ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԱՌԱԿՏՎԱԾ ՀՀԿ-Ն
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանից վերադառնալուց հետո հաշվետու ասուլիսին հայկական պատվիրակության անդամներից մասնակցում էին միայն ՀՀԿ-ականներ Դավիթ Հարությունյանն ու Արփինե Հովհաննիսյանը: Եթե ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ ոչ կոալիցիոն խմբակցությունների պատգամավորների՝ այդ ասուլիսները բոյկոտելը կարելի է նորմալ համարել, ապա առնվազն տարօրինակ էր պատվիրակությունում ՀՀԿ խմբակցության մեկ այլ ներկայացուցչի՝ Նաիրա Կարապետյանի բացակայությունը: Եվ սա այն դեպքում, երբ Ն. Կարապետյանն առիթը բաց չի թողնում լրատվամիջոցներով երեւալու համար: «Ժողովուրդ»-ին չհաջողվեց պատգամավորից մեկնաբանություններ ստանալ ասուլիսին չմասնակցելու վերաբերյալ. նա համառորեն չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին ու հաղորդագրություններին: Մինչ այդ, տեսակետ կա, որ Ն. Կարապետյանի այս բացակայությունը պատահական չէ. նա իր այս քայլով ցանկացել է ընդգծված կերպով առանձնանալ Դ. Հարությունյան-Ա. Հովհաննիսյան զույգից, որոնք դարձել են ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի՝ Սերժ Սարգսյանին խաղամոլության եւ 70 մլն եվրո տանուլ տալու մասին հարցի «մեղավորը»: Հիշեցնենք, որ Ա. Հովհաննիսյանը Փոստանջյանին իր ձայնի իրավունքը զիջել էր Դ. Հարությունյանի ասելով:

ԹԻԿՆԱՊԱՀ ԲՈՍԸ
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանից երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչ նորություն է իրեն հայտնի հուլիսին Մերձմոսկովյան ճանապարհներից մեկում պատահած վթարի գործից: Հիշեցնենք՝ այդ ողբերգական ավտովթարից հետո էր, որ հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին ծաղկավոր խալաթով դատարան էին բերել: Աբրահամյանի պատասխանը սկզբում բավական ագրեսիվ էր. «Դուք աղմուկի համար եք խոսում, գրում»: Բայց չբավարարվեց դրանով, շարունակեց Սերժ Սարգսյանի հիշատակած «գաղջ մթնոլորտի» ուղղվածությամբ. «Դուք այնպես չեք անում, որ մեկի վիճակը լավանա, դուք ամեն ինչ անում եք, որ վիճակները անհասկանալի դառնան: Ի՞նչ է կատարվում, դատարանում դատավարություն է գնում, մենք նշանակել ենք ամենալավ դատապաշտպաններին, որ զբաղվում են այդ գործերով»: Թվում էր, թե Աբրահամյանի հետ մեր զրույցը կամաց-կամաց ստացվում էր, սակայն այդ պահին որտեղից որտեղ հայտնվեց Արա Աբրահամյանի «նորանշանակ թիկնապահը»՝ ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը եւ շեֆին «փրկելու» ակնհայտ քծնանքով վրա տվեց, թե «ի՞նչ եք հարցնում, այդ հարցերին մենք պատասխանել ենք, վերջ»: Անկեղծ ասած, մեզ ամենեւին էլ Գասպարիչի «մաշված» կարծիքը չէր հետաքրքրում, բայց, այնուամենայնիվ, հետաքրքիր էր բացահայտել կուսակցական բոսին «ախրանիկի» կարգավիճակում:




Լրահոս