Երեխաների ևս մեկ խումբ վերադարձավ Երևան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անհամբեր, սպասողական և ուրախ հայացքներ. րոպեներ անց վայրէջք պիտի կատարեր Կրասնոդարից Երևան ժամանող ինքնաթիռը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աջակցությամբ Երևան էին վերադառնում Աբխազիայում գտնվող երեխաները, ովքեր Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի փակվելու պատճառով նախատեսված 10 օրվա փոխարեն այնտեղ էին մնացել 18 օր:

Չնայած Լարսի անցակետը ժամային որոշակի սահմանափակումով արդեն գործում է, սակայն, ինչպես նախարարությունը խոստացել էր, հնարավոր անհարմարություններից խուսափելու համար երեխաների վերադարձը կազմակերպվեց ինքնաթիռով։

Երեխաների ժպիտները տեսնելուն պես վերանում է ծնողների անհանգստությունը, ովքեր շտապում են գրկելու իրենց երեխաներին:

Խմբի ղեկավար Լիլիթ Մովսիսյանը նշում է, որ ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված. «Ես իհարկե գոհ եմ թե´ ծրագրից, թե´ երեխաներից, թե´ եղանակից։ Իհարկե, ամենամեծ շնորհակալությունը մեզ ընդունող կողմին, ովքեր շատ լավ մեզ դիմավորեցին, պահեցին։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, մեր նախարարությունը միահամուռ ուժերով արեցին ամեն ինչ, որպեսզի մենք կարողանանք երեխաների և´ հանգիստն ապահովել և´ հաջող գալ, տուն հասնելը»:

«Մենք շատ շնորհակալ ենք մեր պետությունից և մեր ղեկավարությունից։ Մենք իրոք տեսանք, որ երեխաները գտնվում են մեր պետության և կառավարության հոգածության տակ: Շնորհակալ ենք, որ նման ծրագիր կա, և որ բոլորը ձեռքերը դրեցին մեր երեխաների գլխին։ Շատ գոհ ենք, շատ շնորհակալ ենք, ապրեք»,- նշում է ծնողներից Սուսաննա Վասիլյանը:

Արդեն ծնողների կողքին գտնվող երեխաներն ասում են` ամեն ինչ շատ լավ էր, իրենք որևէ դժվարության չեն հանդիպել, ընդհակառակը, նախատեսվածից մի քանի օր ավել մնալու ընթացքում հասցրել են ավելի լավ հանգստանալ նաև այնտեղ ապրող մեր հայրենակիցների հոգածության շնորհիվ. «Շատ լավ մարդկանց ենք հանդիպել, մեզ համար ամեն ինչ արել են, դժգոհելու առիթ չունենք, շատ լավ հանգստացել ենք, ու հաստատ երկար կհիշենք այս օրերը»,- ասում է Անահիտը։

Մանրամասները՝ տեսանյությում:




Լրահոս