ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը, որտեղ նշվում էր, որ այսօր Վիեննայում խմբի անդամներին կներկայացվեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները և կարգավորման ուղղությամբ հետագա քայլերը:
Մենք փորձեցինք հասկանալ, արդյոք արժե լուրջ ակնկալիքներ ունենալ այս հայտարարությունից և ինչ է սա նշանակում. «Հիմա հիմնական շեշտը դրվում է կարգավորման մեխանիզմների մշակման վրա, այլ բան նման իրավիճակում ակնկալել ուղղակի իրատեսական չէ: Մինչև այս ուղղությամբ չլինեն կոնկրետ, տեսանելի քայլեր այլ խնդիրների մասին խոսելն ուղղակի տրամաբանական չէ»:
Դավիթ Բաբայանի կարծիքով այս գործընթացն ինքնին բավականին բարդ է և ժամանակատար. «Մինչև տեղի ունենան քննարկումներ, կայացվի միասնական որոշում, հետո կսկսվի ներդրման փուլը, հետո պետք է ֆիքսեն հրադարաի խախտման դեպքերն ու խախտողին պատասխանատվության կանչեն, ինքնին երկար գործընթաց է: Մեզ պետք է այս ուղղությամբ ընթանալ, որովհետև այլ տարբերակ դեռևս չկա»:
Նա նաև նշեց, որ դեռևս ունենք միայն ընդհանուր համաձայնություն, որ պետք է մշակվի կարգավորման մեխանիզմներ, բայց, թե ինչպես է դա լինելու և ում կողմից դեռևս հստակեցված չէ: