ArmLur.am-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:
– Պարո‘ն Սաֆարյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ այսօր Վիեննայում խմբի անդամներին կներկայացվեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները և կարգավորման ուղղությամբ հետագա քայլերը: Սա ի՞նչ կարող է նշանակել:
– Այսպիսի հանդիպումն իհարկե անհրաժեշտ է, որի հետ սակայն մեծ հույսեր փայփայել չի կարելի: Բայց հասկանանք, որ ամբողջ նպատակը միջնորդ կազմակերպության դիրքերի վերականգնումն է, որոնք խալխլվել են տարիներ առաջ և, որի ապացույցն ապրիլյան պատերազմն էր, երբ նույնիսկ այդ խմբի գոյությունը չկանխեց դա: Իհարկե, միանգամայն հասկանալի է, թե ինչ են ցանկանում անել Մինսկի խումբը. և´ եռակողմ հանդիպումների միջոցով, և´ նաև ամբողջ Մինսկի խմբի անդամների պարբերական կոնսուլտացիաներով, ամրապնդել այդ դերակատարումը: Այժմ մարտահրավեր է նաև պատերազմի կանխումը կամ լայնածավալ գործողությունների կանխումը, այլ նաև Մինսկի խմբի դերակատարության բարձրացումը: Սա թերևս Մինսկի խմբի դիրքերի վերականգնման ուղղված քայլեր են:
– Բայց այսօրվա հանդիպումը նաև հետևանք չե՞նք կարող համարել նախագահների վերջին հանդիպումների կամ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի:
– Քանի որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Ջոն Քերիի հետ հանդիպումներ են տեղի ունեցել և Ուորլիքը մեկ այլ գրառում ևս արել է, որով կողմերը համաձայն են խաղաղ կարգավորմանը: Քերին զրուցել է Սարգսյանի և Ալիևի հետ, բոլոր կողմերը մերժել են պատերազմը, իսկ ԱՄՆ-ն նրանց կողքին կանգնած է: Այդ կտրվածքով մենք կարող ենք խոսել այն մասին, որ Վիեննայում ներկայացվելու է Քերիի հետ Ալիևի և Սարգսյանի հանդիպման արդյունքները, քանի որ երկու կողմերը պատրաստակամություն են հայտնել խաղաղ կարգավորման ուղղությամբ:
– Մշտապես վերջին շրջանում հայտարարություններ են արվում այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մոտ է: Ի՞նչ կարող ենք հասկանալ այս հայտարարություններից:
– Եթե նկատենք Ուորլիքի վերջին գրառումներից, ապա ակնհայտ է ԱՄՆ-ի կողմից հօգուտ Ռուսաստանի« թեքված նժարը ետ վերադարձնելու ուղղությամբ: Այս պահի դրությամբ ավելի շատ բանակցային ֆորմատն է վերականգնվում, քան թե տարվում է լուծում: Նման հայտարարություններ արվում են Ադրբեջանի , Ռուսաստանի կողմից: Մի կողմից հասկանալի են այն կտրվածքով, որ փորձում են Ադրբեջանին հանգստացնե;լ բայց դա վատ ծառայություն է: Պետք չէ նման քաղցրաբլիթներ տալ, երբ Ադրբեջանը նման լուծումներ որչէ կերպ չի էլ վաստակել: Դրանք որոշ կողմերի նախաձեռնություններ են և ոչ ավելին:
զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը