Երեւանի այսօրվա խնդիրների, իր նախկին դեմքը կորցրած երեւանցու եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց իսկական երեւանցի, կինոռեժիսոր ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԻ հետ:
-Ես տեսել եմ, թե ինչպես է կառուցվել Երեւանը, հայրս շինարար էր: Երեւանը` որպես քաղաք, կայացավ 60-ականներին, ու իզուր չէր, որ մենք էինք առաջին սերունդը, որ Երեւանում ծնվեցինք: Համարյա մեր բոլորի ծնողները գաղթականներ էին: Իրականում առաջին երեւանցիներն իմ սերունդն են՝ 60-ականներին ծնված: Իմ մանկության ու երիտասարդության Երեւանը ու հատկապես երեւանցիները ուրիշ դեմքի արտահայտություն ունեին: Մեր ժամանակ մեր դեմքերին անհոգություն, հանգստություն ու նաեւ լավ բանի սպասում կար: Հիմա մարդկանց դեմքերին նայելիս ես տեսնում եմ հուսալքություն: Իրենք անվստահ են` իրենց վաղվա օրվա հետ կապված: Դա երեւում է նույնիսկ մարդկանց քայլվածքից:
-Ինչո՞վ էր գեղեցիկ Ձեր պատանեկության Երեւանը:
-Ցանկացած քաղաք՝ Լոնդոն, Փարիզ, գեղեցիկ է իր բացօթյա հանրային տարածքներով, այգիներով ու բուլվարներով: Ես ցավով էի նայում, երբ 28 տարի առաջ Երեւանում սկսվեց այդ հանրային տարածքների մասնավորեցումը, չեմ կարող ասել` շինարարությունը, ավելի շատ` աղավաղումը: Դա սկսվեց զբոսայգիներից, որոնք պատվեցին սրճարաններով, հետո անցան Օպերայի տարածքին, Աբովյան փողոցին… Նայում եմ քաղաքին ու տեսնում այդ կետային անճոռնի բարձրահարկ շենքերը, որոնք որեւէ առնչություն չունեն իրար հետ, այսինքն` կառուցվել են առանց որեւէ ճարտարապետական նախագծի: Ա՛յ դա աղավաղեց Թամանյանի Երեւանը, որը խորհրդանշում էր մի ուղղվածություն, մի գաղափար: Հիմա այդ ամենը բաժանված է մասնավորների միջեւ: Քաղաքը տիեզերք է, ու դրա մեջ պետք է լինի ներդաշնակություն: Իսկ մեր քաղաքում շատ դժվար ու մեծ ջանքերով ձեռք բերված ներդաշնակությունը սկսեց վերանալ 28 տարի առաջ: Մեր քաղաքը դարձել է բարձրահարկ գյուղ, այն մայրագյուղ է ինձ համար:
-Կհիշե՞ք` Ձեր ընկերների հետ երիտասարդ տարիներին Երեւանի ո՞ր սրճարանում կամ հատվածում էիք սիրում հավաքվել:
-Ես շատ փոքր էի, երբ մայրս իր հետ ինձ տանում էր Ծածկած շուկա ու առեւտուր էր անում շաբաթվա համար: Շուկայի երկրորդ հարկից` վերեւի պատշգամբներից, ես նայում ու զմայլվում էի այն լույսով, հոտերով ու ձայներով, որ բարձրանում էին ներքեւից: Կարծում եմ` որպես ռեժիսոր` ես ինչ-որ տեղ ձեւավորվեցի Ծածկած շուկայի շատ յուրահատուկ գունային ու լուսավոր էֆեկտների մեջ, որ մանկուց դիտում էի:
Իսկ սրճարանները քաղաքում առաջացան 60-ականներին: Առաջինը Սայաթ-Նովայի փողոցում էր, հիմա դրա տեղում փակ բունկերանման մի համալիր է: Ու առաջվա պատը Սայաթ-Նովայի պատկերով եղնիկի հետ, կարծեմ, դեռ պահպանվել է տնօրենի սենյակի ներսում: Այսինքն` նորից խափանվել է բաց քաղաք, բաց հանրություն գաղափարը, ամեն ինչ փակ է, սրճարաններն էլ են փակ: Իսկ մեր ժամանակվա քաղաքը բաց էր: Սրճարաններից մենք գերադասում էինք Նկարիչների միության տակ գործող բացօթյա «Կոպեյկա» կոչվող սրճարանը, որն առանձնացված էր քաղաքից վայրի խաղողի պատերով, եւ այնտեղ հավաքվում էին մեծագույն արվեստագետներ` Փափազյանը, Շերենցը, Ֆրունզիկ Մկրտչյանը, Լեւոն Ներսիսյանը… Մենք` համեստ ուսանողներ, վախվխելով մոտենում էինք կամ կողքի սեղանից նայում էինք նրանց: Հիմա չկա նաեւ Թեմուրնոցը:
Երեւանը յուրահատուկ էր երեւանցիներով, ու քանի որ կրթվածության մակարդակը շատ բարձր էր երկրում, դա ուսանողների, ինժեներների, գիտնականների, պոետների քաղաք էր: Ա՛յ դա ես շատ լավ եմ հիշում, այդ դեմքերը ես երբեք չեմ մոռանա: Նաեւ հիշում եմ` ինչպես 20 տարվա ընթացքում անհետացավ քաղաքի ու մարդկանց դեմքից այդ հույսը: Երեւանը հիմա անգամ բանվորների քաղաք չէ:
-Երբեք չե՞ք մտածել Երեւանի մասին ֆիլմ նկարել:
-Ես ոչ թե մեկ, այլ երկու նախագիծ ունեմ: Մեկը երաժշտական կարճ գործ է Երեւանի մասին, մյուսը լինելու է ֆիլմ, կոչվելու է «Երեւանը, որը մենք կորցրել ենք»: Բայց ես նաեւ Թամանյանին նվիրված մեկ այլ ֆիլմ եմ նկարել` «Երեւանի գլխավոր գաղտնիքը»: Իմ ֆիլմերը ցույց չեն տալիս հայկական հեռուստաալիքներով, բայց 2009թ. Ռուսաստանի ճարտարապետների միությունն այս ֆիլմը ճանաչել է ճարտարապետության մասին լավագույն ֆիլմ: Դա ֆիլմ է Երեւանի ստեղծման մասին:
-Ի՞նչ կմաղթեք մեր քաղաքին:
-Ես կարծում եմ, որ Երեւանը ծանր հիվանդ է, ու մենք ոչ այդքան երեւանցի ենք, որքան հիվանդատես: Մենք պարտավոր ենք նրան բուժել:
«ԵՐԵՎԱՆԸ ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴ Է»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ