո՞վ է հերթական «կրկեսային մտածողությամբ» աչքի ընկածը. Լեւոն Մարտիրոսյանը, որի եղբայրը` Գարիկ Մարտիրոսյանը, «Քոմեդի քլաբ» հումորային նախագծի հայտնիներից է: «Կրկեսային ընկալումներով» աչքի ընկած պատգամավորները, կարծես թե, այնքան էլ լավ չեն վարձատրվում: Լ. Մարտիրոսյանը նախորդ տարի ունեցել է 1 մլն 200 հզ. դրամ: Նա որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը՝ ամսական 554 հզ. դրամ: Սակայն մինչ ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դառնալը 2001թ. Մարտիրոսյանը հիմնադրել է «Երիտասարդ Դեմոկրատների Միություն» ՀԿ-ն, 2003թ՝ «Բրիտանական Շրջանավարտների Ասոցիացիա» ՀԿ-ն, որի անդամ է նաեւ Ս. Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Մ. Մինասյանը, ու պաշտոնապես հայտնի չէ, թե այդ ՀԿ-ներով ինչքան գումար է ստանում պատգամավորը:

 

 

ՋՆԴԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ
2016թ. ապրիլի 2-ին շորթման կասկածանքով ձերբակալվեց, իսկ ավելի ուշ կալանավորվեց «Շամս» մարդասիրական ՀԿ նախագահ, քրեական հեղինակություն Ջնդի Ամարյանը: Նրա կալանավորումը դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել եզդիական համայնքի շրջանում: Երեկ՝ շուրջ երկու ամիս կալանքի տակ մնալուց հետո, Ջ. Ամարյանը «Նուբերաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակվեց: Մեր տեղեկություններով՝ Ջ. Ամարյանին մեղադրանք առաջադրելու պատճառը եղել է այն, որ Վրաստանի երկու քաղաքացի, որոնք օրենքով գողեր են եղել, նրան պատկանող «Արեւելյան խոհանոց» ռեստորանում ինչ-որ անձի հետ են հանդիպել: Նրանց միջեւ ինչ-որ գումարային խնդիրների հետ կապված վիճաբանություն է ծագել: Ջ. Ամարյանը միջամտել է զրույցին, հայ քաղաքացուն ասել է, որ նա պետք է վերադարձնի պարտքը: Զրույցն ավարտվել է վեճով, ինչի արդյունքում խնդրին միջամտել են իրավապահները:

 

 

ՂԱՐԱԲԱՂԻՑ ԵՐԵՎԱՆ
Սերժ Սարգսյանի՝ 2016թ. հունիսի 16-ին ստորագրած հրամանագրով Կարեն Մարդանյանը նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նորանշանակ դատավորը շուրջ 7 տարի աշխատել է ԼՂՀ դատարանում: Պարզվում է, որ վերջինս մեկ տարի առաջ է առաջին անգամ փորձել ՀՀ-ում դատավոր նշանակվել, սակայն այն ժամանակ չի հաջողվել:




Լրահոս