ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը եւ պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը երեկ ասուլիս էին հրավիրել: Անդրադառնալով այն հարցին, թե ինչու ԵԽԽՎ նիստի ժամանակ Ա. Հովհաննիսյանի փոխարեն Սերժ Սարգսյանին հարց ուղղեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, Դ. Հարությունյանն ասաց. «Ինձ հարցնում են՝ իսկ ինչո՞ւ ձայն տվեցիք Զարուհի Փոստանջյանին: Ես ժողովրդավարությունն այդպես եմ հասկանում: Ամեն մարդ մի ձեւ է հասկանում, Զ. Փոստանջյանն այլ ձեւով է հասկանում, նա ժողովրդավարությունը հասկանում է այնպես, որ պետք է նման հարց տա: Ես ոչ թե բարի պատվիրակության ղեկավար եմ, այլ ուղղակի արել եմ այն, ինչը թելադրել է մեր երկրի ոգին, ժողովրդավարությունը»:
Հարցին, թե Ս. Սարգսյանին զրպարտելու համար հայց ներկայացնելու են դատարան, ՀՀԿ-ական Դ. Հարությունյանը պատասխանեց. «Որեւէ մեկին ոչ ոք չի պատրաստվում հետապնդել, Փոստանջյանին որեւէ մեկը չի հետապնդում: Խոսք կա պատվիրակության ձեւավորման մասին: Մեկ անգամ եւս նշեմ, որ պատվիրակության ձեւավորման լիազորությունն ԱԺ նախագահինն է: Կան որոշակի կանոններ՝ ընդունված ԵԽ կողմից, որոնք մեր գործունեության հիմքում են, որոնց մենք խստորեն կհետեւենք»: Ասուլիսի ավարտից հետո «Ժողովուրդ»-ը մի քանի հարց ուղղեց Դ. Հարությունյանին:
-Պարո՛ն Հարությունյան, ռուսական լրատվամիջոցներից մեկին երեկ Դուք ասել եք, որ ՀՀ նախագահի թեկնածուի` վերջին 10 տարիներին Հայաստանում մշտական բնակության ցենզի փոփոխությունը Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունն է, որը Դուք ընդամենը փորձում եք իրագործել: Ասացե՛ք խնդրեմ, արդյո՞ք ՀՀ իշխանությունները Վենետիկի հանձնաժողովի բոլոր առաջարկություններն են հաշվի առնում եւ իրագործում:
-Ո՛չ, ո՛չ, սա ընդամենը քննարկման առարկա է, ընդամենը ներկայացվել է աշխատանքային խմբի գործունեության արգասիքը: Բայց ո՞վ է ասել, որ մենք համաձայնել ենք: Վերջին խորհրդարանական ընտրություններից հետո երկրի ղեկավարը ձեւավորեց աշխատանքային խումբ, որը պետք է փորձեր բարեփոխել Ընտրական օրենսգիրքը՝ հաշվի առնելով այն դիտողությունները, որոնք արվել էին 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո: Աշխատանքային խումբը կատարել էր վերլուծություն, սակայն Վենետիկի հանձնաժողովը եւ ԵՀԱԿ/ԺՀՄԻԳ-ը խորհուրդ չտվեցին 2013-ի նախագահական ընտրություններից առաջ որեւէ փոփոխություն անել: Եվ քանի որ այդ խմբի աշխատանքը մնացել էր թղթի վրա, այժմ Վիգեն Սարգսյանն այդ ամբողջ փաթեթն ուղարկել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին: Եվ այդ աշխատանքային խումբը, շատ ակտիվ աշխատելով, վեր հանեց բոլոր այն հարցադրումները, որոնք հնչել էին:
-Նշվում է, որ դա արվում է նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին 2018-ին նախագահ «նշանակելու» համար:
-Ով նման հարց է բարձրացնում, նրա՛ն էլ ուղղեք այդ հարցը:
-Վերջին օրերին խոսակցություններ կային, որ Դուք նշանակվելու եք ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, բայց այժմ արդեն ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի անունն է շոշափվում…
-Ես մշտապես ասել եմ, որ ՀՀ վճռաբեկ դատարանն ունի գործող նախագահ, եւ ես համարում եմ անթույլատրելի որեւէ պաշտոնի հարց քննարկել, երբ կա գործող նախագահ:
«ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է ՊԱՇՏՈՆԻ ՀԱՐՑ ՔՆՆԱՐԿԵԼ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ