ՀՀ Արարատի մարզի Լանջազատ գյուղի բնակիչներն արդեն մի քանի ամիս է, ինչ խմելու ջրի խնդիր ունեն. նրանց խմելու ջրի մատակարարման ժամանակացույցը խախտվել է: Լանջազատցիների կարծիքով՝ պատճառը ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ազգականներն են, որոնք գյուղ մտնող ողջ ջուրը օգտագործում են իրենց հիմնած այգիները ջրելու համար:
Գյուղի բնակիչները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեցին, որ Լանջազատում ամենառաջնային խնդիրը եղել եւ մնում է խմելու ջրի խնդիրը: Նրանք օրվա մեջ մի քանի ժամ ստիպված են լինում մնալ առանց խմելու ջրի: Լանջազատցիները հույսները կտրել են, որ իշխանությունները որեւէ քայլ կանեն խնդրին լուծում տալու համար, փոխարենը նախընտրում են առավոտյան շուտ արթնանալ, որ ջրի հերթում երկար չսպասեն: Բնակիչների հետ զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ գյուղը ոռոգման ջրի խնդիր եւս ունի:
Լանջազատի գյուղապետ Հրայր Հակոբջանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, ներկայացնելով խմելու ջրի հետ կապված խնդիրը, ասաց, որ այն առավոտյան ժամը 10.00-ին անջատվում է եւ երեկոյան ժամերին միայն միանում: «Գյուղում հողատարածքներ կան, որոնք անջրդի են: Խաղողի այգիներ ունեինք, որոնք չջրելու պատճառով հիմա չենք էլ մշակում: Ջրօգտագործման սեզոն է, եւ ջրի պահանջարկը շատ է: Ինչպես մյուս գյուղերը, այնպես էլ մենք ռեժիմով ենք ջուր ունենում: Մինչդեռ նախկինում մինեչեւ 24 ժամ ջուր ենք ունեցել: Հիմա չենք հարմարվում, դժվար է մեզ համար»,- ներկայացրեց գյուղապետը: Ըստ նրա՝ խմելու ջրի խնդիրը հատկապես նկատելի է ամռան ամիսներին, քանի որ այդ շրջանում ջրի պահանջարկը մեծանում է:
Ըստ լանջազատցիների՝ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի եղբայրը՝ Աշոտ Զաքարյանը, գյուղում այգիներ է հիմնել, ինչի հետեւանքով իրենց ջրամատակարարումը դարձել է անկանոն:
Իսկ, ահա, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի ներկայացմամբ՝ այդ այգիները գտնվում են Գառնի եւ Լանջազատ համայնքների վարչական տարածքում, ունեն տարբեր սեփականատերեր եւ վերահսկվում են «Կարմիր սար» բնապահպանական հիմնադրամի կողմից: Տարածքը գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի բուֆերային գոտում, ցանկապատված է, կան արգելափակոցներ, ցուցանակներ, որոնցում գրված է. «Տարածքը հսկվում է «Կարմիր սար» բնապահպանական հիմնադրամի կողմից: Որսը խստիվ արգելվում է»: Մինչ «Էկոլուր»-ը հայտարարում է, որ «Կարմիր սար» բնապահպանական հիմնադրամը վերահսկում է այդ տարածքները, որտեղ այգիներ ունի նաեւ Զաքարյանը, լանջազատցի գյուղապետը հակառակն է պնդում՝ նշելով, որ Զաքարյանը կապ չունի բնապահպանական հիմնադրամի հետ:
Նշենք, որ «Կարմիր սար» բնապահպանական հիմնադրամը հիմնադրվել է 2014 թվականի հունիսի 3-ին եւ իրականացնում է Ազատ գետի ավազանի որոշակի տարածքի կենդանական աշխարհի պահպանությունը:
Լանջազատի գյուղապետ Հ. Հակոբջանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, լսելով համագյուղացիների բողոքները, թե խմելու ջրի խնդիրը ուղիղ կապ ունի Ի. Զաքարյանի եղբոր հիմնած այգիների հետ, խիստ զայրացավ: «Գնացե՛ք, էդ տարածքները տեսե՛ք ու կհամոզվեք, թե էդ մարդիկ ինչքան հայրենանվեր բան են արել: Ուղղակի վատ մարդիկ են, որոնք սեւ ակնոցով են նայում այդ ամենին եւ ուզում են ցեխ շպրտել: Այդ հող մշակողը Իշխան Զաքարյանի եղբայրն է՝ Աշոտ Զաքարյանը: Իսկ Իշխան Զաքարյանը կապ չունի այդ ամենի հետ: Այդ տարածքում են գտնվում իր հոր, եղբոր, հորեղբոր որդիների սեփականաշնորհումները, մարդիկ իրար են կպցրել ու ծառեր տնկել: Գնանք, ասենք՝ ծառ մի՞ տնկեք»,- վրդովված նկատեց Լանջազատի գյուղապետը: Նշենք, որ «Ժողովուրդ»-ը գյուղապետից խնդրեց օգնել կապ հաստատել Աշոտ Զաքարյանի հետ: Սակայն գյուղապետը հրաժարվեց՝ նշելով, որ կապ չունի նրա հետ:
Հավելենք, որ ՀՀ ՎՊ մամլո քարտուղար Արամ Ալավերդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում գյուղացիների կասկածների վերաբերյալ հայտարարեց, որ Իշխան Զաքարյանը՝ որպես Լանջազատի նախկին բնակիչ, սեփականաշնորհման գործընթացի արդյունքում ստացել է գյուղատնտեսական նշանակության հողատարածք, որի վրա արդեն իսկ առկա են եղել նախկինում հիմնված այգիներ: Այդ մասին նշված է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին Զաքարյանի ներկայացրած հայտարարագրում: Իսկ բնակիչների կողմից բարձրաձայնված անկանոն ջրամատակարարման մասով հայտարարեց, որ նման խնդիր չկա, եւ Զաքարյանների այգիները կապ չունեն այդ խնդրի հետ: Նկատենք, որ ՎՊ մամլո քարտուղարը պատասխանատվություն ստանձնեց ու հերքեց այն:
Հ.Գ. Առաջիկա օրերին մեր նկարահանող խումբը կգործուղվի Արարատի մարզ` տեղում իրավիճակին ծանոթանալու, քանի որ թեմայի վերաբերյալ հակասական կարծիքներ կան:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ