Ինչ իրավիճակ է «Վարդաշեն» ՔԿՀ-ում. վաղաժամկետ ազատ են արձակվել երեք նախկին պաշտոնյաներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Հովհաննես Հակոբջանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ 2016 թվականին «Վարդաշեն» ՔԿՀ-ից պայմանական վաղաժամկետ ազատ են արձակվել երեք նախկին պաշտոնյաներր:

Բազմիցս առիթ ունեցել ենք գրելու, որ ազատազրկվածներին վաղաժամկետ պատժի կրումից ազատելու հարցերով զբաղվող պետական հանձնաժողովներն իրականում չեն օգնում «դարձի եկած» ազատազրկվածներին՝ հնարավորություն չտալով պատժի նախատեսված ժամկետից շուտ ազատ արձակվել: Շատ հաճախ անհիմն պատճառաբանություններով մերժում են ազատազրկվածների դիմումները: Ու քանի որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը նախատեսված է պաշտոնյաների համար, որոնք տարբեր քրեական գործերի շրջանակում ազատազրկման են դատապարտվել կամ գտնվում են կալանքի տակ, ուստի հետաքրքիր էր՝ այս կալանավայրում ինչ իրավիճակ է:

«Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Հովհաննես Հակոբջանյանի հետ:

-Պարո՛ն Հակոբջանյան, Վարդաշեն ՔԿՀ-ի դատապարտյալները եւս բողոքում են, որ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովը չի գործում եւ անընդհատ մերժում է իրենց դիմումները: Տեսակետ կա, որ քաղաքական հրահանգի հետեւանքով նախկին պաշտոնյաներն ազատ չեն արձակվում:

-Քաղաքական հրահանգ չկա: Մենք մեր որոշումներով նայում ենք, որոնք խրախուսվել են, տույժ չունեն, որոնք նորմալ դատապարտյալներ են, մենք տալիս ենք դրական եզրակացություն ու որոշումներն ուղարկում ենք անկախ հանձնաժողով: Այ, անկախ հանձնաժողովը թե ոնց է անում, այ, դրա պատասխանը ես Ձեզ չեմ կարող տալ:

-Հիմա կոնկրետ օրինակով 4-րդ անգամ է՝ անկախ հանձնաժողովը մերժում է ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի վաղաժամկետ ազատ արձակվելու դիմումը: Կոնկրետ ՔԿՀ-ն ի՞նչ եզրակացություն է տվել ազատամարտիկի մասին:

-Մենք իրեն դրական գնահատակ ենք տվել, անկախ հանձնաժողովն է մերժել:

-Վերջինս հացադուլ էր հայտարարել, Դուք անձամբ հանդիպե՞լ եք իրեն:

-Բոլորի հետ էլ խոսել եմ, իր հետ էլ, իր փաստաբանի հետ էլ, Ազգային ժողովի պատգամավորներից էլ էին եկել, բոլորի հետ էլ խոսել ենք:

-Կոնկրետ կասեք, թե 2016 թվականի անցած 7 ամիսների ընթացքում քանի՞ նախկին պաշտոնյա է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել:

-Այս տարի երեք պաշտոնյա ունենք ազատ արձակված:

-Ովքե՞ր են:

-Այս պահին ձեռքիս տակ տվյալներ չկան, չեմ կարող ասել:

-Գաղտնիք չէ, որ «Վարդաշեն» ՔԿՀ-ում պաշտոնյաներ են իրենց պատիժը կրում: Չե՞ն փորձել իշխանական օղակներից Ձեզ խնդրել, հորդորել՝ իրենց պաշտոնյա ազգականին լավ նայեք, «լավ խուց» տաք:

-Իմ մոտ նման հասկացողություն չկա, լավ նայել, վատ նայել չկա: Կոնկրետ իմ հիմնարկը ամեն ինչով ապահոված է, այստեղ բոլորը հավասար են: Այստեղ այնպես չէ, որ մեկը եղել է հիմնարկի պետ, դատախազ կամ քննչականի պետ, իրեն պետք է լավ զգա, մյուսը չէ: Ուրեմն տենց հասկացողություն չկա, բոլորն իրար հարգում են, իրար ընդունում են, ոչ մի խնդիր չունենք:

-Տարիներ շարունակ դատապարտյալների հարազատները բարձրաձայնում ՔԿՀ-ներում «զոն նայողի» ինստիտուտի գոյության մասին: Դուք ի՞նչ եք անում այս ինստիտուտի հնարավոր դրսեւորումները զսպելու համար:

-Սա այն հիմնարկն է, որտեղ զոն նայող հասկացություն չկա ու չի կարող լինել, որովհետեւ այստեղ բոլորն էլ պագոնով մարդիկ են: Ի՞նչ զոն նայելու մասին է խոսքը, այստեղ նայելու բան չկա: Այստեղ ինչ կա նայելու, մենք ենք նայում, ադմինիստրացիան է նայում:

-Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում քանի՞ դատապարտյալ դիմեց Սերժ Սարգսյանին, որպեսզի իրենց ներում շնորհի, գնան հայրենիքին ծառայելու:

– 7-ն են դիմել, հանրապետության նախագահը ներում շնորհեց, բոլորն էլ գնացել են, նորից աշխատանքի են ընդունվել եւ հիմա էլ պաշտպանության նախարարությունում աշխատում են:

Ըստ Ձեզ՝ կալանավայրը կփոխի՞ նախկին պաշտոնյա դատապարտյալին, որ այլեւս քրեական արարք չգործի:

-Հիմնականում այստեղ պաշտոնեական դիրքի չարաշահման համար են ազատազրկվել: Ամեն մեկն էլ իր սխալի համար պատասխան է տալիս ու իր սխալը ուղղում է:

Քնար Մանուկյան




Լրահոս