Իսիկ-կուլի ափին հայկական միջնադարյան եկեղեցու որոնման աշխատանքները հետաձգվել են մինչեւ 2014թ.: Այդ մասին հայտնել է «Այաս» ակումբի նախագահ Կարեն Բալայանը: Արշավախումբը նախատեսում էր աշխատանքները սկսել այս տարի սեպտեմբերից: Ծրագրի նախաձեռնությունը ռուս աշխարհահռչակ ճանապարհորդ Ֆյոդոր Կոնյուխովինն էր:
«Ժողովուրդ»-ը Կարեն Բալայանից տեղեկացավ, որ արշավը հետաձգվել է ռուս ճանապարհորդի գերծանրաբեռնվածության պատճառով։ «Հիմնական շարժիչ ուժը Ֆյոդոր Կոնյուխովն էր, ով առաջարկել էր, որ միասին ձեռնարկենք այդ արշավը: Բայց նա որոշել է միայնակ փոքրիկ նավակով անցնել Խաղաղ օվկիանոսը եւ երկար ժամանակ դրան էր նախապատրաստվում։ Նավարկությունն էլ կտեւի վեց-յոթ ամիս, հետեւաբար նա արդեն ժամանակ չունի։ Մենք նախնական պայմանավորվել էինք, որ սեպտեմբերին կլինի, բայց բառացիորեն մի տասն օր առաջ խոսեցինք նրա հետ, եւ վերոնշյալ պատճառով որոշեցինք աշխատանքները հետաձգել մեկ տարով»,-պարզաբանեց պարոն Բալայանը։
Ըստ մեր զրուցակցի` նույնիսկ լավ է, որ աշխատանքները հետաձգվել են. դա հնարավորություն կտա ավելի լավ պատրաստվել եւ ավելի շատ գիտնականներ ներգրավել արշավախմբում, որն իր աշխատանքները եկող տարի, ամենայն հավանականությամբ, կսկսի օգոստոս-սեպտեմբերին։ Իսկ մինչ այդ պետք է նաեւ լրացուցիչ տեղեկատվություն հավաքեն։ Վանքի գտնվելու վայրի վերաբերյալ հիմնական աղբյուրը 1375թ. կատալոնյան քարտեզն է, որի վրա լճի հարավային մասում պատկերված է վանքը: Բայց մեր զրուցակիցը կարծում է, որ այն պետք է փնտրել մյուս ափին. «100 տարուց ավելի արշավախմբեր են կազմակերպվում, բայց բոլորը, ըստ էության, վանքը սխալ տեղ են որոնում։ Մեր գաղափարը տարածվում է, որովհետեւ մարդիկ տեսնում են, որ մենք ճիշտ ենք։ Վերջերս Մոսկվայում հանդիպում եղավ, եւ մի գիտնական էլ միացավ մեզ։ Մի խոսքով, մեր համախոհների խումբը մեծանում է եւ մինչեւ եկող տարվա օգոստոս-սեպտեմբեր ավելի կմեծանա»։
Կարեն Բալայանի կարծիքով` ջրի տակ հայտնաբերել են գյուղերի, շինությունների մնացորդներ, սակայն քիչ հավանական է, որ այդքան կարեւոր վանքը կառուցեին հենց լճի մոտ, եւ այն մնար ջրի տակ. «Կարելի է այնտեղ էլ հետազոտել, բայց պետք է նայենք նաեւ լեռներում։ Նույն Նարեկավանքը, որ ասում են՝ Վանա լճում է, Վանից հեռու է, լեռներում է կառուցված։ Ընդհանրապես հայերը՝ որպես լեռնային ժողովուրդ, շատ հաշվենկատ եւ զգուշավոր են վանք կառուցելու վայրի հարցում»։
ՎԱՆՔԸ ՍԽԱԼ ՏԵՂ ԵՆ ՈՐՈՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ