ԽՈՍՈՒՄ ԵՆ ՈՒ ԽՈՍՈՒՄ
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը մոտ 6,6 մլն դրամ է ծախսել կապի ծառայությունների համար: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, ՀՀ ԿԳՆ-ն այդ գումարը վճարել է «ԱրմենՏել» ընկերությանը հիմնականում ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների համար: Փաստորեն, այս նախարարությունում եւս սիրում են հեռախոսով շատախոսել: Թեեւ, ՀՀ ֆինանսների նախարարության համեմատ, ԿԳՆ-ի արձանագրած թիվը քիչ է. ֆիննախարարությունը մոտ 8,5 մլն դրամի է խոսել:
ՍՐՏԵՐԻ ՍԻՐՏԸ
Ռաբիս երգի բառեր հիշեցնող «Իմ սրտի ուղեկից» խորագրով տոնակատարությունների շարքը՝ նվիրված Երեւանի 2750-ամյակին, այսօր մեկնարկում է: Ուշագրավն այն է, որ նախորդ տարի նույն միջոցառումների շարքը կրում էր «Իմ սրտի մայրաքաղաք» անունը: Քանի որ սրտի մայրաքաղաքից մեկ տարվա ընթացքում բավականաչափ «ատկատներ» ստացվեցին, ապա Երեւանը Տարոն Մարգարյանի համար մնաց ընդամենը «սրտի ուղեկից»: Այս տրամաբանությամբ հաջորդ տարի միջոցառումների այս շարքը կկրի «Իմ սրտի աորտա» անունը, որը կսնուցի Տարոն Մարգարյանի «սիրտը» ուղիղ կապով:
ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆԱՄԱԿ
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ ALDE քաղաքական խմբի նախագահ Աննա Բռասերը պատրաստվում է առաջիկայում նամակ ուղարկել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Պատճառն այն է, որ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում Աբրահամյանը մտադիր է փոփոխություններ կատարել ԵԽԽՎ պատվիրակության կազմում եւ ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ ALDE խմբի անդամ Լեւոն Զուրաբյանի փոխարեն պատվիրակության հիմնական կազմում ընդգրկել կոալիցիոն ՕԵԿ-ի ներկայացուցչին՝ Մհեր Շահգելդյանին: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ժամանակ Զուրաբյանը դիմել է իր ALDE քաղաքական խմբին՝ տեղեկացնելով ԱԺ նախագահի այդ որոշման մասին: Եվ ահա, ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ALDE խումբն իր նիստում անդրադարձել է Զուրաբյանի հարցին ու միաձայն որոշում կայացրել նրան աջակցելու մասին:
ԱՆԹԱՍԻԲ ՆԱԽԱՐԱՐԸ
Երեկ՝ կառավարության նիստից հետո, «Ժողովուրդ»-ը ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանից փորձեց հետաքրքրվել, թե նա ինչպես է պատրաստվում պահել իր ղեկավարած գերատեսչության «թասիբը», եւ ինչու են իր աշխատակիցները կա՛մ ինքնասպան լինում, կա՛մ սպանվում: Խոսքը բնապահպանության նախարարության՝ վերջերս ՀՀ կառավարության շենքից նետվելու միջոցով ինքնասպան եղած աշխատակից Հայկ Հայրապետյանի եւ «Խոսրովի արգելոց»-ի սպանված տեսուչ Մխիթար Սեդրակյանի մասին է: Սակայն համակարգի թասիբի հարցը ամենաքիչն էր հետաքրքրում նախարարին: Նա ասաց, թե շտապում է՝ առաջարկելով. «Գրե՛ք Ձեր հարցերը, եւ ես կասեմ, որ պատասխանեն»: Նրա այս անհարգալից պատասխանից կարելի է ընդամենը մեկ եզրահանգում անել՝ նախարարին իր համակարգի աշխատակիցների ճակատագիրը չի հետաքրքրում, ու նա անգամ տղամարդկային թասիբից է զուրկ: