Երեկ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը եւ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Կորյուն Փիլոյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն է նրանց ազատել աշխատանքից: Վերջինս, հիշեցնենք, գլխավոր դատախազ նշանակվելուց հետո հայտարարել էր, որ մտադրություն ունի լուրջ կադրային փոփոխություններ կատարել: Երեկ էլ գրել էինք, որ այս օրերին դատախազության մի քանի աշխատակիցներ տարբեր խողովակներով Կոստանյանին փորձում են ներկայացնել, թե իրենք ինչպիսի լարված հարաբերություններ են ունեցել նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ, սակայն պարզվում է՝ դա էլ չի «օգնում»: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց Կորյուն Փիլոյանի եւ Մնացական Սարգսյանի հետ` պարզելու, թե որն է եղել նրանց՝ պաշտոնից հեռանալու պատճառը:
ԿՈՐՅՈՒՆ ՓԻԼՈՅԱՆ
-Պարո՛ն Փիլոյան, ո՞րն էր ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնից հեռանալու պատճառը:
-Վա՜յ, խնդրում եմ, ինձ մի քանի օր հանգի՛ստ թողեք, էլի՛, ես հիմա պաշտոնական անձ չեմ, հանգստանում եմ, հանգստանում եմ, վերջ:
-Գոնե նշե՛ք, թե ինչու եք որոշել հեռանալ դատախազության համակարգից:
-Ինձ ոչ ոք չի առաջարկել հեռանալ, ինձ ոչ ոք անգամ ակնարկ չի արել, ես ինքս եմ որոշել, նույնիսկ գլխավոր դատախազն անակնկալի եկավ, որ ես նման ցանկություն հայտնեցի:
-Բայց ինչի՞ց է առաջացել այդ ցանկությունը, ինչ-որ խնդի՞ր կա:
-Չէ՛, բնավ: Որեւէ խնդիր չկա, երբեք: Ինձ շատ լավ եմ զգում, տրամադրությունս շատ բարձր է, ընկճված չեմ, հրաշալի տրամադրության մեջ եմ:
-Համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ Գեւորգ Կոստանյանը, լինելով երիտասարդ, ցանկություն չունի աշխատել «հին» կադրերի հետ ու որոշել է «ազատվել» նրանցից: Գուցե նա՞ է Ձեզ «հորդորել» դիմում գրել ու հեռանալ:
-Ես շատ վաղուց եմ ճանաչում Գեւորգ Կոստանյանին, մենք իրար հետ առնչվել ենք, որեւէ խնդիր երբեւէ չենք ունեցել, հիմա առավել եւս չունենք: Նման բան չկա:
-Այդուամենայնիվ, հայտնի է, որ Գ. Կոստանյանը վաղուց էր որոշել ազատվել Աղվան Հովսեփյանի «կադրերից»…
-Ի սեր Աստծո, ես նման բան չեմ կարող ասել, ես դիմում եմ գրել ու հեռացել: Իսկ մինչեւ իմ հեռանալը տեղյակ չեմ՝ նման բան եղել է, թե չէ: Եվ ընդհանրապես չեմ կարծում, որ նման բան լինի, ու Ձեզ խնդրում եմ՝ թողե՛ք ես հանգստանամ:
ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
-Պարո՛ն Սարգսյան, ո՞րն էր դատախազության համակարգից այսպես անսպասելի հեռանալու պատճառը: Տեղեկություններ կան, որ ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանն է Ձեզ ազատել աշխատանքից:
-Պատճառը եղել է դասախոսական աշխատանքը, որովհետեւ իմ աշխատանքի սկիզբը եղել է համալսարանը: Ես համալսարանում 9 տարի աշխատել եմ, եկել եմ դատախազական աշխատանքի, եւ գալիս է մի տարիք, որ մարդու մոտ օպերատիվ աշխատանքն ավելի ծանրաբեռնված է լինում, ավելի բան…. այնպես որ, դասախոսական աշխատանքին կարոտել եմ, գնում եմ այնտեղ:
-Բայց տեղեկություններ կան, որ Ձեր հեռացումը կապված է Գ. Կոստանյանի հետ….
-Ոչ մի դեպքում, ես Կոստանյանի հետ ամենամտերիմ հարաբերությունների մեջ եմ, եւ եթե որեւէ լրատվամիջոց կգրի այդպիսի բան, ապա ես վստահեցնում եմ, որ ճիշտ տեղեկություն չեն գրում: Մենք փոխադարձ իրար վստահում ենք ու հարգում: Ես իմ դիմումով… ես եմ որոշել, որ այս նոր ստրուկտուրաներով, նոր պահանջներով, նոր բաներով ծանրաբեռնվածությունն ավելի շատ է, իսկ դասախոսական աշխատանքը միշտ էլ ինձ հրապուրել է: Առավել եւս չեմ ուզենա, էլի՛, որ այս տարիներին… շատ բաներ ունեմ ես գրելու… դոկտորական դիսերտացիա, ու դա ավելի ճիշտ կլինի: Ավելի երիտասարդներն էլ թող գան, ավելի լավ աշխատեն:
-Նշվում է, որ Գ. Կոստանյանը ցանկանում է հեռացնել այն կադրերին, որոնք նախկինում աշխատել են Ա. Հովսեփյանի հետ: Ճի՞շտ են այդ տեղեկությունները:
-Ո՛չ, պարոն Կոստանյանը երբեք այդպիսի մտադրություն չունի, պարոն Կոստանյանը շուրջ 3 տարի է՝ մեր համակարգում աշխատում է, պարոն Կոստանյանը կոլեգիայի անդամ է, գլխավոր դատախազի տեղակալ է աշխատել: Ինքը կադրերի 90 տոկոսին անձամբ է ճանաչում, այնպես որ, այդ հերյուրանքները պետք չէ լսել ու հավատալ, ես դա Ձեզ միանշանակ եմ ասում:
Հ.Գ. Երեւանի դատախազ Հրաչյա Բադալյանը երեկ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: