Ջավախքում հայ ընտանիքի դաժան սպանությունից հետո հանցագործները փորձել են այրել տունը. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի ջավախահայ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը Ջավախքում տեղի ունեցած ողբերգական սպանության հարցով մշտապես կապի մեջ է Վրաստանի իր գործընկերների հետ: Վարդապետյանը ArmLur.am-ի հետ զրույցում կարևոր համարեց այն հանգամանքը, որ այդ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձը ձերբակալված է:

Նախաքննական մարմիններին չվնասելու նպատակով պատգամավորը չցանկացավ մանրամասն տեղեկություններ հայտնել, սակայն նշեց, որ սպանությունը կատարելու շուրջ վարկածները բազմաթիվ են:

Ձերբակալվածներից մեկը 24-ամյա երիտասարդ է, որը, ըստ տեղեկությունների, ապրում է նույն գյուղում: Վրացական կայքերի փոխանցմամբ` բացի 24-ամյա երիտասարդից, ով արդեն խոստովանել է արարքը, կասկածվում են նաև այլ մարդիկ: Մասնավորապես, վրացական jnews.ge-ն հայտնում է, որ հայ ընտանիքի սպանության մեջ կասկածվում են նույն գյուղի երեք բնակիչներ:

Հավելենք նաև, որ սպանության բազմաթիվ վարկածներ են շրջանառվում՝  ընդհուպ գողություն կամ բռնաբարություն, սակայն պաշտոնական վարկածը դեռ չկա:

Jnews.ge-ն հայտնում է, որ կասկածյալները հուլիսի 10-ի գիշեը տուն են մտել գողության նպատակով: Տանտիկինը դիմադրել է և նրա գլխին են հարվածել, որից հետո սպանել են երեք երեխաներին: Սպանությունից հետո, հետքերը թաքցնելու համար, հանցագործները փորձել են այրել տունը, սակայն այն մինչև վերջ չի վառվել: Որոշ տեղեկությունների համաձայն` 5-ամյա երեխան կամ քնած ժամանակ խեղդվել է գազից կամ նրան խեղդել են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում Քաչոտյանների ընտանիքի  մորը և 7, 13, 18 տարեկան երեխաներին, հուլիսի 10-ին, հարեւանները հայտնաբերել են սպանված: Նշենք նաև, որ ընտանիքի հայրը` Վաղինակ Քաչոտյանը,  Ռուսաստանի Դաշնությունում է` արտագնա աշխատանքի:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս