Ինչպես են մարզերը գնալու օպտիմալացման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ մայիսի 12-ի՝ խնայողությունների ռեժիմին անցնելու մասին հայտնի ելույթից հետո, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ՀՀ մարզպետներին հանձնարարել է ե՛ւ մարզպետարաններում, ե՛ւ ենթակա կառույցներում քննարկել օպտիմալացման հնարավորությունները:

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որն էլ կուսումնասիրի մարզպետարանի եւ ենթակա կառույցների օպտիմալացման հնարավորությունները: Ստեղծված միջգերատեսչական խումբը բաղկացած է 9 հոգուց: Ի դեպ, աշխատանքային խումբը օպտիմալացման հնարավորությունները քննարկելիս հաշվի է առել միջազգային փորձը, զբաղեցրած եւ թափուր հաստիքները: Քննարկումներն ավարտվել են հունիսի 3-ին, որից հետո մարզպետարանը տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն առաջարկ է ներկայացրել: Սակայն մարզպետները հակված չեն օպտիմալացման գնալու:

«Վայոց ձորի մարզպետարանը այս պահին օպտիմալացնելու հաստիք չունի: Մեզ մոտ ուռճացված հաստիքներ չկան: Ավել, թափուր հաստիք չունենք: Հանրակրթական հաստատություններում դեռեւս 2011 թվականին են բոլոր ավել հաստիքները կրճատվել, իսկ 2013 թվականին օպտիմալացում է եղավ բժշկական հաստատություններում: Օրինակ՝ օրենքով սահմանված կարգով մարզպետարանը պետք է ունենար 8 ավտոմեքենա, բայց ունենք 6-ը»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ իրենք արդեն տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը ներկայացրել են տվյալները, որ օպտիմալացման ենթակա հաստիք չունեն: Նշենք, որ Վայոց ձորի մարզպետարանն ունի ունի 2 փոխմարզպետ, մեկ խորհրդական եւ երկու օգնական. «Եթե անհրաժեշտ լինի կարող ենք օգնականի մեկ հաստիքն էլ կրճատել եւ վերջ»:

Իսկ, ահա, Շիրակի մարզպետարանն ունի երկու փոխմարզպետ, աշխատակազմի ղեկավար, աշխատակազմի ղեկավարի տեղակալ, երկու խորհրդական եւ երկու օգնական: «Ժողովուրդ»-ը մարզպետ Հովսեփ Սիմոնյանից հետաքրքրվեց՝ հաշվի առնելով ՀՀ վարչապետի մայիսի 12-ի հայտնի ելույթը, արդյոք թվարկված հաստիքները առաջիկայում կկրճատվեն: Սակայն հարցին ի պատասխան՝ մարզպետն արդարացավ. «Ոչ, բոլորն էլ ծանրաբեռնված աշխատում են: Չեմ խոսում աշխատակազմի ղեկավարի աշխատանքի ծավալների մասին: Այնպես որ, մերոնք ծանրաբեռնված աշխատում են»: Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ իրենք եւս քննարկում են ե՛ւ մարզպետարաններում, ե՛ւ ենթակա կառույցներում օպտիմալացման հնարավորությունները:

«Բայց մենք տարիների ընթացքում նվազեցրել ենք մեր ունեցած հաստիքների թիվը: Այնպես չէ, որ մենք շռայլություններ ենք թույլ տալիս: Բայց այսօրվա դրությամբ կրճատելու հաստիք չունենք»:

Եւ չնայած վարչապետի՝ պետական կառավարման ապարատը ավելի կոմպակտ դարձնելու հորդորներին, Շիրակի մարզպետը ո՛չ մարզպետարանում եւ ո՛չ էլ ենթակա կառույցներում աշխատող կրճատելու անհրաժեշտություն չի տեսնում:
Իսկ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմը արդեն սկսել է աշխատողների կրճատման գործընթացը: «Բոլոր տեղերում էլ կրճատումներ ընթանում են: Դրանք վերաբերում են այն աշխատողներին, որոնք թոշակային տարիքից բարձր տարիք ունեն: Այսինքն՝ թոշակային տարիքից անցել է 2-4 տարի»,- տեղեկացրեց Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը:

Մարզպետը դժվարացավ նշել, թե վարչապետի՝ մայիսի 12-ի հայտնի ելույթից հետո քանի աշխատող է կրճատվել: «Դա գործընթաց է, տարին փոխվում է, մարդկանց տարիքը լրանում է, եւ իրենց պետք է փոխարինեն նորերը: Դա մեր պարտականությունն է, մեր աշխատանքը, որն էլ կատարում ենք»,- արդարացավ մարզպետ Գյոզալյանը: Հավելենք, որ Արագածոտնի մարզպետարանում նույնպես գործում է փոխմարզպետի 2, աշխատակազմի ղեկավարի՝ 1, աշխատակազմի ղեկավարի տեղակալի՝ 1, խորհրդականի՝ 2, օգնականի՝ 2 հաստիքները: Գյոզալյանը նույնպես այս հաստիքները չի կրճատելու:

Վարչապետի՝ խնայողություններին անցնելու մասին հորդորներին կարծես թե ականջալուր չէ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Նշենք, որ վերջինս ունի 3 տեղակալ (հավանաբար, երեքն էլ իրենց քարտուղարուհիներով եւ ծառայողական ավտոմեքենաներով ու վարորդներով, որոնք սնվում են մեր՝ հարկատուներիս հաշվին), 1 աշխատակազմի ղեկավար, 1 աշխատակազմի ղեկավարի տեղակալ, 3 խորհրդական եւ մեկ օգնական:

Արդյոք Արարատի մարզպետարանում նույնպես կրճատումներ սպասվում են: Այս հարցի պատասխանը «Ժողովուրդ»-ին չհաջողվեց ստանալ, քանի որ Արարատի մարզպետը սովորաբար չի բարեհաճում իր հեռախոսազանգերին պատասխանել: Կամ էլ նրա հեռախոսազանգերին պատասխանում է իր միակ օգնականը՝ Նարեկ Ասլանյանը: Հուսանք այս հրապարակումից հետո վարչապետը կանդրադառնա իր հարազատ մարզի մարզպետարանի աշխատակազմի ե՛ւ որակին, ե՛ւ քանակին:

Հարկ ենք համարում նշել նաեւ, որ յուրաքանչյուր փոխմարզպետի տարեկան աշխատավարձը կազմում է 5-7 մլն դրամ: Չենք հաշվում դեռ մյուս ծախսերը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս