ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության երեկվա նիստում հայտարարել է փոքր ու միջին բիզնեսին աջակցելու իրենց մտադրության մասին, նույնիսկ ներկայացրել համապատասխան ծրագիր:
«Այժմ մենք տնտեսական աճը խթանելու համար աննախադեպ ծավալի ֆինանսական միջոցներ ենք տրամադրում Կենտրոնական բանկին եւ առեւտրային բանկերին: Դա նշանակում է, որ բիզնեսը պետք է իմանա, որպեսզի բիզնես ծրագրեր մշակի, օգտվի այդ գրանտային տարրից: Այդ գործում մարդկանց կօգնեն փոքր եւ միջին ձեռնարկությունների աջակցության կենտրոնները: Հակառակ պարագայում ստացվելու է, որ մենք ունենք առեւտրային վարկային ռեսուրսներ, որոնցից օգտվող չունենք: Սրան պետք է ուշադրություն դարձնել: Մենք եվրոբոնդերից ստացված գումարի մի մասը տալու ենք Կենտրոնական բանկին՝ վարկային միջոցներով բանկերի ֆինանսական ռեզերվներն ավելացնելու համար: Հիմա փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման համար Ասիական բանկից ենք վարկ վերցնում»,-հայտարարել է վարչապետը՝ հավելելով, որ իրենք այդպես ցանկանում են աջակցություն ցուցաբերել եւս 300 ձեռնարկատիրոջ:
Առաջին հայացքից սա նորմալ ծրագիր է. պետությունն ունի որոշակի գումար եւ այն բանկերի միջոցով ուղղում է փոքր ու միջին բիզնեսի վարկավորման ու զարգացման գործին: Սակայն հարց է առաջանում. ի՞նչ փողերով է կառավարությունն իրականացնելու այդ ծրագիրը: Բնականաբար, ոչ պետական բյուջեի, այլ, ինչպես նշել է վարչապետը, դրանք լինելու են եվրոբոնդերից ստացված գումարներն ու Ասիական բանկից ստացվելիք վարկը: Ասել է թե՝ այս ծրագիրն իրականացվում է Հայաստանի արտաքին պարտքի ավելացման հաշվին, արտաքին պարտք, որը փակելու են մեր սերունդները: Իսկ թե ինչու գործադիրը հանկարծ որոշեց գնալ այդ քայլին, դժվար չէ կռահել. Տիգրան Սարգսյանի կառավարությանը ոչ մի կերպ չի հաջողվում Հայաստանում ապահովել խոստացած 5-7 տոկոս տնտեսական աճը. անգամ պաշտոնական վիճակագրությունն է փաստում՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը 3,5 տոկոս է (իսկ միջազգային կառույցների կանխատեսմամբ՝ տնտեսական աճը հազիվ 4 տոկոս կազմի): Ուրեմն նշանակում է, որ կառավարության ծրագիրը տապալման եզրին է: Ու եթե Սերժ Սարգսյանն էլ հանկարծ որոշի իր խոսքերին տեր կանգնել ու ճարահատյալ վճռական քայլերի գնալ, ապա Տ. Սարգսյանի «բանը բուրդ է». չկարողանալով ապահովել խոստացված 5-7 տոկոս աճը՝ նա պետք է պարզապես հրաժարական տա կամ պաշտոնանկ արվի: Ու, հավանաբար, հենց այս զարգացումները հաշվի առնելով է, որ Տ. Սարգսյանը հիմա փորձում է ամեն գնով գոնե 5-տոկոսանոց տնտեսական աճ նկարել:
Ընդ որում, Տ. Սարգսյանն այս ծրագիրն իրականացնելիս փորձում է հաճելին համատեղել օգտակարի հետ: Բանն այն է, որ այդ գումարները պետք է տրամադրվեն առեւտրային բանկերին, որոնք էլ պետք է վարկավորեն փոքր ու միջին բիզնեսը: Ուրեմն սա նաեւ հրաշալի հնարավորություն է առեւտրային բանկերի համար, որպեսզի Հայաստանի արտաքին պարտքի հաշվին մի քիչ «փող աշխատեն». առեւտրային բանկերը ձեռնարկատերերին իրենց ձեռնտու տոկոսադրույքով են տրամադրելու այդ վարկերը՝ ապահովելով հավելյալ եկամուտներ: Թե ով է կանգնած առեւտրային բանկերի գլխին, վաղուց հայտնի փաստ է՝ Տ. Սարգսյանը: Ուրեմն այս ծրագրով վարչապետը փորձում է լուծել իր հետագա պաշտոնավարման հարցը, ձեռքի հետ էլ գումարներ աշխատել:
Եվս մեկ կարեւոր հանգամանք. իսկ արդյո՞ք կարող ենք վստահ լինել, որ այդ գումարներն ուղղվելու են հենց փոքր ու միջին բիզնեսին: Հազիվ թե: Ներդրվող գումարի եթե ոչ ամբողջը, ապա առնվազն մեծ մասը կրկին հոսելու է մեծ բիզնես՝ օլիգարխների գրպանը: Օլիգարխները կբացեն մի քանի փոքր ու միջին ձեռնարկություն, վարկ ստանալու հայտ կներկայացնեն, կստանան վարկը եւ դրանք կրկին կուղղեն դեպի իրենց մեծ բիզնես: Սա հայտնի մեթոդ է եւ Հայաստանում վաղուց է կիրառվում (ի դեպ, սա կիրառվում է նաեւ արհեստական մրցակցություն ստեղծելու նպատակով):
Կառավարության երեկվա նիստում Տ. Սարգսյանը հայտարարել է, թե փոքր ու միջին ձեռնարկատիրությունն իրենց ուշադրության կենտրոնում է: Թե ինչպես է կառավարությունն օժանդակում փոքր ու միջին բիզնեսին, բերենք մի քանի օրինակ: 2011թ. Հայաստանում եղել է 19 հազար 862 հատ մանրածախ առեւտրի օբյեկտ: 2012թ. այդ թիվը նվազել է՝ դառնալով 19 հազար 22: Իսկ արդեն այս տարվա առաջին կիսամյակում մանրածախ առեւտրի օբյեկտների քանակը կազմել է 16 հազար 197: Մեկնաբանությունները, թերեւս, ավելորդ են:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԲԼԵՖԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ