Ոստիկանի աշխատանքից հրաժարվել է, որ գյուղապետ դառնա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս կիրակի ՀՀ Սյունիքի մարզի Ախլաթյան համայնքում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ: Գյուղապետի պաշտոնի համար առաջադրվել է երեք թեկնածու՝ ՀՀԿ-ական Անաստաս Բաբայանը, ՀՅԴ-ական Արկադյա Բադալյանը, ով նույն գյուղի դպրոցում աշխատում է որպես ուսուցիչ, եւ անկուսակցական Հովհաննես Հակոբյանը:

Ընտրությունների թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Արկադյա Բադալյանի եւ Հովհաննես Հակոբյանի հետ:

Անկուսակցական Հովհաննես Հակոբյան

-Պարո՛ն Հակոբյան, հաշվարկե՞լ եք, թե մոտավոր քանի ձայն կհավաքեք:

-Անկեղծ ասած՝ հաշվարկել եմ, բայց ռեալ չէ: Անկանխատեսելի է: Ստույգ չեմ կարող ասել: Ներքին ձայնս հուշում է, որ լավ կլինի:

-Փող բաժանելո՞ւ եք, որ Ձեզ ընտրեն:

-Միանշանակ չէ: Ինչպես կարող է նման բան լինել:

-Ընտրություն՝ առանց փո՞ղ…

-Դե, սա գյուղի ընտրություն է… ես դրան դեմ եմ:

-Դուք անկուսակցական եք, իսկ ընտրվելու դեպքում ո՞ր կուսակցություն կանդամագրվեք:

-Ես դեռ անկուսակցական եմ, բայց ընտրվելու դեպքում կանդամագրվեմ ՀՀԿ-ին: Ես եղել եմ պետական աշխատող ու հասկացել եմ, որ ՀՀԿ-ն միշտ ճիշտ է եղել:

-Որտե՞ղ եք աշխատել: Ինչո՞ւ հիմա չեք աշխատում:

-Ես ոստիկան եմ աշխատել եւ ազատվել եմ որպեսզի գյուղապետ ընտրվեմ:

ՀՅԴ-ական Արկադյա Բադալյան

-Պարո՛ն Բադալյան, ինչպե՞ս եք համոզում բնակիչներին, որ Ձեզ ընտրեն:

-Ես անուն ունեմ գյուղում, որոշակի հեղինակություն ունեցող մարդ եմ, ես դռնեդուռ չեմ ընկնում, որ ձայն հավաքեմ: Ես նույնիսկ ընտրական թիմ չունեմ:

-Գյուղերում շատ դեպքերում թեկնածուները ընտրվում են ունեցած բարեկամների մեծ թվի շնորհիվ…

-Ես այդ հարցում մինուս եմ: Իմ բարեկամները դրսում են: Այստեղ իմ աղջկա ընտանիքն է՝ երեք հոգի, իմ ընտանիքը՝ 4 հոգի, եւ մի հորեղբոր տղա՝ 3 հոգի: Այսինքն՝ բարեկամներով ունենք 10 ձայն: Իսկ մյուս թեկնածուներն իրենց բարեկամներով 40-50 ձայն ունեն: Բայց դա ինձ չի վախեցնում:

-Իսկ փող կբաժանե՞ք…

-Ես մանկավարժ եմ, փող չունեմ: Անհարմար է գյուղացուն ընտրությունների համար փող առաջարկեմ, դա ինձ համար խիստ վիրավորական է:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս