ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Արմավիրի մարզում
Երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Արմավիրի մարզ՝ բանջարաբոստանային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքին հետեւելու նպատակով: Նախարարին ուղեկցում էր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, որը կրում էր «կովբոյական» գլխարկ: Ակնհայտ երեւում է, որ մարզպետը գլխարկը «խլել» է գյուղացիներից որեւէ մեկից հենց լուսանկարվելուց վայրկաններ առաջ, եւ չի հասցրել ուղղել գլխարկի կապը, որը կախված մնալով մարզպետի քթի տակ՝ ստվերում է նրա լուսապայծառ դիմապատկերը:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ անհատ ձեռնարկատերն ի՞նչ դրույքաչափով է կատարում նպատակային սոցիալական վճարներ:
Հասմիկ Գեւորգյան (56 տարեկան, հաշվապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Գեւորգյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ անհատ ձեռնարկատեր հանդիսացող եւ ընդհանուր հարկման դաշտում գտնվող մասնակիցը, որի բազային եկամուտը տարեկան կտրվածքով չի գերազանցում 6,000,000 դրամը, պարտավոր է տարեկան կատարել նպատակային սոցիալական վճար իր բազային եկամտի 5%-ի չափով, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած 5%-ը մասնակցի համար (օգտին) վճարվում է պետական բյուջեից: Եթե մասնակցի՝ տարեկան կտրվածքով բազային եկամուտը գերազանցում է 6,000,000 դրամը, ապա այդ մասնակցի օգտին պետական բյուջեից տարեկան վճարի չափը կազմում է 3,000,000 դրամ, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած գումարը վճարվում է մասնակցի կողմից:
2.Անհատ ձեռնարկատերը պարտավոր է ամսական կատարել նպատակային սոցիալական վճար 5000 դրամի չափով, եթե հանդիսանում է.
«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող, կամ
«Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված գործունեություն իրականացնող, կամ
«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեություն իրականացնող:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ գործատուի եւ անհատ ձեռներեցի կողմից հաշվապահական հաշվառում չվարելը կամ այնպիսի խախտումներով վարելը կամ սոցիալական վճարների օբյեկտը թաքցնելու կամ սոցիալական վճարների հիմք համարվող այլ փաստաթղթերում այնպիսի կեղծ տվյալներ մտցնելը, որոնք առաջացրել են սոցիալական վճարների նվազեցում կամ անհնար են դարձնում սոցիալական վճարների չափի հաշվարկը: Գանձման ենթակա սոցիալական վճարների չափը սահմանվում է նախօրոք հավասար ժամանակահատվածի սոցիալական վճարների կրկնապատիկի չափով, իսկ խախտում թույլ տված անձինք ենթարկվում են պատասխանատվության՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ եթե այլ պետությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կորել է կամ անվավեր ճանաչվել, ապա այդ դեպքում նա ի՞նչ պետք է անի: Ո՞ւր կարող է դիմել՝ նոր անձնագիր ձեռք բերելու համար:
Եպրաքսիա Ամրոյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ե. Ամրոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ այլ պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին անվավեր ճանաչված կամ կորցրած անձնագիրը վերականգնելու համար դիմում է տվյալ երկրում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություն:
Եթե տվյալ երկրում չկա Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություն, ապա նա կարող է դիմել հարեւան երկրում գտնվող ներկայացուցչությանը:
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ կորցրած Հայաստանի Հանրապետության անձնագրի փոխարեն նորը ստանալու համար հյուպատոսական հիմնարկ են ներկայացվում հետեւյալ փաստաթղթերը՝
դիմում Հայաստանի Հանրապետության անձնագիր ստանալու մասին, 35×45 մմ չափսի 4 գունավոր նույնական լուսանկար, հայտարարություն՝ անձնագիրը կորցնելու մասին, կորցրած անձնագրի լուսապատճենը, ծննդյան վկայականի լուսապատճենը, զինապարտների դեպքում՝ զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ եւ դրանց՝ զինվորական հաշվառման տվյալներով էջերի լուսապատճենները կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք, պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը: