Որն է եղել նախկին կնոջը և նրա ծնողներին կացնահարելու իրական պատճառը. նոր մանրամասներ Շենգավիթում տեղի ունեցած արյունալի դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երևանում գրացված արտակարգ և ողբերգական միջադեպից  ArmLur.am-ին որոշակի մանրամասներ հայտնի դարձան, համաձայն որոնց` սպանության իրական պատճառը ոչ թե երեխային տեսակցել չկարողանալն էր, այլ ֆինանսական խնդիրները. «Խնդիրը ոչ թե երեխային տեսակցել չկարողանալն է, որի մասին Վլադիմիրը հեռուստաշոուներից մեկի ժամանակ է հայտնել, այլ ֆինանսական հարթության վրա է: Նա սկզբում օգտվում էր Թագուհու և նրա մոր ֆինանասական միջոցներից, իսկ հետո, երբ արդեն նա և Թագուհին ամուսնալուծվել են և դուրս են հանել նրան տանից, ֆինանսական օժանդակություն ստանալու ակնկալիքով սկսել է հետապնդել ընտանիքին»,- այս մասին ArmLur.am-ին հայտնեց նախկին ամուսնու կողմից ծանր վիրավորում ստացած Թագուհի Մանսուրյանի իրավապաշտպանը` Մարինե Ֆարմանյանը:

Հիշեցնենք, որ երեկ Սողոմոն Տարոնցու նրբանցքի 7 շենք թիվ 1 բնակարանի շքամուտքում, վիճաբանության ժամանակ, Վլադիկ Մարտիրոսյանը կացնահարել է նախկին կնոջը՝ 1979 թ. ծնված Թագուհի Մանսուրյանին, նրա հորը՝ 1954 թ. ծնված Վաչագան Մանսուրյանին, և մորը՝ 1952 թ. ծնված Կարինե  Մանսուրյանին: Վերջինս վնասվածքներից տեղում մահացել է, իսկ Թ. Մանսուրյանը և Վ. Մանսուրյանը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Մարինե Ֆարմանյանի փոխանցմամբ` այդ ընտանիքի գործն արդեն մեկ տարի է, ինչ իր վարույթում է և վերջին շրջանում գրեթե ամեն օր զանգեր է ստացել Թագուհուց, ով բողոքել է ամուսնու կողմից պատճառված անհանգստությունից. «Ես իրականում դժգոհ եմ խնամակալության հանձնաժողովի աշխատանքներից, որովհետև Վլադիկի` այն ժամանակվանից դեռևս դրսևորած վարքագիծը ոչ ադեկվատ էր: Ես շատ եմ բարձրաձայնել այն մասին, որ անառողջ հոգեբանության տեր մարդ է, ագրեսիվ է և չի կարողանում իրեն վերահսկել, ուստի պետք էր նրա տեսակցությունների քանակը կրճատել»:

Ֆարմանյանը նաև նշեց, որ եղել են դեպքեր, երբ ընտանիքի անդամները դիմել են ոստիկանություն, որովհետև Վլադիմիրը հարձակվել է նրանց վրա. «Նա սպասում էր Թագուհիենց տան դալանի մոտ, և երբ դուրս էին գալիս ընտանիքի անդամները, հետևից հարվածում էր նրանց, իսկ ոստիկանությունում ասում էին, որ անձի ինքնությունը պարզված չէ, և հանցագործության սուբյեկտի բացակայության հիմքով գործին ընթացք չէին տալիս»:

Փաստաբանի խոսքերով անառողջ և ագրեսիվ վարքագծով աչքի ընկնող տղամարդը երեխայի համար երբևէ ոչինչ չի գնել և որպես հայր` իր պարտականությունները չի կատարել: Իսկ անդրադառնալով արյունալի դեպքին` փաստաբանն ասաց, որ այժմ Թագուհու վիճակը դեռևս գնահատվում է կայուն-ծանր և միակ հույսը հրաշքն է, որ նա կփրկվի:

Լուսանկարը` shamshyan.com-ի:




Լրահոս