ՉՆՉԻՆ ՇԱՆՍԸ ՊԻՏԻ ՕԳՏԱԳՈՐԾԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հիմնական եւ անփոխարինելի դարպասապահ Ռոման Բերեզովսկին վնասվածք էր ստացել Չեխիայի դեմ արտագնա խաղում (1:2), բայց ապաքինվել եւ սկսել էր մարզվել Մոսկվայի «Դինամո»-ի կազմում։
Սակայն այսօր կայանալիք Հայաստան-Բուլղարիա հանդիպումից առաջ ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նա մասնավորապես ասել է. «Օրեցօր ինձ ավելի լավ եմ զգում, ապաքինվում եմ: Սակայն պետք է խոստովանել, որ բավական տհաճ վնասվածք է: Մարզվում եմ ընդհանուր խմբում, մինչ այս մեկ շաբաթ մարզվել եմ նաեւ «Դինամո»-ում: Մարզավիճակ եմ ձեռք բերում, պատրաստվում եմ, իսկ թե ով կխաղա բուլղարացիների դեմ խաղում, կորոշեն մարզիչները: Հայաստանի հավաքականը դեռ տեսական շանսեր ունի խմբում երկրորդ տեղը գրավելու համար, եւ պետք է պայքարենք այդ հնարավորության համար: Ցանկանում ենք ռեւանշի հասնել Սոֆիայում կրած պարտության դիմաց, առավել եւս, որ այդ խաղից հետո իր ֆուտբոլային կարիերան է ավարտել Սարգիս Հովսեփյանը: Դա մեր առաջին պարտությունն էր աշխարհի առաջնության 2014-ի որակավորման փուլում։ Ցանկանում ենք սեփական հարկի տակ հաղթել բուլղարացիներին»։
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նույնպես  խոսել է  այսօր կայանալիք մրցավեճի մասին: Նա մասնավորապես նշել է, որ Բերեզովսկին առաջին մարզումներից հետո այնքան էլ լավ չէր, բայց հոկտեմբերի 9-ի մարզումը ցույց է տվել, որ նա 100 տոկոսով պատրաստ է խաղին: Մինասյանն  ընդգծել է այս հանդիպման կարեւորությունը. «Նախ՝ մենք խմբից դուրս գալու չնչին շանս ունենք, որը պետք է օգտագործենք: Երկրորդը՝ սա ընտրական խաղ է, որում պետք է ձգտենք հաղթել: Երրորդը՝ մենք Հայաստանում հաղթանակ չենք տոնել: Բացի այդ՝ վարկանիշի խնդիր կա. հաջորդ վիճակահանությունից առաջ չորրորդ զամբյուղում ենք, իսկ առաջիկա խաղերում հաջող հանդես գալու դեպքում կբարձրանանք երրորդ զամբյուղ: Մեր մոտիվացիան շատ բարձր է»:
Հիշեցնենք, որ ներկա դրությամբ Հայաստանի ընտրանին զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը՝ 4 միավորով հետ մնալով հենց առաջիկա մրցակից բուլղարացիներից, որոնք երկրորդ տեղում են:

ՈՉ-ՈՔԻ ԵՎ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Երեկ Հայաստանի մինչեւ 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականը Լեհաստանում անցկացրեց 2014թ. առաջնության որակավորման փուլի առաջին հանդիպումը: Մեր հավաքականը Ինովրոցլավ քաղաքում Ռումինիայի հավաքականի հետ խաղաց ոչ-ոքի՝ 1:1: Հաշիվը 12-րդ րոպեին բացեց Վինան, 44-րդ րոպեին պատասխան գնդակը խփեց Արտյոմ Սիմոնյանը, ով հանդես է գալիս Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ի երիտասարդական թիմում: 58-րդ րոպեին ռումինացիները մնացել էին 10 հոգով: Վաղը մեր պատանիները կխաղան լեհերի հետ։
Իսկ ահա մինչեւ 21 տարեկանների երիտասարդական հավաքականը հյուրընկալեց Ֆրանսիայի իր հասակակիցներին եւ պարտվեց 1:4 հաշվով:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս