“Հրապարակը” գրում է.”Երեկ լուրեր էին շրջում, թե փոփոխություններ են կատարվելու ոստիկանության վերին էշելոնում: Համակարգի երկարամյա աշխատող, 61-ամյա, արդեն 10 տարի՝ 2003 թ. հունվարի 1-ից փոխոստիկանապետի պաշտոնն զբաղեցնող, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանին պատրաստվում են ուղարկել թոշակի:
Ըստ ՀՀ ոստիկանության մասին օրենքի՝ ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող կամ ոստիկանության բարձրագույն կոչում ունեցող ծառայողները կարող են ծառայել մինչեւ 60 տարին լրանալը, եւ այդ խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ երեք տարի ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից: Իսկ Հովհաննես Հունանյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգված է մեկ տարով։ Սա նշանակում է, որ շուտով վրա է հասնելու կարիերայի մայրամուտը:
Մեր տեղեկություններով, այս պաշտոնի համար Վովա Գասպարյանը թեկնածուներ է փնտրում: Արդեն շրջանառվում են մի շարք անուններ, որոնց թվում ամենահավանականը համարվում է Լոռու մարզի ոստիկանապետ Անուբախ Համբարյանի թեկնածությունը: Երեկ խոսվում էր նաեւ, որ պաշտոնանկ է արվելու ոստիկանապետի տեղակալ Սաշիկ Աֆյանը”: