«Ոսկե ծիրանը» յուրօրինակ պատուհան է դեպի աշխարհ. Սերժ Սարգսյանի ուղերձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջերմորեն ողջունում եմ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին: Այս մասին ասվում է Սերժ Սարգսյանի ուղերձում:

Ուրախալի է, որ արդեն 13-րդ անգամ Հայաստանի մայրաքաղաքը դառնում է նման կարևոր մշակութային իրադարձության կենտրոն: Ավելորդ է խոսել ժամանակակից աշխարհում կինոյի ունեցած դերի և նշանակության մասին: Սակայն ավելորդ չէ կրկին ընդգծել մեր նվիրվածությունը մշակութային ու քաղաքակրթական այն հզոր ալիքին, որ կոչվում է համաշխարհային կինեմատոգրաֆ: Ավելորդ չէ նաև կրկին շեշտել մեր հավատարմությունը հայ կինոյին և նրա ավանդույթներին, քանզի կինոն հասարակության նորոգման, արժեքների վերաիմաստավորման ու արդիականացման լուրջ խթան ու բաղադրիչ է:

«Ոսկե ծիրանը» յուրօրինակ պատուհան է դեպի աշխարհ ոչ միայն հայ հանդիսատեսի, այլև մասնագետների համար: Մշակութային-հոգևոր առումով այն նաև փորձառությամբ, գիտելիքով, գեղագիտությամբ և արվեստով հարստանալու արդյունավետ ճանապարհ է: Ահա «Ոսկե ծիրանի» մեծագույն առաքելությունն ու խորհուրդը:

Կրկին ողջունում եմ «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը՝ մաղթելով հաջողություն և լեփ-լեցուն դահլիճներ, իսկ մասնակիցներին և հյուրերին՝ անմոռանալի տպավորություններ:

 




Լրահոս