ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերի ընթացքում Հայաստանի շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներն ընթացան կատաղի արագությամբ: Մեկ շաբաթվա մեջ տեղի ունեցավ նախագահների հանդիպում Սանկտ Պետերբուրգում, Հռոմի Պապն այցելեց Հայաստան եւ հապճեպորեն միմյանց վերգտան Ռուսաստանն ու Թուրքիան: Նման աննախադեպ իրավիճակում հայկական դիվանագիտությունը մի շարք կոնկրետ հարցերի պատասխաններ պիտի որոնի` հատկապես հաշվի առնելով քաղաքական մեկուսացվածության հավանականությունը:

Հռոմի Պապի այցելությունը փաստացի ստվերեց Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող գործընթացը: Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպումից անմիջապես հետո ադրբեջանական տեղեկատվությունը պնդում էր, որ հարցը փուլային տարբերակով լուծելու պայմանավորվածություն կա, մինչդեռ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ քննարկվել է բացառապես հրադադարի խախտումներ թույլ չտալու խնդիրը: Մի կողմ թողնենք հանգամանքը, որ ադրբեջանական շրջանակները մշտապես ամեն հանդիպումից հետո նմանօրինակ ձեւակերպումներով փորձում են գործընթացը ներկայացնել իրենց համար հաճելի շղարշի ներքո: Սակայն այդ ի՞նչ է ասել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մամեդովը, որ հայտնի չէր ողջ աշխարհին: 2007թ. նոյեմբերին կարգավորման հիմքում ընկած մադրիդյան սկզբունքները ենթադրում են հարցի լուծման փուլային տարբերակ: Այստեղ որեւէ գաղտնիք այլեւս գոյություն չունի: Ավելին` 2011թ. ամռանը Սերժ Սարգսյանը Կազանում համաձայնել էր հենց այդ սկզբունքների լավրովյան մշակումներին, որոնք կրկին հարցը կարգավորում էին բացառապես փուլային եղանակով:
Ընդհանրապես, 1997թ. փուլային-փաթեթային տարբերակների շուրջ իրարանցումը ցույց տվեց, որ փաթեթային լուծում հնարավոր չէ: 1997-ին փուլայինը մերժվեց ԼՂ-ի կողմից, փաթեթայինը` Ադրբեջանի: Հատկանշական է, որ երկու կողմն էլ սկզբունքորեն համաձայն չէ դիմացինի նախընտրած տարբերակին: Այս դեպքում հակամարտությունը խաղաղ կարգավորում չունի: ԼՂ հակամարտությանն իսկապես բանիմաց ցանկացած ոք հակառակը պնդելու իրական փաստեր չի կարող ներկայացնել: Ադրբեջանը փաթեթային տարբերակին կհամաձայնի միայն Բաքվի կապիտուլյացիայի կամ էլ գերտերություններից մեկի ակտիվ, ընդհուպ նույնիսկ Հայաստանին ցուցաբերված ռազմական աջակցության պարագայում: Այնպես որ, զարմանքը կամ հերքումը, թե որեւէ փուլային տարբերակ ընդունելի չէ, մեղմ ասած, ժողովրդին մոլորության մեջ է գցում: Հիշենք, որ 1998թ. հեղաշրջումից անմիջապես հետո ՀՀ ԱԳ նախարար նշանակված Վարդան Օսկանյանը աջուձախ բարբառում էր, որ Հայաստանը կողմ է միմիայն փաթեթային տարբերակին: Վերջինի մի քանի վարիացիաներ հաջողեցրեց շրջանառել նույն Օսկանյանը` հասնելով անգամ Մեղրիի փոխանակման տխրահռչակ մոտեցմանը: Եվ ի՞նչ, արդյո՞ք դրանք հաջողություն ունեցան: Նույնիսկ Մեղրիի տարբերակի նման ադրբեջանամետ լուծումը միանշանակորեն չընդունվեց այդ երկրում:
Ի դեպ, Ադրբեջանը իր դիվանագիտական անմխիթար դրության մեջ 3 անգամ մեծագույն վրիպումներ է թույլ տվել: Առաջին անգամ, երբ ինքն էլ, ըստ էության, մերժեց 1997-ի փուլայինը, երկրորդը՝ երբ 1999-ին մերժեց Մեղրին, դե, իսկ երրորդը՝ 2011-ին` Կազանի փաստաթղթի տորպեդահարմամբ: Հուսալով ռազմական գերակշռության վրա` Ադրբեջանը հավատացած էր, որ պատերազմով կկարողանա գոնե 1-2 շրջան ետ վերցնել: Անկարող լինելով դա հաջողեցնել անգամ Ռուսաստանի աջակցությամբ` Ալիեւն այսօր լիապես հակվել է Կազանի փաստաթղթին, որը, կարծում ենք, արդեն իսկ մեռած է ու ժամանակավրեպ ճիշտ այնպես, ինչպես կարգավորման նախորդ բոլոր տարբերակները: Սակայն գործընթացում ամենավտանգավոր գործոնը կարծես շարունակում է մնալ ռուսականը, որի դեմ հայկական քաղաքական միտքը դեռ գործնական դեղատոմս չի ստեղծել:
Այս նույն օրերին ակնհայտ դարձավ, որ Էրդողանը, մերժված արեւմուտքից, կրկին իր հայացքն ուղղել է արեւելք` հերթական անգամ իրեն աջակից նկատելով Ռուսական կայսրությանը: Կարիք չկա վերհիշելու պատմության նախորդ դրվագները` համոզվելու համար, որ Հայաստանի համար ո՛չ ռուս-թուրքական թշնամությունն է շահեկան եղել, ո՛չ էլ նրանց ջերմ բարեկամությունը: Երբ ռուս-թուրքական լարվածությունը հասել էր գագաթնակետին, հայաստանյան մի շարք պալատական վերլուծաբաններ շաղակրատում էին, թե, ահա, իրականացավ հայկական երազանքը: Թուրքիան Պուտինի ձեռքերով ծնկի բերելու հայ նորօրյա հայդուկները այսօր պապանձվել են, իսկ ոմանք էլ պնդում են, թե բա այդպես էլ պիտի լիներ: Իրականում «այդպես» չպիտի լիներ, եթե Հայաստանն իրենից որեւէ բան ներկայացներ Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերությունների մեծ տրցակում: Խիստ հետաքրքրական է, որ ռուս-թուրքական հաշտեցման գործում յուրօրինակորեն շեփորահարվում է մեր մեկ այլ ոխերիմ բարեկամ` Նազարբաեւի անունը: Եվ Հայաստանն այսօր հայտնվել է գերզգայուն մի տարածաշրջանում, որտեղ ընթանում է սքողված գործընթաց` հաշվի առնելով ռուս-թուրքական դաշինքը, Իրան-Ադրբեջան-Ռուսաստան տնտեսական բլոկն ու Արեւմուտքի` տարածաշրջանի հանդեպ ունեցած գրեթե զրոյական հետաքրքրությունը:
Հայաստանի խաղաթուղթը հարեւանների հետ ամեն կերպ հարաբերություններ ստեղծելն է, եւ այդ բանաձեւը պիտի ընկած լիներ մեր արտաքին քաղաքականության օրակարգում: Երբ ԼՂ հարցի ապրիլյան սրացման օրերին իշխանական վերնախավը շարունակաբար հոլովում էր Թուրքիայի դերակատարությունը, այդ քաղաքականության պատասխանատուները, հավանաբար, հաշվի չէին առել, որ երկու ամիս անց դատարկաձեռն են մնալու, քանզի Կովկասում Ռուսաստանը ավելի հաճելի բարեկամներ էր հայթայթելու: Այսօր հատկապես ԼՂ-ի հակամարտության դժվարին փուլում մենք տարածաշրջանում մնացել ենք առանց դաշնակիցների, իսկ Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանն ու ամենակարեւորը Իրանը միմյանց հետ կոնկրետ շահեր են սկսել հետապնդել: Այս իրավիճակը արտաքին քաղաքականության մեջ այլընտրանքների բացակայության ուղղակի հետեւանք է, իսկ վերջինն էլ ածանցյալ է երկրի ներսում այլընտրանքների տոտալ ոչնչացմանը: Մնում է հուսալ, որ այս՝ քաղաքականի վերածված աշխարհագրական մեկուսացվածությունը չի ազդի Արցախի հարցի վրա` իր բոլոր բացասական հետեւանքներով:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ԳՈՒՄԱՐ ՉՈՒՆԻ, ՈՐ ԲԱԺԱՆԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ

ՀՀ Սյունիքի մարզի Դարբաս գյուղում հուլիսի 10-ին տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ: Առաջադրված թեկնածուները երկուսն են՝ ՀՀԿ-ական Ռոբերտ Խաչատրյանը, ով Դարբասի դպրոցի պահակն է, եւ ԲՀԿ-ական Սաշա Ստեփանյանը, ով «Հակոբջանյան եւ Գալստյան» ՀԷԿ ՍՊԸ-ում օպերատոր է աշխատում: Առաջիկա ընտրությունների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է երկու թեկնածուների հետ:

Սաշա Ստեփանյան
-Պարո՛ն Ստեփանյան, ինչպես եք պատրաստվում առաջիկա ընտրություններին:
-Պատրաստվում ենք, բա ինչ ենք անում, անպայման: Ինչպես ձեւն է, պատրաստվում ենք:
-Իսկ այդ ձեւը ո՞րն է:
-Օրինական կարգով, ուրիշ ձեւ չկա…
-Տնետո՞ւն մտնելով, մարդկանց համոզելո՞վ…
-Ոչ, տնետուն չենք մտնում:
-Թեկնածուներ կան, որ ընտրողներին գումար են բաժանում: Դո՞ւք էլ եք փող բաժանելու:
-Ես գումարի հնարավորություն չունեմ, որ բաժանեմ: Ցանկություն էլ չունեմ, որ բաժանեմ:
-Հիմա առանց փող ո՞վ է ընտրություն անցկացնում…
-Ես գիտեմ, որ առանց փող հնարավոր չէ ընտրություն անել: Գուցե՞ ժողովուրդը հասկանա, որ առանց փող կարելի է եւ ընտրել:
-Հաշվարկե՞լ եք, թե քանի գյուղացի է ընտրելու Ձեզ:
-Գյուղում իմ ազգը փոքր է, նրանց մեծ մասը դրսում է: Ես կարո՞ղ եմ իմանալ, թե քվեախցիկում իմ հորեղբոր տղան ինչ կարող է անել: Իհարկե, ոչ: Ինչքան էլ որ խոստանա:

Ռոբերտ Խաչատրյան
-Պարո՛ն Խաչատրյան, Դուք փո՞ղ բաժանելու եք գյուղացիներին, որ Ձեզ ընտրեն:
-Գյուղում իմաստ չունի փող բաժանելը (ծիծաղում է-Ս.Հ.): Արարատյան դաշտավայրի գյուղերում կարող են փող բաժանել, իսկ Սյունիքում՝ ոչ:
-Ձեզ ՀՀԿ-ն է առաջադրել…
-Այո՛, ես ՀՀԿ-ական եմ, 5 անգամ վերընտրվել եմ գյուղապետի պաշտոնում, բայց 6-րդ անգամ չեմ անցել, 16 տարվա ստաժ ունեմ:
Հ.Գ. Տեղեկացնենք, որ քառօրյա պատերազմի ժամանակ՝ ապրիլի 4-ին, Մարտակերտի ճանապարհին թշնամու կողմից ռմբակոծված ավտոբուսում զոհվել էին Սյունիքի մարզի Դարբաս եւ Ախլաթյան համայնքի ղեկավարներ Մայիս Միրզոյանն ու Արմեն Բեգլարյանը:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ՈՐ ԵՐԿՐԻ ՏԱՐԱԾՔՆ Է
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչներ Արտեմ Մանուչարյանը, Սամվել Սարուխանյանը եւ Հրանտ Գեւորգյանը չեն կարողանում իրենց կառուցած առանձնատները գրանցել անշարժ գույքի պետական կադաստրի Տավուշի տարածքային ստորաբաժանմունքում եւ այդ կերպ ձեռք բերել անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական: Այդ տներից մեկը՝ Հրանտ Գեւորգյանին պատկանող եռահարկ, տուֆակերտ շքեղ առանձնատունը, կիսակառույց է, շենքը կառուցված է, սակայն շինության ներքին հարդարման աշխատանքներն իրականացված չեն, այնտեղ բնակվող չկա: Հ. Գեւորգյանն այժմ բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ Արտեմ Մանուչարյանն ու Սամվել Սարուխանյանն Ադրբեջանին սահմանակից Ոսկեպար գյուղի հիմնական բնակիչներ են: Նշված 3 առանձնատները Ոսկեպար գյուղից կտրված չեն, գյուղի տներից հեռու չեն կառուցվել, դրանք գյուղի առանձին հատվածում չեն: Խորհրդային ժամանակներում պատրաստված քարտեզով նշված 3 առանձնատների զբաղեցրած տարածքը հանդիսացել է Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածք: Ըստ խորհրդային քարտեզի՝ այդ ձորով է անցել հայ-ադրբեջանական սահմանը, սակայն այդտեղ ադրբեջանական բնակատեղի կամ ադրբեջանական կառույցներ երբեւէ, նույնիսկ խորհրդային տարիներին չեն եղել: Նշված 3 առանձնատները կից են Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Կիրանց-Ոսկեպար շրջանցիկ ուղուն: 11 կմ երկարություն ունեցող այդ ավտոճանապարհը կառուցվեց 2003-2004 թվականներին, Լինսի հիմնադրամի ֆինանսավորմամբ: Ոսկեպարի համայնքապետարանը վերոհիշյալ խնդրի վերաբերյալ 4 տարի առաջ դիմել է Տավուշի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության եւ հողօգտագործման բաժնի վարիչ Արծրուն Նազարյանին, վերջինս էլ հարցը ներկայացրել է Հայաստանի կառավարություն, որտեղից պատասխանել են, թե տվյալ հիմնահարցը չի լուծվում, որովհետեւ այդ 3 առանձնատների զբաղեցրած տարածքները Հայաստանի Հանրապետության կադաստրային քարտեզներում նշված չեն: Ոսկեպար գյուղի բնակիչ Արտեմ Մանուչարյանը՝ դժգոհություն հայտնելով, որ տարիներ շարունակ հիմնախնդիրը չի լուծվում, նշեց, որ իրենք ներկայումս իրավունք չունեն իրենց տները վաճառել, կտակել, նվիրել, գրավ դնել եւ այլն: Հավելենք, որ նշված առանձնատները կառուցելիս դրանց տերերը շենքի հատակագիծ, շինթույլտվություն չեն ունեցել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ԹԻՎԸ ՀԱՅՏՆԻ ՉԷ
Քաղաքացիական ծառայողների կրճատման թիվը հայտնի չէ, այդ ոլորտում մինչեւ սեպտեմբերի մեկը պետք է հաստիքների ուսումնասիրություններ արվեն, եւ արդյունքներն ամփոփվեն: Այդ մասին երեկ ասել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը՝ նշելով, որ նախ եւ առաջ կկրճատվեն թափուր հաստիքները:




Լրահոս