ԱՎԵԼԻ ԱՐՏՈՆՅԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ «Ի պաշտպանություն Թեղուտի» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա էին անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջեւ, կառավարությունը հերթական որոշումն էր ընդունում ի պաշտպանություն հանքարդյունաբերողի: Երեկվա որոշմամբ երեք տարով հետաձգվեց «Թեղուտ» ՓԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում հաշվարկվող ԱԱՀ-ն: Ասել է թե` կառավարությունը ոչ թե քայլեր է ձեռնարկում  բնապահպանական հսկայական խնդիրներ ստեղծող ընկերության գործունեությունը սահմանափակելու եւ հայրենի բնության աղտոտման` մասնավորապես հսկայական պոչամբարների շահագործման համար  տուրքեր  սահմանելու ուղղությամբ, այլեւ ճիշտ հակառակը` դեռ մի բան էլ արտոնություններ է սահմանում ընկերության համար: Բնականաբար` կառավարությունն իր այս քայլը պատճառաբանում է  ընկերության կողմից ստեղծվելիք աշխատատեղերի անհրաժեշտությամբ: Իր մեծությամբ երկրում երկրորդ պղնձամոլիբդենային այս հանքավայրի շահագործման ծրագրով  նախատեսվում է մինչեւ 2015թ. կառուցել  հանքաքարի հարստացման եւ խտանյութի արտադրության ֆաբրիկա, որը տարեկան կվերամշակի 7 մլն տոննա հանքաքար: Ըստ կառավարության ներկայացրած տեղեկատվության` գործարանի շինարարության ընթացքում կազմակերպության ստեղծած ավելի քան 1000 ժամանակավոր աշխատատեղերը կփոխարինվեն նույն քանակով մշտական աշխատատեղերով` 150 հազար դրամ միջին աշխատավարձով: Մինչդեռ բողոքող ակտիվիստների ներկայացմամբ` թեղուտցիներից շատերը նաեւ այս հարցում են խաբվել, քանի որ նրանց խոստացված  200 հազար դրամ աշխատավարձի փոխարեն տալիս են ընդամենը 70 հազար դրամ: Ասել է թե` բարձր վարձատրվող աշխատատեղերի մասին կառավարության պնդումները ինչպես եւ մի շարք այլ դեպքերում, այս անգամ եւս  ուռճացված են: Մի կողմ թողնելով բուն Թեղուտի բնապահպանական խնդիրները, նկատենք, որ առնվազն տարակուսելի է կառավարության` խոշոր գործարարների, օլիգարխների բիզնեսների համար սահմանվող պետական արտոնությունների քաղաքականությունը: Հիշեցնենք, որ  տակավին վերջերս նման արտոնություններ սահմանվեցին  գործարար Ռուբեն Վարդանյանի Դիլիջանի միջազգային դպրոցի համար: Եվ այդ դեպքում եւս նշվեց աշխատատեղերի կարեւորության գործոնը: Մինչդեռ ընդամենը  կես տարի առաջ Սերժ Սարգսյանը «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարում էր, թե Հայաստանում մարդիկ չեն ուզում աշխատել 150 հազար դրամով եւ  որ նման աշխատավարձով աշխատատեղերի պակաս չկա: Սակայն հիմա փաստորեն ստացվում է, որ  նման աշխատավարձով ընդամենը հազար աշխատատեղն այնքան կարեւոր է, որ կառավարությունը պատրաստ է  զգալի արտոնություններ սահմանել դրա դիմաց: Իրականում բոլորի համար էլ պարզ է, որ Ս. Սարգսյանի  վերը նշված հայտարարությունը իրավիճակից, մեղմ ասած, անտեղյակ մարդու խոսք էր: Ինչպես եւ ակնհայտ է, որ կառավարության սահմանած արտոնությունները որեւէ կապ չունեն  բացվելիք աշխատատեղերի հետ: Պարզապես իրենց բիզնեսն է` «տիրություն են անում»:




Լրահոս