ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՑԱՎԱԿՑԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական հեռագիր է հղել Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսի ընտանիքին եւ ԵԺԿ անդամներին՝ Մարթենսի մահվան կապակցությամբ: Հիշեցնենք, որ Մարթենսը վերջին երկու տարիներին մշտապես աջակցում էր ՀՀԿ-ի քաղաքական նախաձեռնություններին:

ՏԱՊԱԼՎԵԼ ԵՆ
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության հայտարարության համաձայն` Ադրբեջանում նախագահական ընտրությունները տապալվել են կարծիք արտահայտելու եւ հանրահավաքների անցկացման իրավունքի սահմանափակումների պատճառով, ինչը թեկնածուների համար չի երաշխավորել հավասար պայմաններ. «Ընտրական գործընթացի բոլոր փուլերում եղել են լուրջ թերություններ, որոնք պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանը լիարժեքորեն համապատասխանի ԵԱՀԿ առաջ իր պարտականություններին»:

ԷԼԻ «ՉԱՅԿԱ»-Ի ԳՈՐԾՈՎ
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը պաշտոնավարման մեկամյակի առթիվ հրավիրված ասուլիսում անդրադարձել է հայտնի «Չայկա»-ի հետ կապված զարգացումներին. «Հիմա թե քրեական գործ են հարուցել, ինչ են անում, ինչ չեն անում, Աստված իրենց հետ, որովհետեւ նորից են մեզ դատի տվել` «Չայկի» համար»: Հիշեցնենք, որ այդ մեքենան նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման վերջին շաբաթներին ավագանու որոշմամբ աճուրդ-վաճառքով 100.000 դրամով օտարվել էր Գեւորգ Ղուկասյանին: Ոստիկանությունը Ղուկասյանից հետ վերցրեց մեքենան, եւ հիմա վերջինս դիմել է դատարան` պահանջելով իր կողմից աճուրդով գնված մեքենան:

ԻՍԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՅԻՆԸ
Երեկ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը լրագրողներին է ներկայացրել իր պատկերացումները, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի իսկական հանրային հեռուստաընկերությունը: «Գաղափարը նոր չէ եւ հենվում է այս ոլորտում Հայաստանի պատմության վերջին 15-18 տարվա փորձառություն ունեցող մարդկանց ու մասնագետների մտահղացումների, ինչպես նաեւ «Ա1+» հեռուստաընկերության ժողովրդական հեռուստատեսության գաղափարի, իսկական հանրային բովանդակությամբ հեռուստաարտադրության կարիքի մասին մի քանի տասնյակ մասնագետների արտահայտած մտահոգությունների վրա»,-նշել է Բարսեղյանը` ընդգծելով, որ «ներկայումս ունենք ընդամենը անունով հանրային հեռուստաընկերություն, որը չի սպասարկում հանրության շահերը»:  

ՆԱԽԿԻՆ ԴԱՇՆԱԿ ԼԻՆՈ՞ՒՄ Է
Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանն այլեւս դաշնակցական չէ: Նա  2 տարի առաջ դադարեցրել է իր անդամակցությունը ՀՅԴ-ին, իսկ անցած նախագահական ընտրությունների ժամանակ էլ աշխատել է հօգուտ Սերժ Սարգսյանի: Լրագրողների հետ զրույցում այս մասին հիշատակած նորանշանակ մարզպետը, սակայն, ընդգծել է, որ ՀՅԴ շարքերում լավ ընկերներ ունի, որոնց հետ հարաբերությունները կպահպանվեն:

ԿՀԱՄԵՄԱՏԵՆՔ` ԿՏԵՍՆԵՆՔ
ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, անդրադառնալով Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը, երեկ Մամուլի ազգային ակումբում ասել է. «Ես գիտեմ, որ եթե Հայաստանը ասոցացվեր ԵՄ-ի հետ, լեհ փորձագետների հաշվարկներով՝ տարեկան օգուտը կլիներ 150 մլն եվրո, եւ դա կնպաստեր, որ 2-3 տոկոսով ՀՆԱ-ն աճի: Մյուս տարի՝ Մաքսային միությանը միանալուց հետո, կհամեմատենք այդ թվերը գրանցվածին»:




Լրահոս