Ինչ տվեց ՆԱՏՕ-ի գագաթաժողովը և ինչ սպասել ԼՂ շուրջ գործընթացի ակտիվացումներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, կարելի է ասել, Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում էր հավաքել աշխարհի քաղաքական էլիտային: Բնականաբար նման կարգի ցանկացած գագաթաժողով կամ հանդիպում կարևոր է Հայաստանի և հատկապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առումով. այն հարթակ է հարցը կարգավորման կարևորությունը ևս մակ անգամ ընդգծելու համար:

Հենց այդպես էլ եղավ և ՆԱՏՕ-ի հարթակն ամերիկյան կողմն օգտագործեց նաև Ղարաբաղյան կարգավորման հարցը քննարկելու համար: Մինչ ընթանում էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Սերժ Սարգսյանի հանդիպումը, ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն էլ հանդիպում էր ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Իհարկե, այդ հանդիպումների ընթացքում քննարկված հարցերի մասին այնքան էլ շատ տեղեկություններ չեն հրապարակվել, սակայն էապես կարևոր են եղել: Ընդհանրապես, վերջին շրջանում առկա են նշաններ, որ ԼՂ շուրջ գործընթացը բավական ակտիվացել է, և ընթանում են որոշակի առարկայական քննարկումներ:

Բավական է նկատել, որ այդ հանդիպումներին հաջորդեց  նաև ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունն այն մասին, որ այսօր Վիեննայում խմբի երկրներին կներկայացվեն Սարգսյան-Ալիև հանդիպումների ընթացքը ու հարցի կարգավորման ուղիները: Հայաստանի համար, որպես բարդ տարածաշրջաններում գտնվող պետության համար, շատ կարևոր է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը և հնարավորինս պետք է խորացնել դրանք: Հայաստանը փորձում է պահպանել որոշակի հավասարակշռություն և չդառնալ Արևմուտք-Ռուսաստան հակամարտության մասնակից, սակայն պետք է այնպես անել, որ  ՀՕՊ համաձայնագրի վավերացումը չխաթարի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները: Թերևս  ՆԱՏՕ-ում հասկանում են, որ Հայաստանի համագործակցությունը Ռուսաստանի հետ պայմանավորված է հայ-ադրբեջանական հարաբերություններով և ուղղված չէ անմիջականորեն Արևմուտքի դեմ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս