ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է օրենքով գող Զախարի Կալաշովին, ով հայտնի է «Շաքրո Մոլոդոյ» մականունով, փոխանցում է ռուսական «Ռոսբալտ» տեղեկատվական գործակալությունը:
Նա կասկածվում է Elements ռեստորանի սեփականատեր Ժաննա Քիմից գումար շորթելու մեջ:
Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ Կալաշովը ձերբակալվել է հուլիսի 11-ին ՌԴ ԱԴԾ-ի կողմից: Նրան ձեռնաշղթաներով տեղափոխել են Մոսկվայի ՆԳՆ քննչական գլխավոր վարչություն, որտեղ նա հարցաքննվել է:
Նշվում է, որ ավելի վաղ նա խուսափել է քննիչների հարցաքննությունից:
Գործակալությունը նշում է, որ Շաքրո Մոլոդոյը հայտնի է ռուսական քրեական աշխարհում: 2006թ. նրան ձերբակալել էին ԱՄԷ-ում և արտահանձնել Իսպանիային, որտեղ նրա հանդեպ մեղադրանք էր առաջադրվել՝ փողերի լվացման և հանցավոր խմբավորում կազմակերպելու մեջ: Ազատ է արձակվել 2014թ. հոկտեմբերին, որից հետո վերադարձել է Մոսկվա, որտեղ դարձել է հանցավոր աշխարհի «բոսերի բոսը»: Այդ տեղը թափուր էր այն բանից հետո, երբ 2013թ. հունվարին սպանվեց օրենքով գող Ասլան Ուսոյանը (Դեդ Հասան):