Առաջիկա խորհրդարանական ընտրությունները Հայաստանի ապագայի համար շրջադարձային նշանակություն են ունենալու` դրական կամ բացասական առումով:
Եթե առաջիկա խորհրդարանական ընտրություններն ապահովեն իշխանական համակարգի կամ ավելի կոնկրետ՝ կառավարող վերնախավի փոփոխություն, ապա այդ հանգամանքը Հայաստանին զարգացման հույս եւ լիցք կհաղորդի: Իսկ եթե Հայաստանի հասարակությունը չկարողանա այդ թարմությունը բերել եւ գործող իշխանություններին հաջողվի պահպանել իրենց ստեղծած գաղջ մթնոլորը, ապա նման հեռանկարի արդյունքում հայ հանրությանը սպառնացող հուսալքությունը կարող է ճակատագրական դառնալ առաջիկա տասնամյակում Հայաստանի զարգացման համար:
Այս տեսանկյունից ուշագրավ է, թե ինչպես է այդ ընտրություններին պատրաստվում Հայաստանի քաղաքական դաշտը: Առայժմ կարող ենք կանխատեսել, որ նորաստեղծ կուսակցությունների մասնակցության տեսանկյունից առաջիկա ընտրությունները հնարավոր է՝ լինեն աննախադեպ: Միայն այս տարվա վեց ամիսներին արդեն իսկ Հայաստանում ստեղծվել է չորս նոր կուսակցություն, որոնց նպատակը տեղական ինքնակառավարման մարմինների եւ խորհրդարանական առաջիկա ընտրություններին մասնակցելն է: Մասնավորապես, նորեկներն են «Լուսավոր Հայաստան», «Համախմբում», «ԳԱԼԱ» եւ «Գյումրեցու ոգի» կուսակցությունները: Դրանից բացի՝ ավելի քան 15 տարվա պատմություն ունեցող կուսակցությունները փոխում են իրենց անունը` փորձելով հանրությանը ներկայանալ իբրեւ նոր քաղաքական ուժ եւ այսպես շարունակ:
Սպասվում է, որ աշնանը` 2017-ի ԱԺ ընտրություններին ընդառաջ, մի քանի նոր կուսակցություններ եւս կստեղծվեն:ՀՀ արդարադատության նախարարությունից մեզ տրամադրած տվյալների համաձայն՝ երեկվա դրությամբ Հայաստանում գրանցված է 73 կուսակցություն: Ի դեպ, այս տարի ստեղծված կուսակցություններից այդ թվի մեջ ներառված է միայն «Լուսավոր Հայաստանը»: Մնացածը դեռ չեն հասցրել պաշտոնապես գրանցվել: Ինչեւէ, եթե գաղափարախոսության տեսանկյունից ենք դիտարկում, Հայաստանում գրանցված կուսակցությունների մեջ հնարավոր բոլոր տարբերակներից էլ կա: Որպեսզի հասկանալի լինի, թե ինչու են մարդիկ նոր կուսակցություն ստեղծում եւ չեն անդամակցում արդեն իսկ գրանցվածներին, խնդիրը մի քանի տեսանկյունից պետք է դիտարկենք: Ընդդիմադիր հայացքներ ունեցող խմբերի եւ անհատների դեպքում նրանք չեն վստահում արդեն իսկ գործող կուսակցություններին: Բայց նույնիսկ վերջին մեկուկես տարվա կտրվածքով ստեղծված կուսակցությունները դիտարկելով անգամ՝ համոզվում ենք, որ նրանցից մեկ կամ երկուսի կողմնակիցներին կարող ենք որպես ընդդիմադիր առանձնացնել: Նորաստեղծ կուսակցությունների հիմնադիրները հիմնականում մարդիկ են, որոնք իրենց կենսագրությամբ երբեք ընդդիմադիր չեն եղել կամ էլ ընդդիմություն խաղալը նրանց համար իշխանություններից գումար ստանալու միջոց է եղել:
Տեսականորեն նրանք պետք է բոլորով մեկ կուսակցության մեջ միավորվեին: Սակայն ողջ խնդիրն այն է, որ հատկապես նման գործիչների քաղաքականությամբ զբաղվելու մոտիվացիան պաշտոն կամ գումար «կպցնելն» է: Իսկ ինչպես հայտնի է՝ իշխանությունները նման դեպքերում շատ ժլատ են, եւ եթե բոլոր «հաճախորդները» մեկ տեղում հավաքվեն, ապա նրանցից մեկ-երկուսը իրենց բաժին «կերակուրը» կստանան, իսկ մնացածները լուսանցքից դուրս կմնան: Արդյունքում, իշխանությունների հաճախորդներն իրենց խնդիրը փորձում են կուսակցություն հիմնելով լուծել` հույս ունենալով, որ իրենց կհաջողվի ինչ-որ մեկի հետ շահավետ դաշինք կազմել եւ մեկ-երկու մանդատի երաշխիք ստանալ: Ի դեպ, իրադարձությունների նման ընթացքը իշխանությունների համար առավել քան ձեռնտու է. որքան քաղաքական դաշտը լղոզված լինի, այնքան հեշտ կլինի լուծել իշխանությունը պահպանելու խնդիրը:
Այնուամենայնիվ, նկատենք, որ Հայաստանի ներկայիս քաղաքական գործընթացներում հատկապես իշխանությունների եւ նաեւ նրանց հաճախորդների շրջանում ձեւավորված ամենամեծ մոլորությունն այն է, որ ընտրողը հիշողություն չունի, ոչինչ չի տեսնում եւ չի հասկանում:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ