ՍԵՐԺԸ՝ ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու ԲՀԿ-ական նախկին ներկայացուցիչ Արա Վարդանյանի՝ Ճվճվ Արոյի որդու՝ Սերժ Վարդանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ թմրանյութեր պահելու եւ օգտագործելու հատկանիշներով: Սակայն Վարդանյանների ընտանիքը չի պատրաստվում լռել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ճվճվ Արոյի կինը՝ Նաիրա Վարդանյանը, հայտարարեց, որ իրենք պատրաստվում են իրենց որդուն կրկին հետազոտման ենթարկել:
Հիշեցնենք, որ դեռեւս 2013թ. մարտի 15-ին ոստիկանության աշխատակիցները թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով ոստիկանություն էին բերման ենթարկել 2 երիտասարդի՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Նվեր Չախոյանի  որդուն՝ 22-ամյա Նարեկ Չախոյանին, եւ Երեւան քաղաքի ավագանու նախկին անդամ, «Ճվճվ Արո» մականվամբ հայտնի Արա Վարդանյանի որդուն` 21-ամյա Սարգիս Վարդանյանին:
Նարեկ Չախոյանի մեքենայից հայտնաբերվել էր պոլիէթիլենային փաթեթ՝ 0,6 գրամ դեղնականաչավուն զանգվածով, եւ մեկ կաթուցիչ: Նախկին պատգամավորի որդին խոստովանել էր, թե դա իր թմրանյութն է եղել: Այս գործը բավական հեշտությամբ փակվեց: Դեպքից հետո կրքերը կարծես թե նոր թափ են առել, ու այս անգամ Արա Վարդանյանի մյուս որդին` Սերժ Վարդանյանը, հայտնվեց սկանդալային պատմության կիզակետում՝ դարձյալ թմրանյութ օգտագործելու եւ պահելու թեմայով: Եթե մի դեպքում Վարդանյանի որդու ընկերն էր խոստովանել, որ թմրադեղն իրեն է պատկանել, ապա վերջին դեպքը ճիշտ հակառակ ընթացքն է ստացել: Սեպտեմբերի 26-ին հերթական անգամ Սերժ Վարդանյանն եւ նրա ընկեր Ռաֆայել Այվազյանը Շենգավիթ վարչական շրջանում բարձր արագությամբ վարել էին մեքենան՝ չենթարկվելով ոստիկաններին: Տղաները չէին ցանկացել անգամ ներկայացնել համապատասխան փաստաթղթեր` փորձելով փախուստի դիմել: Համենայնդեպս, այդ մասին վկայում էր տարածված տեսանյութը: Միգուցե տղաները կարողանային «մարսել» մեքենայի արագության գերազանցման, ոստիկաններին չենթարկվելու արարքը, սակայն իրադարձություններն այլ կերպ զարգացան:
Ըստ ոստիկանության՝ տղաներն այդ օրը ենթարկվել են դատաբժշկական փորձաքննության, ինչի արդյունքում էլ պարզվել է, որ նրանք եղել են թմրանյութի ազդեցության տակ: Արդյունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 266-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (թմրամիջոցներ պահելը, որը պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով): Եվ այսպես, թմրանյութի ազդեցության տակ գտնվելու փաստը մեծ շոկ է առաջացրել Ճվճվ Արոյի ընտանիքում: Վերջինիս կինը՝ Նաիրա Վարդանյանը, առաջինը «Ժողովուրդ»-ից տեղեկացավ, որ իր որդու դեմ քրեական գործ է հարուցվել. «Ո՞վ է եղել թմրանյութի ազդեցության տակ, ի՞նչ թմրանյութ, ի՞նչ եք ասում, նման բան չի կարող լինել»:
Իհարկե, տիկին Նաիրան իր որդուն սուրբ չհամարեց, սակայն կատարվածը դասեց աբսուրդի ժանրին. «Մեքենան վատ են վարել կամ սխալ բան են արել, ես չեմ ասում, որ նման բան չկա, բայց թմրանյութ օգտագործել… Սերժն այդ երեխան չէ, նա շատ աշխույժ տղա է, բայց նման բաներից շատ հեռու է: Ինչ ուզում են գրեն, ինձ էլ չի հետաքրքրում»:
Երբ տիկինը խոսեց իր մյուս որդու՝ Սարգսի մասին, որին մարտի 15-ին նույնպես թմրանյութերի հետ կապված բերման էին ենթարկել ոստիկանություն, այդքան էլ նրան չպաշտպանեց. «Սարգսի հետ կապված՝ ես բան չեմ կարող ասել, նա մի քիչ ուրիշ է: Չեմ ուզում Չախոյանների հասցեին խոսել կամ տարածվել այդ թեմայով: Սարգիսն այդ օրը եղել էր Չախոյանի որդու հետ, ու մեքենան պատկանում էր Չախոյանի որդուն, ուստի այդ դեպքն իրենց էր վերաբերվում: Բայց դե դա անցել գնացել է, ու չեմ ուզում խոսել, հիմա խնդիրը Սերժն է, որը նման բաների հետ կապ չունի: Դա բացառված է: Ես չգիտեմ, թե ինչ են ուզում մեզանից, մեր տղաներն աշխույժ են, մի քանի անգամ աչքի են ընկել: Բայց դե չեմ ուզում ասել, թե իմ երեխաներին ինչի աղբյուր են սարքել: Չի կարելի»:
Ըստ մեր զրուցակցի՝ երբ նշված օրը տղաներին մեքենան արագ վարելիս բռնել են, տղաները ոստիկաններին ասել են՝ եթե խախտում ենք արել, մեքենան տարե՛ք տուգանային հրապարակ. «Բայց նրանց ասել են, թե չէ՛, կանկրետնը ձեզ պետք է տանենք: Դրա համար այսքան մարդ է խառնվել, ու մեծ շոու են սարքել: Բոլորի համար ծիծաղելի է»:
Նշենք, որ ըստ փորձագետի տված տեղեկանքի՝ Ռ. Այվազյանից վերցված մազի եւ մեզի փորձանմուշներում հայտնաբերվել են կանաբիոնիդների խմբին պատկանող թմրանյութի թմրակալոիդներ, իսկ Ս. Վարդանյանի մեզի եւ մազի փորձանմուշներում՝ ափիոնի խմբին պատկանող թմրանյութի թմրակալոիդներ: «Դուք գիտե՞ք, թե դա ինչ լուրջ թմրանյութ է, ու դա օգտագործելու դեպքում դու չես կարող ուղղակի աննկատ մնալ»,-տարակուսեց տիկինը:
Ինչեւէ, տիկին Նաիրան հայտարարեց, որ երեկ իր որդին անձամբ է գնացել ոստիկանության Մալաթիայի բաժին եւ ցուցմունք տվել, որ ցանկանում է՝ իրեն նորից փորձաքննության ենթարկեն. «Մենք էլ մեր հերթին ենք պատրաստվում մեր որդուն համապատասխան բժշկի մոտ հետազոտման ենթարկել: Կհետազոտենք, ու այն ժամանակ արդեն ամեն ինչ պարզ կլինի, ու դրանից հետո մենք մեր հետագա անելիքները կիմանանք»: Իսկ եթե իրականում պարզվի, որ Ձեր որդին թմրանյութ է օգտագործել, որի հետքերը դժվար են ջնջվում արյան միջից, ի՞նչ եք անելու. այս հարցին տիկին Նաիրան պատասխանեց. «Կլինի, նոր կխոսենք»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ




Լրահոս