Չպետք է առիթ տաք հրճվելու չարակամ մրցակիցներին. պահանջ 1in.am-ին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ինչ-որ բան ստեղծելը դարձել է գրեթե անհնարին թվացող զբաղմունք՝ սկսած տնտեսական բաղադրիչից, վերջացրած բարոյահոգեբանականով: Իսկ ստեղծածը պահելը օրեցօր դժվարացող մի գործընթաց է, որը պատվով տանելու համար տիտանական ջանքեր, էներգիա, համբերություն ու համառություն են պահանջվում: Այս իմաստով ցանկացած լրատվամիջոցի ղեկավարի համար թերեւս ընկալելի է 1-ին լրատվականի խմբագիր Արման Բաբաջանյանի հոգեվիճակը, երբ անգամ իր անձնակազմի համար անակնկալ կերպով հայտարարեց, որ դադարեցնում է օրաթերթի եւ կայքի գործունեությունը:

Երբ դու խոսում ես երկրում առկա կոռումպացված համակարգի մասին՝ փաստերով, սակայն արձագանք չկա, երբ դու կռիվ ես տալիս կատարողի, ենթարկվողի ու նախաձեռնողականության 0 պատրաստակամություն ունեցող իշխանիկների դեմ, թշնամանում են: Երբ ամբիոն ես տալիս ամենատարբեր դիրքորոշում ունեցողներին, օգնում ես պայքարի ուժն իր մեջ կորցրած ժողովրդին վերագտնել, վերաիմաստավորել իրեն, բնական է՝ հընթացս տրորում ես այնպիսիների կոշտուկները, որոնք ջանք չեն խնայում կյանքդ դժոխքի վերածելու համար՝ սկսած գործնականից, վերջացրած անձնական դաշտով:

Գլուխդ կախ քո գործն ես անում, բացահայտում ես պաշտոնյաների մութ անցյալն ու գործունեությունը, հայտնվում են թափթփուկներ, որոնք սողալով հասնում են տարաբնույթ չինովնիկների ընդունարաններ, հերթ կանգնում, գրոշներ մուրում՝ քո դեմ արշավ սկսելու, սրտահովանք ապահովելու եւ հոգեբանորեն քեզ ճնշելու անհաջող փորձ անելու համար: Նորմալ է, չպետք է նկատել կեղծերին:

Իհարկե, անհրաժեշտ է խոստովանել, որ այսօր Հայաստանում ազնվության պակաս կա գրեթե բոլոր ոլորտներում, եւ մեր՝ լրագրության դաշտում եւս շատ չինովնիկների ու գործարարների շնորհիվ կամաց-կամաց ներխուժում է աղբը, տականքը, անինքնասերը, կամակատարը ու իր եղկելի տեսակով փորձում է ստորադասվել քեզ՝ փչացնելով լրատվական մթնոլորտը՝ ոչ պրոֆեսիոնալներով ուռճացնելով դաշտը:

Եւ իսկապես, բնական է՝ պահեր են լինում վհատվում ես, մտածում ես՝ ինչո՞ւ, ո՞ւմ համար եմ կյանքս, առողջությունս վտանգում, եթե ամեն ինչ մեր երկրում շոու է, իսկ քո գործունեությունը ոչ մի իմաստով ձեռնտու չէ շատ շատերին: Լրատվական դաշտը, ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում էլ է բիզնես դիտարկվում, բայց այն ուղիղ համեմատական է մեր տնտեսական վիճակին, որտեղ զարգացում, եկամտի աճ պարզապես չկա: Եւ ինչքան վատանում է տնտեսական վիճակը, այնքան գովազդային շուկայի հաշվին գոյատեւող լրատվական դաշտը մխրճվում է պարտքերի անդունդը: Սա էլ է նորմալ, դիմանալ է պետք:

Ուստի հասկանալով հանդերձ բոլոր ցավերը՝ որպես լրատվամիջոց, «Ժողովուրդ» օրաթերթը կոչ է անում, հորդորում ու խնդրում է 1in.am-ին՝ վերադառնալ: Չպետք է առիթ տաք հրճվելու չարակամ մրցակիցներին, իրավունք չունեք քանդելու ու փոշիացնելու ստեղծած ռեսուրսը: Ինչ դժվարություն էլ լինի, պատրաստ ենք գործընկերաբար սատարել, միայն թե միասին պահպանենք օբյեկտիվ ու օպերատիվ լրատվությունը մեր երկրում:

«Ժողովուրդ» օրաթերթի անձնակազմ»:




Լրահոս