Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2016թ. հունիս ամսվա և առաջին կիսամյակի գնահատման ու վերլուծության արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2016թ. հունիս ամսվա և առաջին կիսամյակի գնահատման ու վերլուծության արդյունքները:

Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների հունիս ամսվա ամփոփ ցուցանիշները` քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը կիսել են Դավթաշեն և Շենգավիթ վարչական շրջանները, երկրորդ հորիզոնականը կիսել են Ավան և Էրեբունի վարչական շրջանները, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Նոր Նորք վարչական շրջանը: Հունիսի ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով վերջին՝ տասներորդ, իններորդ և ութերորդ տեղերն էլ, համապատասխանաբար, զբաղեցրել են Կենտրոն, Աջափնյակ և Արաբկիր վարչական շրջանները:
Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում անցած վեց ամիսների ընթացքում կատարված աշխատանքների ամփոփ տվյալների համաձայն էլ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականն զբաղեցրել է Շենգավիթ, երկրորդը՝ Դավթաշեն, իսկ երրորդ տեղը՝ Ավան վարչական շրջանը: 2016թ. առաջին կիսամյակի ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով վերջին՝ տասներկուերորդ, տասնմեկերորդ և տասներորդ տեղերն էլ, համապատասխանաբար, զբաղեցրել են Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն և Աջափնյակ վարչական շրջանները:

Իր գոհունակությունը հայտնելով բարձր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների աշխատակազմերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ հետևողական, սրտացավ ու թիմային աշխատանքի արդյունքը միշտ էլ հաջողված ու արդյունավետ է լինում:
«Մենք պետք է հասնենք այնպիսի արդյունքների, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններն իրենց կատարած աշխատանքով կարողանան աղյուսակային ընդհանուր սանդղակում միայն առաջին երեք հորիզոնականները զբաղեցնել: Եվ, իսկապես, ուրախալի է, որ վարչական շրջանների միջև արդեն կա առողջ մրցակցություն, ինչի վառ ապացույցը առաջին երկու հորիզոնականները կիսած վարչական շրջաններն են: Այն պահանջներն ու սկզբունքները, որոնք դրվում են մեր աշխատակարգում, բխում են հենց մեր համաքաղաքացիների շահերից: Ուստի, մեր առջև դրված խնդիրներին պետք է այնպիսի լուծումներ տանք, որ վերջնարդյունքում մեր բնակիչները գոհ մնան կատարած աշխատանքից: Քաղաքային իշխանությունների համար առաջնայինը բնակիչների գնահատականն է, որն, անշուշտ, ամենաարդարացին է», – ընդգծել է քաղաքապետը:

Անդրադառնալով որոշ վարչական շրջաններում անընդհատ կրկնվող ցածր ցուցանիշներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անընդունելի է համարել դա և հանձնարարել է Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջանների սեփական եկամուտների հավաքագրումը համակարգողներին և բաժնի պետերին հայտարարել նկատողություն:

«Իմ կողմից հստակ պահանջ էր դրվել վարչական շրջանների ղեկավարների առջև՝ գործառույթների գնահատման այս աշխատակարգի հարցում լինել հետևողական: Ի վերջո, սա մեզ հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ամիս ըստ ոլորտների տեսնել ու գնահատել ձեր կողմից կատարած աշխատանքների արդյունավետությունը: Բազմիցս եմ նշել, որ պետք է հետևություններ արվեն ու հստակ քայլեր ձեռնարկվեն բոլոր այն պատասխանատուների նկատմամբ, ում թերի աշխատանքի պատճառով այս կամ այն վարչական շրջանը պարբերաբար հայտնվում է ցածր հորիզոնականներում: Ու առաջին հերթին, առնվազն, հենց ձեզ համար պետք է անընդունելի լինի որոշ մարդկանց թերի աշխատանքի պատճառով գրեթե միշտ վերջինը լինելը: Արդեն վաղուց ժամանակն է, որ լուրջ հետևություններ անեք ու փորձեք շտկել կրկնվող այդ իրավիճակը», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Խորհրդակցության շրջանակում ներկայացվել են նաև քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների ու բաժինների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ՓԲԸ-ների գործառույթների 2016թ. հունիս ամսվա և առաջին կիսամյակի գնահատման արդյունքները: Անդրադառնալով ցուցանիշներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է այս առումով ևս մշտական հսկողության տակ պահել աշխատանքների արդյունավետ կազմակերպման ու քաղաքային ծրագրերի հանդեպ հետևողականության ապահովումը:




Լրահոս