ԼՂՀ խնդրի կարգավորման հարցի շուրջ վերջին հաղորդագրությունները, որոնք միանգամից երեք աշխարհաքաղաքական կենտրոններից են ստացվում` Մոսկվա, Վաշինգտոն եւ Փարիզ, վկայում են, որ առաջիկայում տեղի կունենա Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հերթական հանդիպումը, ամենայն հավանականությամբ, Ֆրանսիայում` նախագահ Ֆրանսուա Օլանդի հովանու ներքո:
Այլեւս ակնհայտ է. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացը հնարավորինս փորձում են արագացնել: Սակայն այս արագացումն իր բնույթով սովորական չէ եւ նախորդներից տարբերվում է. համանախագահներն ընդգծված փորձում են ամեն ինչ անել, որպեսզի առաջիկա ամիսներին ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ կոնկրետ փաստաթուղթ ստորագրվի:
Առաջին հայացքից կարող է թվալ, թե այս արագացումը պայմանավորված է քառօրյա պատերազմով: Այսինքն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ցանկանում են խնդիրը լուծել, որպեսզի ռազմական գործողությունները կրկին չվերսկսվեն: Որքան էլ այս մոտեցումն առաջին հայացքից հիմնավոր է թվում, բայց ամենակարեւոր հարցի` գործընթացի արագացման իրական պատճառները չի մատնանշում: Ի վերջո, ինչո՞ւ են միջնորդները ցանկանում մի քանի ամսում արդյունքի հասնել եւ չեն սպասում, օրինակ, մինչեւ 2017 թվականի գարուն: Հասկանալի է, չէ՞, որ ներկա նախընտրական շրջանում Հայաստանի իշխանությունները եւ հատկապես Սերժ Սարգսյանն ամեն կերպ խուսափելու են ԼՂՀ խնդրի կարգավորմանն առնչվող որեւէ փաստաթուղթ ստորագրելուց, քանի որ նման քայլը ճակատագրական կլինի անձամբ նրա եւ իր կուսակցության` իշխող ՀՀԿ-ի համար: Տեսականորեն ենթադրվում է, որ միջնորդներն այս փուլում պետք է միայն մեկ խնդիր լուծեն` համոզվեն, որ հրադադարի ռեժիմն այլեւս չի խախտվի, եւ սպասեն մինչեւ խորհրդարանական ընտրությունների ավարտը, ինչպես վարվել են նախորդ բոլոր նախագահական եւ ԱԺ ընտրություններից առաջ:
Իրականում ներկա արագացման բուն պատճառը, կամ այլ կերպ ասած՝ շան գլուխը հենց առաջիկա խորհրդարանական ընտրությունների տակ է թաղված: Բանն այն է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, անկախ դրանց արդյունքներից, միջնորդները ստիպված են լինելու ԼՂՀ խնդիրը, այսպես ասած, «ռեստարտ» անել, այսինքն՝ նախորդ տարիների անցած ուղին հիմք ընդունելով հանդերձ՝ ամեն դեպքում ամեն ինչ սկսել նորից: Բանն այն է, որ գալիք Աժ ընտրություններից հետո Հայաստանը դառնում է խորհրդարանական երկիր, եւ կառավարման համակարգի տրամաբանությունն ամբողջությամբ փոխվում է: Այլեւս Հայաստանում չի լինի մեկ պաշտոնյա, որը կունենա առաջնային մանդատ, այսինքն՝ իրավունք կունենա միանձյա որոշել` ընդունել ԼՂՀ խնդրի կարգավորման այս կամ այն առաջարկը, թե մերժել:
Կասկածից վեր է, որ իրադարձությունների զարգացման այս տարբերակները միջնորդները շատ լավ գիտակցում են, եւ հենց դա է պատճառը, որ նրանք փորձում են գործընթացը արագացնել` հենց այս փուլում փաստաթուղթ ստորագրելուն հասնելու համար, քանի որ հետագայում նման հնարավորությունը այլեւս չի լինի: Ավելին՝ բացառված չէ, որ Ադրբեջանը եւս հենց այդ հանգամանքով պայմանավորված է քառօրյա պատերազմը նախաձեռնել՝ ակնկալելով, որ կա՛մ իրեն կհաջողվի Արցախը գրավել եւ ռազմական ճանապարհով խնդիրն իր օգտին լուծել, կա՛մ էլ վատագույն դեպքում այդպիսով միջնորդներին կստիպի, որպեսզի միջնորդները պատճառաբանված արագացնեն գործընթացը, ինչն էլ տեղ է ունեցել:
Արդյոք Սերժ Սարգսյանին կհաջողվի այս փուլում եւս ժամանակը ձգել, «բանակցելով» հասնել մինչեւ 2017 թվականի գարուն` խորհրդարանական ընտրություններին, ցույց կտա ժամանակը: Բայց փաստ է, որ մեզ համար լավագույն տարբերակը ժամանակ ձգելն է:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ