Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Ռուսաստանի համար վատագույն սցենարը կարող էր դառնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը: «Ծանր է տեսնել բարեկամների և եղբայրների մահը»,-ադրբեջանական ANS հեռուստաալիքի հարցազրույցում ասել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը:
Ռուս դեսպանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում «քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ հակամարտությունը սառեցված չէ և ևս մեկ անգամ ընդգծեց հակամարտության կարգավորմանն ուղղված լուրջ քայլերի ձեռնարկման կարևորությունը»:
«Հայաստանի հետ մեր բարեկամական հարաբերությունները խոր արմատներ ունեն:Մենք ռազմաքաղաքական դաշնակիցներ ենք: Ռուսաստանը լուրջ տնտեսական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին:Մենք նաև տարբեր ինտեգրացիոն կապեր ունենք: Այդ հակամարտությունը պետք է կարգավորել միայն հաշվի առնելով շահերի բալանսը: Պետք է փոխզիջման գնալ, որպեսզի կողմերը վստահեն միմյանց: Մենք ճնշում չենք գործադրում կողմերից որևէ մեկ վրա, մենք հակամարտության կարգավորման այնպիսի բանաձև ենք փնտրում, որը ձեռնտու կլինի երկու կողմերին»,-ասել է ռուս դեսպանը:
Դորոխինի խոսքով՝ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայումը միայն քաղաքագետների և լրագրողների երևակայության արդյունքն է:
Նա նաև անդրադարձել է Պուտինի՝ Ադրբեջան կատարելիք այցին՝ նշելով, որ ՌԴ նախագահն ամեն տարի Ադրբեջան է մեկնում, և այս տարի նա շատ հարցեր կքննարկի իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ:
«Շատ հարցեր են հավաքվել, որոնք պետք է քննարկեն երկու երկրների նախագահները: Պուտինը դատարկաձեռն չի մեկնի: Նոր հանձնարարություններ կլինեն: Այդ իսկ պատճառով նրա այցը ոչ թե ցուցադրական, այլ աշխատանքային կլինի»,-ասել է Ադրբեջանում ՌԴ դեսպանը: