ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Մաշտոցի պողոտայում

Այս ցուցանակի հեղինակը, հավանաբար, հումորի մեծ զգացում ունեցող է եղել՝ նման սրամիտ գրություն փակցնելու համար: Իհարկե, խիստ կասկածելի է՝ արդյո՞ք իրականում Ավրորայի հերոսն այդ վայրում եղել է, թե ոչ, բայց համաձայնեք, որ կադրը ստացված է:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ երեխա որդեգրելու գործընթացին ո՞ր հիվանդությունների առկայությունը կարող է խոչընդոտել:

Սիրանույշ Մնացականյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ՀՀ-ում երեխա որդեգրելուն խոչընդոտում են հետեւյալ հիվանդությունները՝
1. Բոլոր տեսակի հոգեկան խանգարումները:
2. Քրոնիկ ալկոհոլիզմ, թմրամոլության եւ թմրամիջոցների չարաշահումը:
3. Ոչ հոգեկան խանգարումները, որոնք ուղեկցվում են հաճախակի սրացումներով եւ զուգորդվում են արտահայտված նեւրոտիկ եւ անհատականության փոփոխություններով:
4. Մտավոր հաշմանդամությունը:
5. Շիզոֆրենիա, շիզոտիպիկ հոգեվիճակ:
6. Էպիլեպսիա / անձի դեգրադացիա:
7. Տրամադրության կամ աֆեկտիվ խանգարումներ:
8. Տուբերկուլյոզի բաց ձեւ:
9. Օրգանների եւ համակարգերի հիվանդությունները, որոնք գտնվում են անդառնալի փոփոխությունների փուլում, հաստատուն ֆունկցիոնալ խանգարումները:
10. Սուր վարակիչ հիվանդությունները:
11. Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները եւ մաշկային հիվանդությունները:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնում ենք, որ այն ծնողները կամ ընտանիքները, որոնք ի վիճակի չեն երեխային ապահովել նվազագույն կենսական պայմաններով կամ չունեն մշտական բնակության վայր կամ բնակվում են այն պայմաններում, որոնք չեն համապատասխանում սահմանված սանիտարական եւ տեխնիկական պահանջներին, նույնպես Հայաստանում չեն կարող երեխա որդեգրել:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում ես ասեք՝ ո՞ւմ է վճարվում կենսաթոշակառուին հասանելի, բայց նրա մահվան պատճառով չստացված կենսաթոշակի գումարը:

Նելլի Հայրապետյան (63 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է մահացածի ամուսնուն կամ 14 տարեկան եւ դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային՝ անկախ կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ նույն վայրում (հասցեում) հաշվառված լինելու հանգամանքից, իսկ ընտանիքի այլ անդամին, եթե նա, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ հաշվառված է եղել նույն վայրում (հասցեում): Անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի մահվան դեպքում` չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է նաեւ նրա օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին:
Այդ գումարը վճարվում է, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաuտաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը ենթակա է ժառանգման, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո՝ տասներկու ամսվա ընթացքում:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ թաղման նպաստ նշանակելու եւ վճարելու կարգը, վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը եւ թաղման նպաստի չափը սահմանում է ՀՀ կառավարությունը: Ի դեպ, ՀՀ կառավարության 2010թ. դեկտեմբերի 30-ի թիվ 1734-Ն որոշմամբ՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում վճարվող թաղման նպաստի չափը սահմանվել է 200.000 դրամ:




Լրահոս