ԱՆՀՐԱԺԵՇՏ Է, ՈՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱԿՆՈՏ ԿՈՉԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա մայիսի 12-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց կոռուպցիայի դեմ անխոնջ պայքար: «Կոռուպցիոն երեւույթներն, ըստ մարմինների, պետք է դառնան առանձին չափման առարկա, այդ թվում՝ սոցիոլոգիական հարցումների միջոցով: Թե՛ մարմինների ղեկավարները եւ թե՛ կոռուպցիայի դեմ պայքարող իրավապահները պետք է հանրային հաշվետվություն ներկայացնեն այդ ցուցանիշների դինամիկայի հետ կապված: Վատթարացող կամ անփոփոխ վիճակի պարագայում մենք հետեւություններ կանենք, այդ թվում՝ կադրային հարցերում… Մենք պետք է շատ արագ կոշտ մեխանիզմներ ներդնենք, որոնք կբացառեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ նրանց հետ փոխկապակցված ազգականների մասնակցությունը պետական գնումներին եւ պետական միջոցներով իրականացվող ծրագրերին»,- վստահեցրեց Հովիկ Աբրահամյանը:

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ՝ հասկանալու՝ ինչպե՞ս է ԱՄՆ-ն գնահատում Հայաստանի ծավալած պայքարը կոռուպցիայի դեմ:
-Վերջին ամսվա ընթացքում ավելի ու ավելի շատ խիստ հայտարարություններ են եղել ՀՀ կառավարության կողմից կոռուպցիայի վերացման, ինչպես նաեւ անարդար գործարար գործելակերպի կրճատման վերաբերյալ,- պատասխանեց պարոն դեսպանը՝ հավելելով,- ինչպես անցյալ տարվա սեպտեմբերին տված հարցազրույցում նշել էի ես, կոռումպացված ու անարդարացի գործելակերպը հետ է պահում երկրի տնտեսությունը ու կարող է վտանգել ազգային անվտանգությունը: Հուսադրող է լսել նման հայտարարություններ, եւ մենք աջակցում ենք դրանց իրականացման ուղղությամբ կառավարության ջանքերին: Նախկինում մենք աշխատանք ենք իրականացրել իրական փոփոխությունների աջակցելու համար: Օրինակ՝ դեսպանությունն աշխատել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ կենսաթոշակային տվյալների բազաների մաքրման ու թվայնացման ուղղությամբ՝ կոռուպցիայի ու կաշառակերության հավանական դրսեւորումների վերացման նպատակով: Այդ աշխատանքների արդյունքում նախարարությունը կարողացավ ցուցակներից բացառել մահացած, սակայն թոշակ ստացող կենսաթոշակառուներին ու ձեւավորված խնայողությունների հաշվին հնարավոր եղավ առանց բյուջեի ծախսերի ավելացման բարձրացնել գործող կենսաթոշակառուների թոշակի չափը: Սա հուսադրող օրինակներից մեկն է, եւ անհրաժեշտ է, որ նման քայլեր ավելի շատ լինեն, այդ թվում նաեւ իրականացվեն կառավարության ներկայիս հավակնոտ կոչերը: Ուզում եմ նաեւ շեշտադրել այն կարեւոր դերակատարումը, որ ունեցան անկախ ու արհեստավարժ լրագրողները՝ լույս սփռելով կասկածելի գործարքների ու անբացատրելի հարստության հարցերում: Հայ լրագրողների հոդվածները, այդ թվում պանամյան փաստաթղթերի հետ կապված հետաքննչական աշխատանքը օգնեցին ուշադրություն հրավիրել խնդրահարույց հարցերին ու հաշվետվողականության կոչեր հնչեցնել: Դեսպանատունը եւ ես ողջունում ենք արհեստավարժ լրագրողական գործունեությունը, որը միտված է քաղաքացիների առաջ կառավարության հաշվետվողականության ապահովմանը:
-ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, խոսելով Ձեր մասին, ասել էր՝ թող իրենց տանը կարծիքը հայտնի: Բայց հետո, փաստորեն, մեր իշխանություններն էլ համոզվեցին, որ կոռուպցիան ազգային անվտանգության հարց է: Եւ արդեն սկսվել են մեքենաներ կրճատվել, գործուղման ծախսերը նվազեցնել, մարդիկ են ձերբակալվում եւ այսպես շարունակ: Դուք հավատո՞ւմ եք այս քայլերի էֆեկտիվությանն ու շարունակականությանը:
-Ես հավատացած եմ, որ կոռուպցիան ազգային անվտանգության խնդիր է, ինչպես ասել եմ անցյալ տարվա սեպտեմբերին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, որտեղ նշել եմ այն պատճառները, թե ինչու է դեսպանատունը գործակցում հայ ժողովրդի հետ կոռուպցիայի դեմ պայքարում: Կոռուպցիան նաեւ խոչընդոտում է տնտեսական աճին, վնասում մարդու իրավունքների կայացմանը եւ խարխլում է ժողովրդավարությունը: Առկա են կոռուպցիայի տարբեր տեսակներ, սկսած պետական գնումների համակարգում առկա կոռուպցիայից մինչեւ մանրածախ կոռուպցիա, որին առերեսվում են քաղաքացիները առօրյա կյանքում: Կոռուպցիայի դեմ պայքարը անելիքների ցանկի կետ չի, որի դիմաց կարելի է «կատարված է» նշում դնել: Դա գործընթաց է, որտեղ ստանդարտներ են սահմանվում, ապահովվում է հաշվետվողականություն, ու անհատները առաջ են շարժվում այդ ստանդարտներով: Դա նաեւ մի այնպիսի գործընթաց է, որը երբեւէ վերջ չունի. դա շարունակական գործընթաց է, որով երաշխավորվում է, որ պետությունը քաղաքացիների միջոցների ու շահերի վստահելի պաշտպանն է: Կարծում եմ՝ կառավարության կողմից ծառայողական մեքենաների հնարավոր չարաշահումների եւ պետական գնումներում ներգրավված անձանց հետ կապված հետաքննությունները ճիշտ ուղղությամբ ձեռնարկված քայլեր են: Գնումների գործընթացի եւ գույքի օգտագործման նման գնահատումներ կատարվում են նաեւ ԱՄՆ-ում: Մեր փորձը ցույց է տալիս, որ վարչական ապարատում ու պետական պաշտոնյաների շրջանում ծախսերի չարաշահումներ թույլ չտալու համար անհրաժեշտ են դերակատարների ու ընթացակարգերի լայն շրջանակ. սկսած բոլոր ազգային մարմիններում տեղակայված ակտիվ անկախ քննիչներից ու կոնգրեսի մշտական վերահսկողությունից մինչեւ լրագրողներ, ովքեր սանրում-զտում են հանրային տեղեկատվությունը եւ ՀԿ-ներ, որոնք վեբ-կայքերի հիմքի վրա ձեւավորում են համակարգեր, որոնցով պետական գնումների մասին տեղեկատվությունը հասանելի է դառնում հանրությանը: Խարդախության ու կոռուպցիայի վերհանումն ու դրանց դեմ միջոցների ձեռնարկումը շարունակական աշխատանք է:
-Հայաստանյան հատկապես ո՞ր կուսակցության հետ է ԱՄՆ դեսպանատունը առավել սերտ եւ հաջողված համագործակցում:
-Հայաստանում, բարեբախտաբար, մեզ հաջողվել է կապեր ձեւավորել քաղաքական դաշտի ամբողջական տիրույթում՝ ներառելով թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական կուսակցություններ: Մենք նաեւ կապեր ունենք հայ հասարակության լայն շրջանակներ ներկայացնող կազմակերպությունների ու անհատների հետ, որոնց շարքում կան ակտիվիստներ, լրագրողներ, ՀԿ-ներ, գործարարներ, հետազոտական կենտրոններ, մանկավարժներ, ուսանողներ, մշակութային ոլորտի ներկայացուցիչներ եւ այլք:
շարունակելի

Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

 

 

 
ՊԱՊԻ ԳԵՐԵԶՄԱՆԻՆ ՉԻ ԱՅՑԵԼՈՒՄ
Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղում է Լեւոն Տեր-Պետրոսյանի մորական պապի՝ Պետրոս Ղարիբյանի գերեզմանը: Պ. Ղարիբյանը ծնվել է 1882թ., մահացել 1948թ.-ին: Խաշթառակի գյուղապետ Անդրանիկ Վիրաբյանը հայտնեց, որ երբ Լեւոն-Տեր Պետրոսյանը նախագահ էր, այցելել է պապի գերեզմանին, այցի կապակցությամբ 2 արկղ ապակի նվիրել Խաշթառակի միջնակարգ դպրոցի պատուհանների ապակեպատման համար: Գյուղապետը հայտնեց, որ իրենք համայնքապետարանի աշխատող ունեն, ով հոգ է տանում գերեզմանների բարեկարգ վիճակի, այդ թվում Պետրոս Ղարիբյանի գերեզմանի շրջակայքի մաքրության համար: Խաշթառակի բնակիչները նշեցին, որ երկրի առաջին նախագահը վաղուց չի այցելում մորական պապի շիրիմին:

 

 

ԳԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 24-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղում 17-ամյա Աստղիկ Հանիսյանին դանակի բազմաթիվ հարվածներ հասցրած 25-ամյա Արսեն Խոջոյանի նկատմամբ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի հունիսի 27-ի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել 2 ամիս ժամկետով կալանքը: ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը») մեղադրվող Արսեն Խոջոյանի շահերը պաշտպանում է հանրային պաշտպան Աննա Մեջլումյանը, ով ներկա է եղել դռնփակ դատական նիստին: Ա. Խոջոյանը կատարած արարքի համար ընդունում է իր մեղքը, ոստիկաններին մատնացույց է արել այն վայրը, ուր դանակի 10-ից ավել հարվածներ է հասցրել անչափահաս աղջկան: Ա. Խոջոյանը արտաքինից հոգեկան հիվանդի տպավորություն չի թողնում, սակայն 2014 թվականի մարտի 7-ից ապրիլի 10-ը Ադրբեջանի տարածքում գտնվելն ազդել է նրա հոգեկան առողջության վրա: Ադրբեջանից վերադառնալուց հետո նա բուժվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունից տեղեկացանք, որ առաջիկայում նրա նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն կնշանակվի: Ա. Խոջոյանը ներկայումս գտնվում է Բերդի քննչական մեկուսարանում: Արսենը մտերիմ հարաբերություններ է ունեցել 17-ամյա աղջկա հետ: Հունիսի 24-ին Ա. Խոջոյանն Աստղիկ Հանիսյանին հրավիրել է Բերդի «Ուռենի» սրճարան, հյուրասիրել, ապա միասին գնացել են Վերին Կարմիրաղբյուր գյուղի Ճակատի աղբյուր տեղանք, ուր տեղի է ունեցել դեպքը: Հավելենք, որ Արսեն Խոջոյանը Սեւանի տարածաշրջանում վարձով հովիվ է աշխատել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԵՐԺԻ
ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում թեթեւ արդյունաբերության բնագավառում գործում է «Բազում Ֆիրմա» արտադրական կոոպերատիվը: Այն իրականացնում է տղամարդու, կանացի, մանկական վերնահագուստի արտադրություն: Նախատեսվում է արտադրանքի ծավալը 60 մլն դրամից հասցնել 200 մլն դրամի, իսկ ներկայիս 65 աշխատատեղը հասցնել 200-ի՝ 80 000-120 000 դրամ միջին աշխատավարձով: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Բազում Ֆիրմա» Ա/Կ-ն հայտ է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, հումքի եւ նյութերի ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու խնդրանքով: Ա/Կ-ի այս պահանջը էկոնոմիկայի նախարարությունը կներկայացնի կառավարության վաղվա նիստին: Մեր տեղեկություններով, սակայն կառավարությունը մտադիր է մերժել «Բազում Ֆիրմա» Ա/Կ-ի հայտը:
Բանն այն է, որ «Բազում Ֆիրմա»-ի կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2014 թվականի նոյեմբերի 5-ը: Սակայն ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության արդյունքում ՀՀ-ում մաքսային հսկողության ներքո գտնվող եւ մինչեւ պայմանագիրն ուժի մեջ մտնելը մաքսային մարմինների պատասխանատու պահպանության հանձնված ապրանքները պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից համարվում են ժամանակավոր պահպանության հանձնված ապրանքներ: Եւ այդ ապրանքների նկատմամբ կիրառվում են մաքսային միության մաքսային օրենսգրքի, ԵՏՄ իրավունքի մաս կազմող միջազգային այլ պայմանագրերի եւ այլ ակտերի դրույթները: Դրանց ժամանակավոր պահպանության ժամկետը հաշվարկվում է պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից: Հաշվի առնելով այն, որ պայմանագիրն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 2-ից, ժամանակավոր պահպանության առավելագույն ժամկետի ավարտից հետո դրանք պետք է ձեւակերպված լինեին մաքսային միության մաքսային օրենսգրքով սահմանված ընթացակարգերից որեւիցե մեկով: Ըստ այդմ, նախագծի դրույթները չեն կարող տարածվել մինչեւ 2015 թվականի հունվարի 2-ը՝ 2014 թվականի նոյեմբերի 5-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա, իսկ հայտում ներկայացված ցանկում ընդգրկված են բացառապես մինչեւ 2015 թվականի հունվարի 2-ը ներմուծված ապրանքները:




Լրահոս