Իշխող ՀՀԿ խմբակցության կազմում այսօր կան պատգամավորներ, որոնք բոլորովին այլ կուսակցությունների ղեկավարներ են: Պարզապես պատգամավորական մանդատ են ստացել՝ ՀՀԿ ընտրացուցակ մտնելով: Ի՞նչ ապագա է սպասվում նրանց:
«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ մի քանի հարցեր է ուղղել «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանին:
-Պարո՛ն Գեղամյան, հաշվի առնելով ամառային հանգստյան տրամադրությունները՝ այժմ քաղաքական շատ ուժեր արձակուրդում են գտնվում: Դո՞ւք էլ եք քաղաքական արձակուրդում, թե՞ ինչ-որ գործունեություն եք ծավալում:
-Եթե հարյուրավոր էջ տպագիր նյութերով հանդես եմ գալիս, բնականաբար, քաղաքական արձակուրդի մասին խոսք լինել չի կարող: Եթե Ձեզ ժամանակը ների, յանդեքսով կամ գուգլով Արտաշես Գեղամյան քլիք անեք, հաստատ կտեսնեք, որ ինտերնետային դաշտը ողողված է թե՛ հարցազրույցներով, թե՛ հոդվածներով, թե՛ գրքերով:
-Իսկ ինչպիսի՞ խորհրդարանական աշուն եք կանխատեսում եւ ինքներդ աշնանը ի՞նչ ակտիվությամբ եք աշխատելու:
-Տարվա եղանակների հետ քաղաքականությունը կապում են միայն սինօպտիկները, քաղաքական գործիչների համար մշտապես տարվա 4 եղանակներն էլ քաղաքական դաշտում առկա են, նայած թե որ դաշտում ես դիրքավորում՝ ձմեռվա, գարնանային, ամառվա թե աշնանային:
-Պարո՛ն Գեղամյան, 2017 թվականին Ձեզ խորհրդարանում տեսնո՞ւմ եք եւ որոշե՞լ եք, թե որ կուսակցության ցուցակով եք առաջադրվելու:
-Մինչեւ առաջիկա խորհրդարանական ընտրությունները բավականին ժամանակ կա, ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցության հետ համագործակցությանը, 4 տարիները, իմ կարծիքով, համոզեցին եւ ապացուցեցին, որ շատ արգասաբեր է եղել գոնե իմ եւ մեր կուսակացության համար, իսկ թե մեր կուսակցության դաշնակցությունը Հանրապետականի հետ ինչ ազդեցություն է թողել հանրապետականի վրա, ես կոռեկտ չեմ համարի դա մեկնաբանել իմ գործընկերների փոխարեն:
-Ձեր կարծիքով իշխանության նկատմամբ հանրության կողմից կորցրած անվստահությունը չի խանգարի՞ մանդատներ ստանալու հարցում:
-Եթե հանրությունը կորցնի վստահությունը իշխանության հանդեպ, դա նշանակում է, որ հանրությունը կորցրել է վստահությունը նաեւ «Ազգային միաբանության» եւ անձամբ իմ հանդեպ: Այս պարագայում, ինչ խոսք, էլ ավելի ջանադրաբար կաշխատենք, որ հիմնավորենք ու ապացուցենք, որ Հայաստանի կայունացման եւ զարգացման մայրուղին պայմանավորված է Հանրապետական կուսկացությամբ եւ նրա դաշնակիցներով:
-Պարո՛ն Գեղամյան, Դուք ի՞նչ վերաբերմունք ունեք վերջին շրջանում մեկը մյուսի հետեւից ստեղծվող կուսակցությունների նկատմամբ: Քաղաքական դաշտում նրանք, ըստ Ձեզ, ինչպիսի՞ ազդեցություն կարող են ունենալ:
-Նախ՝ ուզում եմ բոլորին ցանկանալ բարի մուտք մեծ քաղաքականություն՝ նորաստեղծ կուսակցության տեսքով, երկրորդը՝ ժամանակը ցույց կտա: Կանխագուշակումներ անել քաղաքականության մեջ շատ անշնորհակալ գործ է: