Արդեն 6 օր է՝ Վերին Լարսի անցակետը փակ է, ինչի պատճառով հայ բեռնափոխադրողները շարունակում են հսկայական վնասներ կրել: Երեկվա դրությամբ դեռ պաշտոնական տեղեկություն չկար այն մասին, թե անցակետը կոնկրետ երբ կբացվի: Իսկ մինչ այդ պատկան մարմինները փոխադրողներին առաջարկում են այլընտրանքային տարբերակ՝ լաստանավերով իրենց բեռնած մեքենաները տեղափոխել նավահանգիստ, ինչի դեպքում բեռնափոխադրողները դարձյալ ոչ փոքր վնասներ կկրեն, քանի որ ստիպված կլինեն վճարել լաստանավերով տեղափոխման գումարը:
Հունիսի 23-ին քարաթափման հետեւանքով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը: Թերեք գետի մակարդակի բարձրացման արդյունքում առաջացել է ջրածածկման վտանգ: Նախնական տվյալներով անցակետը փակ կլինի մոտ մեկ շաբաթ:
Վերին Լարսի անցակետի փակման խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանի հետ, ում գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը ֆորս-մաժորային է: «Բնական աղետի հետեւանքով է փակվել անցակետը: Դա մեծ վնաս է հասցրել ոչ միայն Հայաստանին, այլեւ Վրաստանին»,- նկատեց Պետրոսյանը:
Այնուհանդերձ, նկատենք, որ տարվա բոլոր եղանակներին տարբեր առիթներ են լինում Վերին Լարսի անցակետի փակման համար: Ի՞նչ է մտածում ՀՀ կառավարությունը դեպի հյուսիս տարանցման այս միակ կոմունիկացիայի մասին: Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց տրանսպորտի եւ կապի փոխնախարար Ա. Առաքելյանի հետ. «Խոսքը այլ երկրի տարածքում գտնվող ավտոմոբիլային ճանապարհի մասին է: Այսինքն՝ ՀՀ ուղղակի միջամտությունը մեր իրավասություններից դուրս է: Լարսը դա շատ բարդ լեռնային գոտի է: Այս պահի դրությամբ լեռնային սահմանափակումները թույլ չեն տալիս, որ կոնկրետ լուծում տրվի խնդրին»:
«Ժողովուրդ»-ի հարցին՝ Հայաստանն այս խնդիրը հիմնավորապես լուծելու ուղղությամբ ի՞նչ է անում, փոխնախարարը պատասխանեց. «Հայաստանը ի՞նչ միջոց կարող է ձեռնարկել: Ինչ վերաբերում է ճանապարհային ենթակառուցվածքային լուծումներին, ուղղակի այդ տարածքի աշխարհագրական դիրքը թույլ չի տալիս վերջնական լուծումներ իրականացվեն այնտեղ: Այնպես որ իրավիճակը սա է, եւ որեւէ մեկի աշխատանքից կախված չէ դրա կտրուկ փոփոխությունը»:
Իսկ Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով Վերին Լարսի անցակետի փակմանը, ասաց. «Գետը իր հունը փոխել է եւ սկսել է ճանապարհի վրայով ընթանալ: Ոչ ոք չի կարող ասել՝ այս խնդրի լուծման համար մեկուկե՞ս ամիս կպահանջվի, թե՞ տասը օր: Դրանք ենթադրություններ են: Մինչեւ գետի հունը չբացվի, ջուրը չիջնի իր տեղը, չեն կարող ստուգել՝ ջուրը ճանապարհը փչացրե՞լ է, թե՞ ոչ: Կարող է՝ ջուրը ասֆալտի տակի գրունտը քշել, տարել է եւ փչացրել է ասֆալտը, իսկ այդ դեպքում ասֆալտը վերանորոգելու համար մեկ ամիսն էլ չի բավարարի»:
Մասնագետի խոսքերով՝ այս նրբությունները դեռ վրացական կողմը պետք է պարզի: Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ վրաց պատկան մարմինները զգուշացնում են, թե փլուզման վտանգ կա:
Վերջինս նկատեց, որ այն փոխադրողները, ովքեր ունեն լրացուցիչ միջոցներ, իրենց բեռը լաստանավով են տեղափոխում, ովքեր էլ չունեն, անհույս սպասում են, ինչի արդյունքում նրանց ապրանքը փչանում է: Իսկ փոխադրողների վնասների փոխհատուցման հարցը դեռեւս ոչ մի պետական կառույց չի քննարկում:
Նկատենք, որ մեր երկրի բեռնափոխադրող ընկերությունների համար մեծ խնդիր է սեփական լաստանավ չունենալը: Հայաստանյան ընկերությունները դրանք ձեռք են բերում վարձակալությամբ: Օրինակ՝ «Սպայկա» ընկերությունն ունի վարձակալած 3 լաստանավ: «ժողովուրդ»-ը գյուղատնտեսության նախարարությունից տեղեկացավ, որ բացի «Սպայկա»-ից՝ այլ ընկերություն չունի վարձակալած լաստանավ:
ԳՆ-ն առիթը բաց չի թողնում՝ «Սպայկա» ընկերության գովազդն անելու համար եւ փոխադրողներին կոչ է անում օգտվել միայն «Սպայկա»-ի վարձակալած լաստանավերից: Իսկ Փոթիից Նովոռոսիյսկ մեկ բեռնատար մեքենայի փոխադրման արժեքը կազմում է 1000 դոլար: Հավելենք, որ ԳՆ-ն վստահեցնում է, որ փոքր քանակի գյուղմթերքը, որը չի հաջողվել արտահանել ՌԴ, իրացվել է վրացական շուկայում: «Ամեն բան արվել է, որ ընկերությունները վնասներ չկրեն, ուստի փոխհատուցման պահանջ չկա»,- «Ժողովուրդ»-ին հայտնեցին ԳՆ-ից:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ